
61 views
Եվրամիության խորհուրդը միասնական կարգ է սահմանել Շենգենյան գոտու բազմակի այցելության վիզայի (մուլտիվիզայի) տրամադրման համար, հաղորդում է «Կոմերսանտը»: Նոր կանոններ Նոր կանոնների համաձայն՝ հայտատուները կկարողանան երկու տարվա համար նախատեսված մուլտիվիզա ստանալ, եթե նախորդ երկու տարվա ընթացքում առանց խախտումների օգտվել են նմանատիպ տարեկան փաստաթղթից: Նման դեպքում երկամյա վիզա ունեցող անձիք, որի ժամկետն արդեն լրացել է, կարող են դիմել հինգ տարվա վիզայի համար: Նոր կարգն ուժի մեջ կմտնի 2019 թվականի դեկտեմբերին: «Լավ պատմություն» ԵՄ վիզայի օրենսգրքի փոփոխությունները հաստատվել են եվրոպական երկրների արդարադատության եւ ներքին գործերի նախարարների մակարդակով հանդիպման ընթացքում: Այդ նորարարություններին 2019 թվականի ապրիլին սատարել էր Եվրախորհրդարանը՝ ցանկանալով պարզեցնել «լավ պատմություն ունեցող զբոսաշրջիկների համար» այցագրային փաստաթղթերի ստացման գործընթացը: Հայտատուները կկարողանան ստանալ տարեկան մուլտիվիզա, եթե նախորդ երկու տարվա ընթացքում ստացել եւ օգտագործել են կարճաժամկետ երեք վիզա՝ առանց խախտումների: «Լավ պատմություն»-ը նշանակում է, որ նախկինում հայտատուն չի խախտել այցի նպատակներն ու ժամկետները: 350 մլն մարդու տվյալներ Այդ տեղեկատվությունը ստուգելու համար Եվրախորհրդարանը 2019 թվականի ապրիլին հայտարարել էր Common Identity Repository (CIR) համակարգի ստեղծման մասին, որը ներառում է 350 մլն մարդու անձնագրային եւ կենսաչափական տվյալներ (այդ թվում՝ VIS հյուպատոսական համակարգից): Նոր կանոնների համաձայն՝ հայտատուները կկարողանան վիզայի համար դիմում ներկայացնել ճանապարհորդությունից վեց ամիս առաջ (ներկայում՝ երեք ամիս), այդ թվում՝ էլեկտրոնային եղանակով: Եվրախորհրդի կողմից հաստատվելուց հետո կանոնները կհրապարակվեն եւ ուժի մեջ կմտնեն դրանից կես տարի անց: Այսօր Շենգեն գոտին ներառում է 22 ԵՄ երկիր, ինչպես նաեւ Իսլանդիան, Նորվեգիան, Շվեյցարիան եւ Լիխտենշտեյնը: Շենգեն վիզայով հնարավոր չէ այցելել Մեծ Բրիտանիա եւ Իռլանդիա: Բուլղարիան, Կիպրոսը, Ռումինիան եւ Խորվաթիան դեռ չեն միացել Շենգեն գոտուն. նրանց անդամակցության հայտերը դեռ չեն հաստատվել: Նախկինում Շենգեն մուլտիվիզայի տրամադրման միասնական կարգ գոյություն չուներ, թեեւ վիզայի լավ պատմություն ունենալն արտոնություն էր տալիս ճանապարհորդներին: mediamax.am