
103 views
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում , ինչպե՞ս կանխարգելել, ի՞նչ պարբերականմությամբ արյան մեջ չափել շաքարի մակարդակը եւ հիվանդությանը վերաբերող նման այլ հարցերի շուրջ զրուցեցինք «Արաբկիր» ԲՀ էնդոկրին ծառայության ղեկավար Իրինա Մարությանի հետ: – Ի՞նչ է շաքարային դիաբետը: – Շաքարային դիաբետը հիվանդություն է, որը պայմանավորված է արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակով: Գոյություն ունեն շաքարային դիաբետի մի քանի տեսակներ, բայց ամենատարածվածներն են առաջին տիպի ինսուլինակախյալ եւ երկրորդ տիպի՝ ինսուլինաանկախ դիաբետները: Վերջինս հանդիպում է մեծահասակների մոտ: Երեխաները հիմնականում հիվանդանում են առաջին տիպի շաքարային դիաբետով, որով հիվանդացության տարիքային շեմը 35-40-ն է: Երկրորդ տիպի դիաբետը երեխաների մոտ հանդիպում է հազվադեպ: – Ո՞րն է շաքարային դիաբետի առաջացման պատճառը եւ ինչո՞ւ է սպառնում նաեւ երեխաներին: – Երեխաների մոտ առաջին տիպի դիաբետն աուտոիմուն խնդիր է՝ օրգանիզմն արտադրում է հակամարմիններ ենթաստամոքսային գեղձի հանդեպ: Առաջին տիպի դիաբետի առաջացման ենթադրյալ պատճառներից են վարակները՝ կոքսակի, էխո կարմրուկ, կարմրախտ, ջրծաղիկ, որոնք համարվում են դիաբետոգեն: Կովի կաթի մեջ պարունակող սպիտակուցը նույնպես կարող է դիաբետի առաջացման պատճառ լինել: – Կարո՞ղ է դիաբետի պատճառ լինել քաղցրավենիքի չարաշահումը: – Նման պատճառ գոյություն չունի: Իհարկե՛, չի կարելի քաղցրը չարաշահել, բայց ենթադրել, որ այն ուտելիս կարող է առաջանալ դիաբետ, սխալ է: – Դիաբետը փոխանցվո՞ւմ է ժառանգաբար: – Ժառանգական գործոնը որոշակի դեր ունի, սակայն այս գործոնը նպաստավոր է երկրորդ տիպի դիաբետի առաջացման գործընթացում: – Մանկական տարիքում ովքե՞ր են ռիսկի խմբում: – Հիվանդության զարգացում հնարավոր է տարիքային ցանկացած խմբում: Թիրախային է սեռահասանուցման շրջանը, քանի որ ակտիվանում են բոլոր հորմոնները, և հորմոնալ տատանումների արդյունքում առաջացող հորմոնալ դիսբալանսը կարող է հիվանդության զարգացման համար նպաստավոր լինել: – Ի՞ նչ ախտանշաններով է արտահայտվում դիաբետը: – Առաջին եւ երկորդ տիպի շաքարային դիաբետերի ժամանակ ախտանշանները գրեթե նույն կերպ են դրսեւորվում: Առաջին տիպի դիաբետը, որն առավել ակնհայտ է դրսեւորվում երեխաների մոտ հետեւյալն է. հաճախամիզություն, բերանում չորության զգացում, ծարավի զգացում, ընհանուր թուլություն, հոգնածություն, քաշի նվազում,մաշկի եւ սեռական օրգանների շրջանում քորի զգացում, բերանից` ացետոնի հոտ եւ այլն: Երկորդ տիպի դեպքում հիվանդությունը երբեմն ընթանում է թաքնված՝ առանց ախտանշանների: – Ի՞նչ առանձնահատկություններով է ընթանում դիաբետը մանկական տարբեր տարիքային խմբերում: – Որեւէ առանձնահատկություն չկա, բոլոր տարիքային խմբերում հիվանդությունը դրսեւորվում է միանման: – Ի՞նչ բարդություններ կարող են լինել դիաբետով հիվանդ երեխայի մոտ: – Գոյություն ունեն սուր եւ քրոնիկ բարդություններ: Վերջինս երկար ընթացող բարդություններն են, որի ընթացքում տեղի է ունենում օրգանների ախտահարում, օրինակ, ռետինոպաթիա (աչքի ցանցաթաղանթի ախտարահում), նեֆրոպաթիա (երիկամների ախտահարում), նեյրոպաթիա, անգիոպաթիա եւ այլն: Սուր բարդություններից են կոմաները` հիպերգլիկեմիկ և հիպոգլիկեմիկ, որոնց պատճառը արյան մեջ շաքարի բարձր կամ ցածր լինելն է: – Դիաբետով հիվանդն ինչպե՞ս է զգում, որ արյան մեջ շաքարը բարձր է: – Հիվանդը նկատում է ծարավի, բերանի չորության զգացումը, հաճախամիզությունը, նվազում է երեխաների ակտիվությունը, տրամադրության անկումը, նվազում է քաշը եւ այլն: Նման գանգատների դեպքում պարտադիր պետք է ստուգել արյան մեջ շաքարի մակարդակը: – Հիվանդության զարգացման ի՞նչ էտապներ գոյություն ունեն: – Քանի որ երեխաների պարագայում խնդիրն աուտոիմուն է եւ հիվանդության առաջացման ենթադրյալ պատճառներից են վարակները, ապա որպես զարգացման առաջին էտապ է որեւէ վարակային հիվանդությունը: Հաջորդ էտապը սկսվում է մոտավորապես 6 շաբաթ անց, երբ սկսվում է ենթաստամոքսային գեղձի բետտա-բջիջների կողմից ինսուլինի արտադրության նվազում: Այս էտապները շաքարային դիաբետի առաջացման սկզբնական գործոններն են: – Ինչպե՞ս են իրականացվում դիաբետի ախտորոշման հետազոտությունները: – Անհրաժեշտ է ստուգել արյան մեջ շաքարի մակարդակը, իսկ գլյուկոզան եւ ացետոնը` մեզի մեջ: Շաքարային դիաբետի ախտորոշման համար ստացիոնար պայմաններում կատարվում է հետազոտություն եւ որոշվում գլիկոզացված հեմոգլոբինի քանակն արյան մեջ: Այս հետազոտությամբ ստանում ենք երեք ամսվա ընթացքում զարգացող շաքարախտի միջին կոմպեսացիոն պատկերը: Եթե բարձր ցուցանիշ է գրանցվում, ուրեմն հիվանդությունն ավելի վաղ շրջանում է առաջացել: – Հիվանդության ախտորոշումից հետո արյան մեջ շաքարի մակարդակը ի՞նչ պարբերականությամբ պետք է չափել: – Եթե ախտորոշված է շաքարային դիաբետ, անհրաժեշտ է օրը 4-6 անգամ ստուգել շաքարի մակարդակն արյան մեջ: – Հնարավո՞ր է երեխաների մոտ հիվանդությունն ինքնուրույն անցնի: – Նման բան գոյություն չուն ի: – Ինչո՞վ է սպառնում դիաբետը, եթե չվերահսկվի: Ի՞նչ հետևանքներ կարող են լինել: – Երեխան կարող է հայտնվել կոմայի մեջ, որը կյանքին վտանգ սպառնացող վիճակ է: – Ինչպիսի՞ բուժում է նշանակվում: – Միայն ինսուլինի ներարկում: – Ինչո՞ւ է ներարկվում ինսուլին: – Քանի որ հիվանդության ժամանակ ենթաստամոքսային գեղձն ինսուլին չի արտադրում, անհրաժեշտ է ինսուլինի ներարկում: – Ինչպե՞ս լուծել դիաբետով հիվանդ դպրոցականների խնդիրները: – Հայաստանում ընդունված չէ ծնողների կողմից երեխայի առողջական խնդրի մասին ուսուցիչներին ու դասընկերներին տեղեկացնելը: Երեխաները ստիպված գաղտնի չափում են շաքարի մակարդակն արյան մեջ եւ կատարում ներարկում: Սա խնդրահարույց հարց է, որի մասին հարկ է բարձրաձայնել և փոխել վերաբերմունքը: – Ի՞նչ է դիաբետի ռեմիսիան: – Ինսուլինն արտադրվում է ենթաստամոքսային գեղձի բետտա-բջիջների կողմից: Բջիջների 10% առկայությունը շաքարային դիաբետի սկիզբ է համարվում: Ժամանակին տեղեկանալով դրա մասին եւ կատարելով ինսուլինաթերապիա, շատ երեխաների մոտ երկար ժամանակ ինսուլին ներարկելու անհրաժեշտություն չի առաջանում: Ստացվում է այնպես, որ նշյալ բետտա-բջիջիների մնացյալ 10%-ն աշխատում է 100% արդյունավետությամբ: Անհատական է, թե որ երեխայի մոտ այդ էտապը որքան կտեւի: Այս փուլն ընդունված է կոչել շաքարային դիաբետի մեղրամիս, ինչը նշանակում է, որ շաքարային դիաբետը երեխայի մոտ չի անցնում: – Ի՞նչ սննդակարգ է նշանակվում դիաբետով հիվանդին: – Դիաբետով հիվանդներին հատուկ սննդակարգ չի նշանակվում, ուղղակի պետք է սահմանափակել ածխաջրերով և ճարպերով հարուստ սննդակարգը: – Եթե դիաբետը վերահսկվի, որքա՞ն երկար կարող է հիվանդն ապրել: – Որքան վաղ տարիքում է հայտնվում շաքարային դիաբետը, այնքան կրճատվում է մարդու կյանքի տարիները: Բայց ժամանակակից կյանքում ինսուլինի որակի շնորհիվ կյանքի տեւողությունը երկարել է: Ընդհանրապես, մարդիկ մահանում են ոչ թե շաքարային դիաբետից, այլ հիվանդության հետեւանքով ախտահարված օրգանների խնդիրներից: – Կարո՞ղ է դիաբետով երեխան սպորտով զբաղվել: – Այս հիվանդութան դեպքում ֆիզիկական ակտիվությունը շատ օգտակար է, քանի որ նպաստում է օրգանիզմում ինսուլինի ավելի լավ յուրացմանը եւ արյան մեջ շաքարի մակարդակի նվազմանը: – Հնարավո՞ր է խուսափել դիաբետից: Ինչպե՞ս կանխարգելել: – Առաջին տիպի դիաբետը դժվար է կանխարգելել: Երկրորդ տիպի դիաբետը համեմատաբար հեշտ է կանխարգելել, պարզապես անհրաժեշտ է ապահովել քաշի նվազում, հրաժարվել ծխելու վատ սովորությունից, ապրել ակտիվ եւ առողջ կյանքով, չվարել նստակյաց կյանք եւ այլն: Նյութի աղբյուրը՝ arabkirjmc.am