Friday, January 9, 2026
Հոգեբանի անկյունՆորություններ

Հետտոնական դեպրեսիա կամ հետտոնական ապատիա. ինչպես հաղթահարել այն

Տոնական տրամադրությունից, առատ սեղաններից և ազատ օրերից հետո աշխատանքի վերադարձը հաճախ ուղեկցվում է հոգնածությամբ, ուժերի սպառմամբ, տրամադրության անկումով, առօրյային հարմարվելու դժվարությամբ։

Մասնագետներն այս վիճակը բնութագրում են որպես «հետտոնական դեպրեսիա» կամ «հետտոնական ապատիա»՝ ընդգծելով, որ այն կարող է ազդել թե՛ մարդու հոգեբանական ինքնազգացողության, թե՛ աշխատունակության վրա։

ԵՊԲՀ հոգեբուժության ամբիոնի վարիչ Կարինե Թաթարյանի փոխանցմամբ՝ այս հետտոնական հոգեվիճակն այնքան էլ ճիշտ չէ «դեպրեսիա» անվանել, նման հասկացություն չկա։  Կա «դեպրեսիա» ախտորոշում, որը տոնի հետ կապ չունի: Տարածված արտահայտությունը զուտ տրամադրության անկումն է բնորոշում, որը հոգեկանի բնական արձագանքն է՝ բարձր հուզական լարվածությունից հետո։

Ինչպե՞ս է արտահայտվում․

  • թուլություն, անտարբերություն
  • տխրություն կամ դատարկության զգացում
  • գրգռվածություն, զգայունություն
  • հետաքրքրության և մոտիվացիայի նվազում
  • ուշադրության և կենտրոնացման դժվարություններ:

Ինչու՞ է առաջանում տրամադրության անկում։

Ռեժիմի խանգարում: Տոնական օրերին կյանքը դառնում է ավելի հագեցած․ փոխվում է առօրյա ռիթմը, ավելանում են շփումները, խախտվում են քնի և սննդի սովորական սահմանները՝ գիշերները շատ ուշ ենք քնում, առավոտյան շատ ուշ արթնանում, սնվում ենք անկանոն, ինչու ոչ` նաև ալկոհոլ չարաշահում, ինչը օրգանիզմը հյուծում է։

Հետագայում, երբ այդ ամենը կտրուկ ավարտվում է, հոգեկան համակարգը հայտնվում է հարմարվողական անցումային փուլում։

Տոնական ծախսեր և սթրես:  Տոների ընթացքում ֆինանսական ծախսերի աճը՝ նվերների, հյուրասիրության և «պատշաճ նշելու» պարտադրանքը, ճանապարհորդությունը, կարող են զգալիորեն գերազանցել մարդու իրական հնարավորությունները։ Համեմատություն ուրիշների հետ, «ինչպես պետք է նշել», «ինչ պիտի ունենանք», «ինչ պիտի ցույց տանք»։ Այդ «պետք է»-ների զգացումը, կարող է գերազանցել իրական հնարավորությունները, և տոների ժամանակ հանգեցնել սթրեսի։

Ոչ իրատեսական, չհիմնավորված ակնկալիքներ: Տոներից ակնկալվող «կատարյալ» երջանկության սպասումների և իրականության անհամապատասխանությունը հաճախ դառնում է հուզական հիասթափության հիմնական աղբյուր։

Տոները ներկայացվում են որպես պարտադիր ուրախության, համերաշխության և լիարժեք երջանկության ժամանակաշրջան։ Մեդիան, սոցիալական ցանցերը և մշակութային նարմատիվները ձևավորում են իդեալական պատկերներ՝ ժպտացող ընտանիք, ջերմ հարաբերություններ, հուզական առատություն, զգացմունքների հարստություն և այլն։ Սա միանգամայն վատ չէ։ Սակայն, երբ իրականում մարդը տոնին գալիս է իր փաստացի, բնական հոգեվիճակով, չլուծված հարաբերություններով, կորստի փորձով կամ հոգնածությամբ, առաջանում է ներքին հակասություն։

Այս հակասության արդյունքում կարող են ձևավորվել՝

  • մեղքի և թերարժեքության զգացում («ինչու ես ուրախ չեմ, երբ բոլորը ուրախ են»),
  • տխրություն, ներքին դատարկություն և հիասթափություն,
  • սոցիալական մեկուսացում կամ ձևական շփումներ,
  • ինքնագնահատականի ժամանակավոր անկում:

Հոգեբանական տեսանկյունից խնդիրը ոչ թե իրական հույզերն են, այլ զգացմունքների նկատմամբ պարտադրանքը։ Երջանկությունը դառնում է պահանջ, ոչ թե բնական զգացողություն։

Այս իրավիճակում կարևոր է վերանայել տոնի իմաստը՝ ընդունելով, որ այն չի լուծում կուտակված դժվարությունները, առկա հոգեբանական խնդիրները։ Սպասումների իրատեսական լինելը, ֆինանսական և հուզական սահմանների ճանաչումը, ինչպես նաև սեփական իրական զգացումների ընդունումը կարող են նվազեցնել հետտոնական հիասթափությունը։ Տոնը կարող է լինել ոչ թե երջանկության գագաթնակետ, այլ պարզապես կյանքի մի փուլ, որտեղ թույլատրվում է լինել իրական, ոչ կատարյալ։

Տրամադրության անկում ցանկացած տոնակատարությունից հետո ցանկացած մարդու մոտ կարող է առաջանալ։ Այն կապված է նաև մարդկանց անհատական դիրքորոշումների ու կյանքի հանդեպ ունեցած պատկերացումների հետ։

Հետտոնական դեպրեսիան դեպրեսիվ խանգարում չէ։ Շատ ավելի խորը այս հոգեվիճակները կարող են արտահայտվել այն մարդկանց մոտ, ովքեր արդեն իսկ հակում ունեն դեպրեսիայի։   Եթե ախտանիշները պահպանվում են 2–3 շաբաթից ավելի, խորանում են կամ խանգարում են առօրյա կյանքին, անհրաժեշտ է մասնագիտական գնահատում։

Ինչը կարող է օգնել

  • առօրյա ռիթմի աստիճանական վերականգնում,
  • քնի և սննդի նկատմամբ գրագետ վերաբերմունք, կենսակերպի վերականգնում,
  • փոքր, իրատեսական նպատակների սահմանում,
  • ֆիզիկական ակտիվություն և բնական լույս,
  • սեփական անձի նկատմամբ հոգատար վերաբերմունք՝ առանց չափազանցրած պահանջների։
x Close

Like Us On Facebook