
49 views
Առողջ ծերություն ունենալու համար հարկավոր են նաև համապատասխան մասնագետներ: Ամբողջ աշխարհում արդեն վաղուց տարածված է գերիատրիան՝ ծերաբուժությունը, որը զբաղվում է տարիքային հիվանդությունների ուսումնասիրմամբ, պրոֆիլակտիկայով և բուժմամբ։ Հայաստանում, որի բնակչության մոտ 13 տոկոսը տարեցներն են, բժշկության այս ուղղության մասին նոր են սկսում խոսել: Դեկտեմբերի 21-ին «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա» ՀԿ -ի նախաձեռնությամբ տեղի ունեցած աշխատանքային քննարկումը ուղղված էր հենց գերիատրիայի ինստիտուտի ստեղծմանը: Ասոցիացիայի նախագահ Արթուր Թորոսյան ի խոսքով՝ տարեցների կյանքի որակը բարձրացնելու, նրանց ավելի որակյալ բժշկական օգնություն ցուցաբերելու համար գերիատրիայի ներդրումը պարտադիր քայլ է: «Հայաստանում գերիատրիայի զարգացման համար անհրաժեշտ է մի շարք միջոցներ ձեռնարկել, առաջին հերթին համապատասխան մասնագետներ պատրաստել, քանի որ այսօրվա դրությամբ այդպիսիք հանրապետությունում պարզապես չկան։ Ապագա գերիատրների վերապատրաստումը հարկավոր է կազմակերպել արտերկրում, նաև Հայաստան հրավիրել արտերկրի մասնագետներին, որոնք թրեյնինգներ կիրականացնեն տեղացի բժիշկների համար»,-համոզված է նա: Բժիշկ-գերիատրների կարիք կա ոչ միայն ծերանոցներում, այլ նաև պոլիկլինիկաներում՝ որպես առողջության ապահովման առաջնային օղակ։ Նրանք զբաղվելու են 65 և ավելի տարեկան անձանց բուժմամբ, անհրաժեշտության դեպքում նաև վերահսկելու են նեղ մասնագետների բուժումները։ Չի բացառվում, որ հետագայում նեղ մասնագիտացմամբ ծերաբույժներ էլ հայտնվեն, որոնք կբուժեն ոչ թե ծերությունը, այլ կապահովեն առողջ և երջանիկ ծերություն: Նյութի աղբյուրը՝ aroxjblog.am