
140 դիտում
Գաստրոսկոպիան (վերին աղեստամոքսային էնդոսկոպիան, EGD) երեխաների մոտ կարևոր ախտորոշիչ մեթոդ է, որը թույլ է տալիս անմիջականորեն գնահատել կերակրափողի, ստամոքսի և տասներկումատնյա աղու լորձաթաղանթը, հայտնաբերել բորբոքումները, էրոզիաները, խոցերը, արյունահոսության աղբյուրը, ստրիկտուրաները և այլ կառուցվածքային փոփոխություններ, անհրաժեշտության դեպքում վերցնել բիոպսիա:
Բժիշկ--էնդոսկոպիստ, ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 1 ամբիոնի դասախոս Լիլիթ Ալեքսանյանը նշում է՝ շատ ծնողների համար գաստրոսկոպիա բառը կարող է անհանգստություն առաջացնել։ Սակայն մանկական գաստրոէնտերոլոգիայում այն իրականացվում է հստակ ցուցումներով և, սովորաբար, կարճատև անզգայացման պայմաններում։
Անհրաժեշտ է պարզել երեխայի գանգատների պատճառը կամ հաստատել/բացառել որոշակի հիվանդություն։
Հիմնական ցուցումներից են՝
երկարատև կամ կրկնվող վերորովայնային ցավեր,
կուլ տալու դժվարություն (դիսֆագիա) կամ սննդի «կանգնելու» զգացում,
ցավոտ կուլ տալ (օդինոֆագիա),
երկարատև սրտխառնոց և/կամ կրկնվող փսխումներ,
վերին աղեստամոքսային տրակտից արյունահոսության կասկած՝ արյունային փսխում, մելենա,
երկաթդեֆիցիտային անեմիա,
բորբոքային կամ այլ օրգանական հիվանդության կասկածի դեպքում,
ցելիակիայի կամ այլ հիվանդությունների դեպքում՝ հյուսվածաբանական գնահատման անհրաժեշտություն,
կերակրափողի ստրիկտուրայի, օտար մարմնի կամ այլ մեխանիկական խոչընդոտի կասկած,
էոզինոֆիլային էզոֆագիտի կասկած
արդեն ախտորոշված հիվանդության ընթացքի գնահատման որոշակի դեպքեր։
Ժամանակակից մանկական էնդոսկոպիան հնարավորություն է տալիս ոչ միայն տեսնել, այլև անհրաժեշտության դեպքում՝
կատարել թիրախային բիոպսիաներ,
հայտնաբերել և որոշ դեպքերում հեռացնել օտար մարմիններ,
իրականացնել արյունահոսության էնդոսկոպիկ հեմոստազ,
կատարել որոշ այլ բուժական միջամտություններ։
Այսպիսով, որոշ իրավիճակներում գաստրոսկոպիան միաժամանակ կարող է լինել և՛ ախտորոշիչ, և՛ բուժական միջամտություն։ Ճիշտ ընտրված ցուցումների դեպքում գաստրոսկոպիան կարևոր և բարձրարժեք գործիք է մանկական գաստրոէնտերոլոգիայում, որը թույլ է տալիս անցնել «գանգատից» դեպի հստակ ախտորոշում և հիմնավորված բուժում։