
67 views
ԵՊԲՀ ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի օրդինատոր Կառլեն Սարգսյանն այսօր էլ առաջնագծում է: Ապրիլյան պատերազմին պատվով իր առաքելությունը կատարած բժիշկը կորոնավիրուսային համավարակի առաջին օրվանից բժշկի իր մասնագիտական առաքելությունն է իրականացնում «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում: Լուռ, համառ, անմնացորդ իր աշխատանքը կատարող բժշկի մասին խոսելիս, նրա մարդ և մասնագետ տեսակի մասին բժիշկ ընկերները, բուժքույրերը խոսում են անսահման ակնածանքով, հարգանքով և սիրով: Կառլեն Սարգսյանի խոսքով` բժշկի մասնագիտությունն ընտրել է ծնողների խորհուրդով, ինչի համար շնորհակալ է նրանց: Արմատներով արցախցի բժիշկը 2016 թվականին սահմանին կանգնած, հայրենիքը պաշտպանող բազմաթիվ զինվորների կյանքեր է փրկել: Դա դարձել է կենսակերպ: Այսօր նորից պատերազմ է, որի դեմ պայքարում բժիշկը թե՛ զինվոր է, թե՛ զինվորական: Իսկ զինվորական համազգեստը, որով «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում հաճախ կարելի է տեսնել Կառլեն Սարգսյանին, խոսում է այն մասին, որ բժիշկը հոգով զինվորական է, մասնագիտությամբ` կռվող բժիշկ: Այս օրերին իր և առաջնագծում մարդկանց կյանքերի հետ պայքարող բուժանձնակազմի հանդիպած դժվարություններին անդրադառնալով` Կառլեն Սարգսյանն անկեղծանում է .«Ամենադժվարն անշնորհակալ մարդկանց հետ շփվելն է, իսկ ավելի դժվար` հիվանդության անկախատեսելի ելքերը»: Տեսնելով «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արտակարգ իրավիճակի պայմաններում աշխատող բժիշկներին, բուժքույրերին, մայրապետերին, կամավորական աշխատանք կատարող ԵՊԲՀ բարձր կուրսերի ապագա բժիշկներին` ևս մեկ անգամ համոզվում ենք` Հայաստանն ունի պատրաստված, պայքարող ու հաղթող բժշկական հանրություն: Նրանք արժանի են բարձր գնահատանքի: Խրախուսանքի և շնորհակալության ոչ մի խոսք չի կարող արտահայտել այն երախտագիտությունը, որը զգում է հիվանդության ճիրաններում հայտնված յուրաքանչյուր հիվանդ: Հայտնվելով հիվանդանոցում հասկանում ես, որ միակ բանը, որ կարող ես անել բժշկի համար` նրան խնայելն ու պաշտպանելն է, քանի որ այն, ինչ նրանք են անում, չի կարող անել ոչ ոք: Աշխարհը պատուհասած վարակը ևս մեկ անգամ ապացուցեց, որ բժշկի մասնագիտությունն ամենածանրն է, անձնուրացը: Ինչպես զինվորականն է մոռանում իր անձն ու ընտանիքը պատերազմի ժամանակ, այնպես էլ այս պահին բժիշկների և բուժանձնակազմի ուսերին է ծանրացել հասարակությանն առողջացնելու, մարդկանց բուժելու, նրանց կյանք վերադարձնելու պատասխանատու գործը: Բուժաշխատողների ուսերին ծանրացած համավարակը կարելի է հաղթահարել համատեղ պայքարի արդյունքում: Õ€Õ¥Õ²Õ«Õ¶Õ¡Õ¯` Õ"Õ¡Ö€Õ£Õ¡Ö€Õ«Õ¿Õ¡ Õ"ÕÕ«Õ©Õ¡Ö€ÕµÕ¡Õ¶ Նյութը` ysmu.am