
36 դիտում
Հողագործական աշխատանքներ իրականացնելիս խիստ կարևոր է պահպանել թունաքիմիկատների օգտագործման անվտանգության կանոնները` խուսափելու թունավորումներից։
Նախորդ տարի արձանագրված դեպքերի համաճարակաբանական վերլուծությունը վկայում է, որ թունաքիմիկատներից թունավորման դեպքերի պատճառ են հանդիսացել քիմիական նյութերի և թունաքիմիկատների ոչ պատշաճ պահպանումը, բնակչի կամ ծնողի անուշադրությունը կամ անփութությունը, անհատական պաշտպանության միջոցներ չկիրառելը և այլն:
Թունավորումներից խուսափելու նպատակով ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հորդորում է.
քիմիական նյութերը և թունաքիմիկատները պահել բարձր տեղում` սկզբնական փաթեթավորմամբ, հատուկ տարածքում, փակվող տուփերում, երեխաների համար անհասանելի վայրում,
թույլ չտալ երեխային խաղալ քիմիական նյութերի և թունաքիմիկատների փաթեթներով,
կարդալ քիմիական նյութերի և թունաքիմիկատների հրահանգները և տեղյակ լինել դրանց վտանգի մասին,
միշտ, հատկապես` փակ տարածքներում, օգտագործել ամբողջական պաշտպանիչ հանդերձանք՝ դիմակ, ձեռնոց, ակնոց և հատուկ հագուստ,
աշխատանքի ընթացքում չհանել պաշտպանիչ հանդերձանքը, նույնիսկ կարճ ժամանակով,
աշխատանքից հետո պարտադիր լվանալ ձեռքերը և դեմքը,
պաշտպանիչ հանդերձանքը պահել առանձին և լվանալ մյուս հագուստներից առանձին: