
53 views
Նախաքրիստոնեական ժամանակներում նուռն իր խորհրդանշական իմաստով եղել է Հայոց դիցարանի հետ կապված խորհրդանիշ է պահպանվել հայկական մշակույթում և արվեստում: Նռնենին իր կարմիր պտուղներով հայ մշակույթում հանդես է եկել որպես կենաց ծառ և խորհրդանշել հայ ժողովրդի հոգևոր աշխարհը և միասնությունը: Վաղ միջնադարից սկսած նուռը, այլ բուսական մոտիվների հետ միասին, տեղ է գտել հայկական եկեղեցական ճարտարապետության, գորգագործության, կիրառական արվեստների բոլոր ճյուղերի, մանրանկարչության և խաչքարագործության մեջ: Միջնադարյան մեր հանճարեղ ծաղկողներն ու վարդապետները կարողացել են ստեղծել Հայոց եկեղեցու աստվածաբանական մտքի նռան մեկնությունը: Նռնենին տեղ է գտել Սուրբ Ավետարանների խորանների մեկնություններում, որոնք հեղինակել են Ստեփանոս Սյունեցին, սուրբ Ներսես Շնորհալին, սուրբ Գրիգոր Տաթևացին, Գրիգոր Խլաթեցին (Ծերենց), Պողոս Րաբունապետը, Թորոս Ռոսլինը, ինչպես նաև ԺԱ-ԺԷ դարերի անանուն հեղինակները: Դարեր շարունակ նուռը հայկական ժողովրդական բժշկության մեջ կիրառվել է որպես տարատեսակ հիվանդությունների դեմ սպեղանի: Գուցե նաև սա է պատճառը, որ Հայոց եկեղեցու հայրերը այս «թագակիր» պտղի մեջ տեսան Քրիստոս Աստծո կերպարը, Ով Իր զոհաբերությամբ և հրաշափառ Հարությամբ փրկագործեց մարդկությանը: Հոգևոր վերածննդի խորհրդանիշ նուռն այսօր տեղ է գտել եկեղեցական գեղեցիկ արարողակարգում: Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ հաստատվել է մի բարեպաշտական ավանդույթ՝ նռան օրհնություն: Նուռն իր հոգևոր խորհրդաբանությամբ նաև ներկայացնում է մարդու երկրավոր ու երկնային կյանքը. դառը կեղևն իր վեցաթերթ թագապսակով խորհրդանշում է երկրավոր կյանքը, որը պետք է պսակված լինի աստվածային երեք շնորհների` հավատքի, հույսի, սիրո թագով, որոնք համապատասխանաբար առնչվում են Ամենասուրբ Երրորդության երեք Անձերին` Հորը (հավատք), Որդուն (հույս) և Սուրբ Հոգուն (սեր): Իսկ նռան կարմրագույն պտուղը խորհրդանշում է առաքինական գործերով (հատիկներ) զարդարված անձի հաղթանակը` աստվածացումը (կարմիր գույն) և Երկնի արքայության անճառելի քաղցրությունը: Այդ աստվածային շնորհների ներգործությամբ է, որ մարդը հաղթահարում է երկրավոր կյանքի դառնությունը` փորձություններն ու նեղությունները և հաջողությամբ պսակում հավատքի բարի պատերազմը` մուտք գործելով Երկնքի արքայություն. «Պատերազմեցի բարի պատերազմը, ավարտեցի ընթացքս, պահեցի հավատքը: Ուստի ինձ է սպասում արդարության պսակը, որը, որպես հատուցում, ինձ պիտի տա Տերը` արդար Դատավորը, այն օրը, և ոչ միայն ինձ, այլ նաև բոլոր նրանց, որ սիրեցին նրա հայտնությունը» (Բ Տիմոթեոս Դ 7-8): Հոգևոր կյանքում նուռը հանդիսանում է ներկա և գալիք կյանքի խորհրդանիշ, ուստի հենց Ամանորի շեմին նռան օրհնությունը չափազանց ուշագրավ է և հոգեշահ. «Որպես իմաստուն ճարտարապետ, հիմքը դրեցի ըստ Աստծո շնորհի, որ տրված է ինձ, բայց ուրիշն է, որ շինում է. սակայն յուրաքանչյուր ոք թող զգույշ լինի, թե ինչպես է շինում, որովհետևւ այլ հիմք ոչ ոք չի կարող դնել, քան այն դրված հիմքը, որ է Հիսուս Քրիստոս» (Ա Կորնթացիներ Գ 10-11) : ... Ես վերցնում եմ երկու նուռ և շտապում եկեղեցի. մեկը՝ անցած տարվա յուրաքանչյուր օրվա համար, մյուսը՝ գալիք օրերի: Աստծո տանը հաշիվ եմ տալիս ինքս ինձ, թե ինչ հասցրեցի անել անցնող տարում մեր երկրի, Հայոց եկեղեցու համար և դեռ ինչ ծրագրեր պետք է իրագործեմ հաջորդ տարում: Ծրագրերը շատ են, մեր առջև ծառացած հոգևոր մարտահրավերները՝ բազմաթիվ: Այդ պահին միայն մի բան եմ խնդրում Բարձրյալից, որ Նա զորավիգ լինի բոլորիս՝ ամուր պահելու առաքելահաստատ մեր եկեղեցու հիմքերը և մեր պետության նավը հասցնելու գալիք դարերին՝ կառուցելով մեր պապերի երազած հզոր Հայրենիքը: Գոհաբանական մաղթանքից հետո կատարվում է նռան օրհնության կարգը: Նռնօրհնեքով ավարտվում է հին տարին և սկսվում է նորը: Ծեսից հետո քահանան օրհնում է ներկաներին, շնորհավորում Ամանորը և օրհնված պտուղը բաժանում հավատավոր ժողովրդին: Եվ իմ մտքում վերարթնանում է Մեսրոպ Թաղիադյանի խոսքերով և Կոմիտասի երաժշտությամբ ստեղծված չքնաղ ստեղծագործության բառերը, որոնք դարձել են ազգահավաքի երազանքի աղոթք ու մաղթանք. «Տեր, կեցո դու զհայս և արա զնոցա պայծառս, Կեցո դու զհայս կեցո դու զհայս՝ Զողորմություն վերին հաճեա ձոնել նոցին, Զի նովիմբ մարդասցեն ապրել հաստիս՝ Õ€Õ¡Õ½Õ¿Õ«Õ½, Õ°Õ¡Õ½Õ¿Õ«Õ½, Õ°Õ¡Õ½Õ¿Õ«Õ½, Զի նովիմբ մարդասցեն ապրել հաստիս՝ Ով տեր մեր, տեր՝ փութա Զազգ մեր համայն փրկեա ի թշնամեաց, Կափո զաչս նոցուն Õ€Õ¡Õ¿ Õ¦Õ¡Õ´Õ¡Õ¿Õ¸Ö'ÕµÕ¶ Õ¦Õ¢Õ¸Ö'Õ¶ և զազգ մեր պարտասուն արա հզոր...»: Պատրաստեց Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆԸ Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» ամսաթերթ