
130 դիտում
Հակաբիոտիկների անհարկի և ոչ ճիշտ օգտագործումը նպաստում է դրանց նկատմամբ կայուն բակտերիաների տարածմանը։ Արդյունքում որոշ վարակների բուժումը դառնում է ավելի բարդ, իսկ արդյունավետ դեղերի ընտրությունը՝ սահմանափակվում։
Հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը նշանակում է, որ բակտերիաները կարողանում են գոյատևել և բազմանալ նույնիսկ դրանց դեմ կիրառվող հակաբիոտիկի առկայությամբ։ Սա հակամանրէային կայունության դրսևորումներից է։
Պացիենտը նույնպես կարող է նպաստել հակաբիոտիկների արդյունավետության պահպանմանը՝ հետևելով մի քանի կանոնի․
Հակաբիոտիկ ընդունել միայն բժշկի նշանակմամբ։
Պահպանել նշանակված դեղաչափը, ընդունման հաճախականությունն ու բուժման տևողությունը։
Ինքնուրույն չդադարեցնել, չերկարացնել կամ չփոխել բուժումը։
Չօգտագործել նախորդ բուժումից մնացած կամ ուրիշին նշանակված հակաբիոտիկներ և սեփական դեղը չփոխանցել ուրիշներին։
Հիշե՛ք՝ հակաբիոտիկները չեն ազդում վիրուսների վրա։ Գրիպի կամ մրսածության դեպքում դրանց անհարկի ընդունումը չի արագացնում ապաքինումը, ավելին՝ կարող է առաջացնել կողմնակի ազդեցություններ։
Հակաբիոտիկի անհրաժեշտությունը, ընտրությունն ու բուժման տևողությունը որոշում է բժիշկը։ Եթե ընդունման ընթացքում առաջացել են կողմնակի ազդեցություններ կամ բուժման վերաբերյալ հարցեր, կապվե՛ք ձեր բժշկի հետ։