
344 views
![]()
Ջերմություն, հազ, կոկորդի ցավ, քթահոսություն, ընդհանուր թուլություն․ սրանք սուր շնչառական վարակներին բնորոշ ամենատարածված ախտանշաններից են։
Փակ տարածքներում հաճախակի և երկարատև շփումները, ոչ բավարար օդափոխությունը և շնչառական վարակների սեզոնային ակտիվությունը նպաստում են վարակների տարածմանը։ Կարևոր է իմանալ՝ ինչպես վարվել հիվանդության առաջին իսկ նշանների դեպքում՝ պաշտպանելով և՛ սեփական, և՛ շրջապատի մարդկանց առողջությունը։
Հիվանդության ախտանշանների դեպքում մնացե՛ք տանը և սահմանափակե՛ք շփումները՝ նվազեցնելով վարակի տարածման հավանականությունը։
Օգտագործե՛ք բավարար քանակությամբ հեղուկներ։ Բավարար հանգիստն ու հեղուկների ընդունումը նպաստում են օրգանիզմի վերականգնմանը։
Պաշտպանե՛ք շրջապատի մարդկանց։ Անհրաժեշտ շփումների դեպքում կրե՛ք դիմակ, պահպանե՛ք ձեռքերի հիգիենան, պարբերաբար օդափոխե՛ք փակ տարածքները և հնարավորության դեպքում պահպանե՛ք սոցիալական հեռավորություն։
Ախտանշանների դեպքում դիմե՛ք բժշկի և մի՛ զբաղվե՛ք ինքնաբուժմամբ:
Հիշե՛ք՝ հակաբիոտիկները չեն ազդում վիրուսների վրա։ Առանց բժշկի նշանակման հակաբիոտիկների կիրառումը կարող է վնասել առողջությունը և նպաստել հակամանրէային կայունության զարգացմանը։
Մի՛ մոռացեք կանխարգելման մասին
Ավելի հաճախ օդափոխե՛ք փակ տարածքները, օրինակ՝ բացելով պատուհանները, որպեսզի օդը շրջանառվի և դրա որակը բարելավվի։
Խուսափե՛ք մարդաշատ փակ տարածքներից։
Հազալիս կամ փռշտալիս քիթն ու բերանը ծածկե՛ք անձեռոցիկով և օգտագործելուց հետո այն նետե՛ք աղբամանի մեջ։
Պարբերաբար մաքրե՛ք ձեռքերը։
Պարբերաբար մաքրե՛ք այն մակերեսները, որոնց հաճախ եք դիպչում։
Գրիպի դեմ ամենամյա պատվաստումը գրիպի և դրա ծանր բարդությունների կանխարգելման արդյունավետ միջոցներից է, հատկապես՝ ռիսկի խմբերում ընդգրկված անձանց համար։
Ճիշտ վարքագիծը ոչ միայն օգնում է պահպանել առողջությունը, այլև նվազեցնում է վարակի տարածման վտանգը։