
14 views
Ձմեռը պետք է լինի ջերմ ու առողջարար Ձմեռը այն ժամանակաշրջանն է, երբ մեր օրգանիզմն առավել խոցելի է։ Ցուրտը, արևի պակասը, սեզոնային վարակները և իմունային համակարգի վրա ավելացած ծանրաբեռնվածությունը ստիպում են մեզ ավելի մեծ ուշադրություն դարձնել առողջությանը։ Կլինիկական ախտորոշիչ լաբորատորիայի ղեկավար, Արյունաբանական կետի պատասխանատու, Կլինիկական լաբորատոր ախտորոշման ամբիոնի ասիստենտ Գայանե Պետրոսյանն անդրադարձել է որոշ հետազոտությունների, որոնք կօգնեն վերահսկել ձեր առողջությունը ձմռան ընթացքում Արյան ընդհանուր կլինիկական հետազոտություն: Սա ձեր առողջության հիմնական ցուցիչն է։ Այն ցույց կտա բորբոքումների, անեմիայի կամ այլ թաքնված խնդիրների առկայությունը։ Առանձնահատուկ կարևոր է, եթե դուք զգում եք թուլություն, մշտական հոգնածություն կամ հաճախակի մրսում եք։ Վիտամիններ և միկրոէլեմենտներ: Ձմռանը օրգանիզմին հաճախ պակասում են վիտամին D-ն, երկաթը, ցինկը և մագնեզիումը։ Դրանց պակասը կարող է դրսևորվել թուլության, մազերի փխրունության, մաշկի չորության և իմունային համակարգի անկման տեսքով։ Այս ցուցանիշների վերլուծությունը կօգնի պարզել, թե ինչ վիտամիններ պետք է ավելացնել սննդակարգում կամ ընտրել ճիշտ հավելումներ։ Վահանաձև գեղձի հորմոններ: Ձմռան ցածր ջերմաստիճանը և սթրեսը կարող են ազդել հորմոնալ ֆոնի վրա։ Վերլուծությունները՝ ԹԹՀ (ТSH), T3 և T4 հորմոնների մակարդակի որոշման համար, հատկապես կարևոր են, եթե առկա են այսպիսի ախտանիշներ՝ մաշկի չորություն, տրամադրության կտրուկ փոփոխություններ կամ քրոնիկական հոգնածություն։ Արյան գլյուկոզ: Ձմռանը շատերը սիրում են քաղցր ուտել, ինչը կարող է ազդել շաքարի մակարդակի վրա։ Գլյուկոզի վերահսկումը կարևոր է շաքարախտի կանխարգելման և ընդհանուր առողջությունը պահպանելու համար։ Էքսպրես-թեստեր: Վիրուսային վարակների և այլ ինֆեկցիաների ժամանակ մեծ պահանջարկ ունեն COVID-19-ի, գրիպի և ստրեպտոկոկի էքսպրես-թեստերը։ Այս թեստերը թույլ են տալիս ժամանակին հայտնաբերել հիվանդությունը և նշանակել համապատասխան բուժում։ Ցանկացած հետազոտության անհրաժեշտությունը և արդյունքները պետք է քննարկել Ձեզ բուժող բժշկի հետ: