Երիկամի և միզածորանի քարերի ախտորոշման,կանխարգելման և բուժման ժամանակակից մոտեցումները
Միզաքարային հիվանդությունը ըստ ուրոլոգիական հիվանդությունների տարածվածության` գրավում է 3-րդ տեղը:
Միզաքարային հիվանդություների առաջացման պատճառների ախտորոշման, կանխարգելման և բուժման մոտեցումների մասին aroxjblog.am-ի հետ զրուցում ներկայացրել է <<Շենգավիթ>> բժշկական կենտրոնի ուրոլոգ-վիրաբույժ, անդրոլոգ Դավիթ Աշոտի Սարգսյանը:
Միզաքարային հիվանդության առաջացման պատճառները մինչ այժմ պարզված չեն:
Հարցեր են առաջանում
- ինչու մանր քարերը ինքնուրույն դուրս չեն գալիս,
- ինչու մի դեպքում առաջանում է մեկ մեծ քար, իսկ մյուս դեպքում` բազմաթիվ մանր քարեր:
Քարերը կլինիկորեն հիմնականում արտահայտվում են՝
- ցավերով, որոնց բնույթը պայմանավորված է քարի տեղակայմամբ: Ցավը լինում է նոպայաձև (երիկամային խիթ) կամ մշտական: Ցավի ուժգնությունը և տեղակայումը պայմանավորված է քարի չափսերով, դրա տեղակայմամբ, խցանման աստիճանով,
- Արյունամիզությունով,
- Սրտխառնոցով,
- Փսխումով,
- Ջերմության բարձրացումով (ոչ բոլոր դեպքերում)
Վերջին տասնամյակում կատարելագործվել է միզաքարային հիվանդության ախտորոշման և բուժման մոտեցումները:
Որովայնի ռենտգեն հետազոտությունը և ՈՒՁՀ (սոնոգրաֆիա)-ն, կարող են տալ բավականին մեծ ինֆորմացիա՝ քարերի չափսերի, դրանց տեղակայման, խցանման աստիճանի մասին: Այս երկու հետազոտություններից հետո կարելի է որոշել հետագա բուժման տակտիկան: Սրանք հանդիսանում են բավականին մատչելի ախտորոշման մեթոդներ: Երբեմն անհարաժեշտ է լինում կատարել համակարգչային շերտագրում (CT), որը միզաքարային հիվանդության ախտորոշման լավագույն մեթոդն է:
Կախված քարի չափսից, ձևից և տեղակայումից միզաքարերի մեծ մասը կարող է դուրս գալ ինքնուրույն․
- 4-5 մմ տրամագծով միզաքարերը ինքնուրույն թափվում են 40-50% դեպքերում,
- 6մմ-ից մեծ քարերը` մինչև 5% դեպքերում,
- Եթե քարը ինքնուրույն դուրս չի գալիս և պահպանողական բուժումը արդյունք չի տալիս, ցուցված են հեռահար քարափշրում կամ վիրահատական միջամտություններ:
Բուժման մեթոդներն են․
—Հեռահար քարափշրում (ոչ վիրահատական մեթոդ)
Միզածորանների, և երիկամների քարերի դեպքում անց է կացվում հեռահար քարափշրում: Հեռահար քարափշրումը արդյունավետ է մինչև 2.0-2.5սմ քարերի դեպքում: Ֆրագմենտների ինքնուրույն դուրս գալը տեղի է ունենում հեռահար քարափշրումից հետո` 1-10 օրվա ընթացքում: Քարափշրումը տևում է մոտ 20 րոպե, հիվանդը քարափշրումից հետո գնում է տուն:
Վիրաբուժական (էնդոսկոպիկ)
-ՈՒՌՍ – կոնտակտային քարափշրում (լազերային) հատկապես արդյունավետ է միզածորանի բարդացած քարի դեպքում: ՈՒՌՍ-ի արդյունավետությունը 66-100% է և պայմանավորված է քարերի քանակով, չափսերով և տեղակայմամբ: Այն կատարվում է բնական անցքով՝ միզուկով, միզապարկի միջով մտնելով միզածորան, առանց կտրվածքների:
-Պերկուտան (միջմաշկային) քարափշրում լավագույն մեթոդն է` երիկամների և միզածորանների վերին երրորդականի 2.5 սմ-ից մեծ քարերի դեպքերում: Միջմաշկային քարափշրումը կատարվում է գոտկային շրջանում երիկամ ներթափանցելով: Մաշկից մինչև երիկամ ձևավորվում է խողովակ, որի միջով անցնում է վիրաբուժական գործիքը:
Առավելությունն այն է, որ նույնիսկ շատ մեծ երիկամային քարերը կարող են կոտրվել և միաժամանակ հեռացվել վիրահատական մեկ գործողության ընթացքում՝ հիվանդին ազատելով բավականին մեծ քարերից:
Կանխարգելումը
Առանց կանխարգելման 5 տարվա ընթացքում միզաքարեր կրկին հայտնաբերվում են մոտ 50 տոկոս հիվանդների շրջանում: Հիվանդներին խորհրդատվությունը և հիվանդության կանխարգելումը անհրաժեշտ է սկսել քարի ինքնուրույն, քարափշրումից կամ վիրաբուժական եղանակով հեռացումից անմիջապես հետո: Հնարավորինս վաղ պետք է հայտնաբերել և կանխել միզաքարերի առաջացման վտանգի գործոնները: Անկախ մեզի, արյան կենսաքիմիական և քարերի քիմիական հետազոտման արդյունքներից, խորհուրդ է տրվում ավելացնել օգտագործվող հեղուկների քանակը օրական մինչև 2 լիտր և հետևել հատուկ մշակված սննդակարգին:
Խորհրդատվության համար դիմեք՝
<<Շենգավիթ>> բժշկական կենտրոն
Ուրոլոգ-վիրաբույժ- անդրոլոգ Դավիթ Աշոտի Սարգսյան
Հեռ՝ +374 95 900 985