Sunday, April 28, 2024
NewsTravel news

Ինչպե՞ս և ինչո՞ւ են արևային փոթորիկները սպառնում գնացքների երթևեկությանը

Արևային փոթորիկները վտանգավոր են ոչ միայն կապի համակարգերի և արբանյակների համար, այլև կարող են վտանգ ներկայացնել գնացքների երթևեկությանը՝ մեծացնելով վթարների վտանգը։ Այս եզրակացությանն են հանգել Լանկաստերի համալսարանի գիտնականները, որոնք իրենց հետազոտությունը հրապարակել են Space Weather գիտական ​​ամսագրում։

Արեգակնային հզոր արտանետումները կարող են մագնիսական փոթորիկներ առաջացնել՝ խոչընդոտելով երկաթուղային գծերի էլեկտրոնային ազդանշանային կայանների աշխատանքը: Դրանք կարող ենք նույնիսկ երկաթուղային ցուցանակները փոխել «Կանգ ա՛ռ» նշանից «Երթևեկությունը թույլատրվում է» նշանի և հակառակը:

Թեև ազդանշանը կանաչից կարմիրի փոխելը, օրինակ, կարող է հանգեցնել միայն նրան, որ շարժվող գնացք կանգ կառնի, սակայն հակառակ պարագայում այն կարող է լուրջ վթարների հանգեցնել:

Գիտնականները նշում են, որ երկաթուղային համակարգերի և այլ ենթակառուցվածքների համար ռիսկերը կարող են առավել բարձր լինել արևի ակտիվության 11-ամյա ցիկլի գագաթնակետին:

Ուսումնասիրության շրջանակում մոդելավորվել են Մեծ Բրիտանիայի երկու երկաթուղիներ՝ Արևմտյան ափի գլխավոր գծի Պրեստոն-Լանկաստեր հատվածը և Գլազգո-Էդինբուրգ գիծը: Պարզվել է, որ նույնիսկ արևային թույլ փոթորիկները կարող են սխալներ առաջացնել գնացքների կառավարման էլեկտրոնային համակարգերում, և նման իրավիճակներ կարող են տեղի ունենալ առնվազն մի քանի տասնամյակը մեկ անգամ:

Նշենք, որ, ըստ ԱՄՆ Օվկիանոսների և մթնոլորտի ազգային վարչության (NOAA)՝ ընթացիկ 11-ամյա ցիկլում այսպես կոչված «արևային առավելագույնը» սպասվում է 2024-ի հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում: Հետաքրքիր է, որ գիտնականները նախկինում կարծում էին, որ գագաթնակետին պետք է սպասել միայն 2025-ին, բայց թվում է, որ դա տեղի կունենա ավելի վաղ:

Ենթադրվում է, որ արեգակնային ակտիվության գագաթնակետի ժամանակին կանխատեսումը մեծ նշանակություն ունի նախազգուշական միջոցներ մշակելու և էլեկտրոնային համակարգերը հնարավոր խափանումներից պաշտպանելու համար:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook