
75 views
Ափիոնատիպ նյութերի կամ օփիոիդային թմրամիջոցների խումբը (դասը) ներառում է քնաբեր կակաչից (Papaver somniferum) ստացվող թմրաբեր ալկալոիդները դրանց կիսաարհեստական ածանցյալները և արհեստական եղանակով ստացվող օփիոիդները: 📈 Համաձայն պաշտոնական վիճակագրության, ափիոնատիպ նյութերի անօրինական գործածումն իր տարածվածությամբ Հայաստանում երկրորդ տեղում է՝ զիջելով միայն կաննաբինոիդների խմբի թմրամիջոցների գործածման տարածվածությանը: 🔴 Ափիոնատիպ նյութերից կախվածությունը զարգանում է բավականին կարճ ժամանակում (հաճախ մեկ-երկու անգամ գործածման արդյունքում) և արագորեն հանգեցնում առողջական ծանրագույն հետևանքների։ 🔴 Ափիոնատիպ նյութերից կախվածությանը բնորոշ են ափիոնատիպ նյութերի նկատմամբ առաջացող արտահայտված հիվանդագին հակումը, թմրամիջոցի հերթական չափաբաժինն ընդունելու անհաղթահարելի պահանջը, ծանր զրկանքի համախտանիշը՝ արտահայտված մկանացավերով, քնի խանգարումով և սոմատովեգետատիվ այլ ծանր ախտանշաններով: 🔴 Ափիոնատիպ նյութերի մշտական գործածումը զրկում է անձին իր հիմնական զբաղմունքներից, հետաքրքրություններից և պարտականություններից, ինչը հասարակությունից, ապա նաև ընտանիքից աստիճանական օտարացման, միջանձնային, աշխատանքային և ներընտանեկան կապերի խզման պատճառ է դառնում: 🔴 Պարտադրված լինելով վերահաս զրկանքից խուսափելու համար յուրաքանչյուր օր ապօրինի ճանապարհով հայթայթել թմրամիջոցի հերթական չափաբաժինը՝ ափիոնատիպ նյութերից կախվածություն ունեցող անձինք կատարում են իրավախախտումներ։ 🔴 Ափիոնատիպ նյութերը գործածվում են գերազանցապես ներարկային եղանակով, ինչն առավել վտանգավոր է դարձնում այս խմբի թմրամիջոցները՝ պայմանավորված արյան միջոցով փոխանցվող վարակիչ հիվանդությունների, այդ թվում՝ ՄԻԱՎ-ի և վիրուսային հեպատիտների տարածման մեծ հավանականությամբ։ 🔴 Ափիոնատիպ նյութերից հաճախակի է առաջանում սուր ինտոքսիկացիա («գերդոզավորում»)՝ մահվան ելքով։ ‼ Ափիոնատիպ նյութերի ապօրինի գործածմամբ պայմանավորված տնտեսական վնասներն ու առաջացող խնդիրների լուծման ծախսատարությունը բավականին մեծ են ինչպես թմրամիջոցներ գործածող անձանց և նրանց ընտանիքների, այնպես էլ հասարակության և պետության համար: 🩺 ՀՀ ԱՆ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում» իրականացվում է ափիոնատիպ նյութերից կախվածության բուժում երկու եղանակով. 1️⃣ դետոքսիֆիկացիոն բուժում ամբուլատոր և ստացիոնար պայմաններում, 2️⃣ օփիոիդային ընկալիչների ագոնիստներով փոխարինող բուժում ամբուլատոր պայմաններում։ ☑️ Դեղորայքային բուժմանը զուգահեռ պացիենտներին տրամադրվում է նաև ինտենսիվ սոցիալ-հոգեբանական աջակցություն։ ❗❗ Սիրելի՛ հայրենակիցներ, զերծ մնացեք թմրամիջոցներից. դրանք խիստ վտանգավոր են ձեր առողջության և կյանքի համար։ ____________ 📞 Խորհրդատվությունների համար կարող եք այցելել կենտրոն կամ զանգահարել 012-27-27-27 հեռախոսահամարով։