
125 views
Մխիթար Հերացի (մոտ 1120 , Հեր ( Խոյ ) - 1200 ), 12-րդ դարում ապրած հայ մեծանուն գիտնական, բժիշկ, բնագետ և փիլիսոփա, հայկական դասական բժշկության հիմնադիրը, արժեքավոր Ջերմանց Մխիթարություն աշխատության հեղինակը։ Պատանեկան տարիքում Մխիթարը հաստատվել է Կիլիկյան Հայաստանում, որտեղ ստացել է մասնագիտական հիմնարար կրթություն: Այնուհետև Սիսում և Հռոմկլայում կաթողիկոսներ Ներսես Շնորհալու, ապա Գրիգոր Դ Տղայի հովանավորությամբ ծավալել է բժշկի ու գիտնականի իր գործունեությունը: XII դարի 60-ական թվականներին Մխիթար Հերացին արդեն մեծ հռչակ է վայելել, շրջել է երկրից երկիր, ուսումնասիրել բժշկության հայր Հիպոկրատի, արևելքի մեծանուն բժշկապետ Ավիցեննայի աշխատությունները, ճանաչել տարատեսակ բույսերի բուժիչ հատկությունները, դրանք փորձարկել տարբեր հիվանդությունների ժամանակ: XII դարի 80-ական թվականներին Մխիթար Հերացին ձեռնամուխ է եղել «Ջերմանց մխիթարություն» (հրատարակվել է 1832 թ-ին) գրքի շարադրմանը: Նա գիրքն այդպես է անվանել, որպեսզի այն մխիթարի բժշկին՝ ուսմամբ, իսկ հիվանդին՝ առողջությամբ: Աշխատության մեջ նա անդրադարձել է Դաշտային Կիլիկիայի ճահճոտ վայրերում լայնորեն տարածված տենդային հիվանդությունների դասակարգման, պատճառագիտության, ախտածնության, մահճաբուժության, կանխարգելման և բուժման հարցերին: Հերացին տենդային հիվանդությունները բաժանել է 3 խմբի՝ «միօրյա», «բորբոսային» և «հալևմաշ անող»: Հետաքրքիր է նրա տեսությունը հատկապես «բորբոսային» տենդի մասին, ըստ որի` այդ տենդը վարակիչ է, իսկ նրա պատճառը մարդու արյան և մյուս հեղուկների մեջ գոյացող «բորբոսն» է, որը, կուտակվելով որևէ օրգանում, առաջ է բերում այս կամ այն հիվանդությունը: Ժամանակակից պատկերացումներով` դա վարակական շարժընթացի դիպուկ նկարագրություն է, ինչը Հերացին տվել է մանրէների հայտնագործումից շատ առաջ: «Բորբոսային» տենդերի խմբում Մխիթար Հերացին նկարագրել է դողէրոցքը, տիֆային և արյունավարակական հիվանդությունները, ժանտախտը, բնական ծաղիկը, կարմրուկը, տիֆը: Իսկ տենդային հիվանդությունների Մխիթար Հերացու դասակարգումը հենվում էր ոչ միայն ախտաբանական ու պատճառագիտական սկզբունքների, այլև կլինիկական ուսումնասիրության, հիվանդի մանրակրկիտ հետազոտման վրա: Հերացին մշակել է բուժման համալիր մի համակարգ, որը հիմնված էր դեղաբուժության (հատկապես՝ բուսաբուժության), սննդաբուժության և ֆիզիկական եղանակների վրա: Նա լուրջ ուշադրություն է դարձրել նաև հոգեբուժման (պսիխոթերապիա) եղանակներին, ներշնչմանը՝ այդ նպատակով օգտագործելով նաև երաժշտությունը: Բժշկապետի «Ջերմանց մխիթարությունը» երկար դարեր լավագույն ձեռնարկ-դասագիրքն է եղել հայ բժիշկների և բժշկություն սովորողների համար: Հերացին մեծ աշխատանք է կատարել նաև հայ բժշկական տերմինների ստեղծման ուղղությամբ, որոնց մի մասը ցայսօր գործածվում է: 1908-ին «Ջերմանց մխիթարությունը» գերմաներեն է թարգմանել Էռնեստ Զայդելը: Այնուհետև երկը թարգմանվել է մի շարք այլ լեզուներով և հայտնի դարձել եվրոպական գիտությանը: Մխիթար Հերացու անունով կոչվել են փողոցներ Երևանում ու Վանաձորում, ինչպես նաև Երևանի պետական բժշկական համալսարանը: ՀՀ-ում սահմանվել է Մխիթար Հերացու մեդալ: Ô²ÕªÕ·Õ¯Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨ Ô¿Õ«Õ¬Õ«Õ¯ÕµÕ¡Õ¶ Õ€Õ¡ÕµÕ¡Õ½Õ¿Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´ Հայ պատմիչների վկայությամբ՝ Կիլիկիայում Ռուբինյանների օրոք (1080-1219) բացվել են հիվանդանոցներ, բորոտանոցներ և ապաստարաններ, հատկապես մեծ ներդրում ունեն Լևոն Բ թագավորը (1198- 1219), նրա դուստրը՝ Ձապել թագուհին (1222-1252), և Լևոն Գ թագավորը (1269-1289)։ Հայտնի բժշկապետների գլխավորությամբ ստեղծվել են բժշկանոցներ։ Գրիգորիսի «Քննութիւն բնութեան մարդոյ եւ նորին ցատց» երկը ( Մատենադարան , ձեռագիր № 415) վկայում է 13-րդ դարում Կիլիկյան Հայաստանում ախտաբանության և մահճաբուժության զարգացման որոշակի մակարդակի մասին։ Գիրքը գրված է միջին հայերենով , որտեղ շարունակվում են Մխիթար Հերացու ավանդույթները՝ հատկապես տենդային և ներքին օրգանների հիվանդությունների վերաբերյալ։ Ջերմերի պատճառագիտության հարցում նույնպես Գրիգորիսը եղել է Հերացու հետևորդը։ Նա ուսումնասիրել է նաև տենդային հիվանդությունների հպավարակայնության հարցը հատկապես թոքախտի և բորոտության ժամանակ։ Միջնադարյան հայ բժշկության մեջ Գրիգորիսը եղել է ախտաբանական անատոմիայի նախակարապետը։ «Քննութիւն բնութեան մարդոյ եւ նորին ցատց» գրքում ներքին օրգանների հիվանդությունների նկարագրությունները վկայում են, որ նա որոշ դեպքերում օգտվել է դիահերձումների տվյալներից, օրինակ՝ թոքախտի կլինիկական պատկերը նկարագրելիս նա հիշատակել է թոքերում առաջացած «խուլերի», «խոցերի» և «քարերի» մասին (ներկայումս հայտնի տուբերկուլոզային թմբիկները, ինֆիլտրատները, կավեռնաները և կրակալման օջախները)։ Ուշագրավ են նաև թոքաբորբի, թարախակույտի, թոքերի էխինոկոկի վերաբերյալ Գրիգորիսի ախտաբանաանատոմիական տվյալները։ Տաթևի բարձրագույն դպրոցի հետ են կապված խոշորագույն մտածողներ Հովհան Որոտնեցու (1315- 1386) և Գրիգոր Տաթևացու (1346-1409) գործունեությունները. նրանց երկերում արծարծվում են նաև բժշկագիտության հարցեր։ Գրիգոր Տաթևացու «Գիրք հարցմանց» ծավալուն աշխատության (1389, հրատարակվել է 1729 թվականին) մեջ մարդակազմությանը, կենսաբանությանը, հոգեբանությանը և սաղմնաբանությանը վերաբերող հարցերը շարադրված են Պլատոնի , Արիստոտելի , Գրիգոր Նյուսացու և Նեմեսիոս Եմեսացու ոգով։