
65 views
Ամառային տապը եւ ջրազրկումը, որը կարող է առաջանալ շոգի հետեւանքով, չափազանց վտանգավոր են սիրտ-անոթային համակարգի առողջության համար: Առողջապահության նախարարության գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը մի քանի խորհուրդներ ներկայացրեց, թե ինչ է պետք անել, որ սիրտն ու անոթները ամառվա շոգին առողջ մնան: • Առողջ մարդկանց խորհուրդ է տրվում ամեն օր բավարար քանակով ջուր խմել (2-2,5 լիտր), ինչը կօգնի լրացնել հեղուկի ու հանքանյութերի կորուստը եւ կանխել արյան խտացումը: Սակայն սրտային անբավարարությամբ, սրտի իշեմիկ հիվանդությամբ եւ հիպերտոնիայով տառապող մարդկանց խորհուրդ է տրվում բուժող բժշկի հետ խորհրդակցել, թե իրենց որքան ջուր է կարելի խմել: • Ամռանը ցանկալի է որքան հնարավոր է շատ ուտել վիտամիններ եւ հանքանյութեր պարունակող մթերքներ, մասնավորապես` բանջարեղեն եւ մրգեր: • Ամռանը ցանկալի է որքան հնարավոր է քիչ ուտել «ծանր» տապակած սնունդ: • Ցերեկային ժամերին աշխատեք արեւի տակ չլինել` ջերմային եւ արեգակնային հարվածներից խուսափելու համար: • Եթե, այնուամենայնիվ, անհրաժեշտ է փողոց դուրս գալ, ցանկալի է գլխարկ դնել: • Ցանկալի է, որ շոգին հագուստը բնական գործվածքից լինի` բաց գույներով: • Եթե սրտի որեւէ հիվանդություն ունեք, պարտադիր խորհրդակցեք ձեզ բուժող բժշկի հետ` կապված դեղերի չափաքանակի հետ, որոնք ընդունում եք: Քանի որ ամռանը զարկերակային ճնշումը սովորաբար իջնում է, բավականին հաճախ հիպերտոնիայի դեմ դեղերի չափաքանակը կրճատում են` ճնշման չափից ավելի իջնելուց խուսափելու համար: • Ամռանը ցանկալի է աղի օգտագործումը պակասեցնել, քանի որ այն օրգանիզմում հեղուկը զսպում է, իսկ դրա ավելցուկը կարող է անցանկալի այտուցներ առաջացնել: • Ցերեկային ժամերին ցանկալի է ֆիզիկական ծանրաբեռնվածության քանակը նվազագույնի հասցնել. կարելի է սպորտով զբաղվել երեկոյան, երբ ավելի զով կլինի: Ֆիզիկական ծանրաբեռնվածություններն անցանկալի են նաեւ առավոտյան, քանի որ սիրտը դրանց դեռեւս պատրաստ չէ, դրանից բացի, ըստ վիճակագրության, հատկապես առավոտյան է տեղի ունենում սրտի եւ գլխուղեղի կաթվածների մեծ մասը: NEWS.am Medicine