10 հարց, որ միշտ ցանկացել եք տալ Ձեր գինեկոլոգին

Հարց 1. Ի՞նչ փոփոխություններ կարող են առաջանալ կնոջ մոտ՝ հղիությանը զուգահեռ

Պատասխան. Հղիության առաջին ամիսներին, երբ օրգանիզմը դեռ հարմարվում է նոր վիճակին, կարող են նկատվել՝

  • հոգնածություն
  • թուլություն
  • սրտխառնոց
  • տրամադրության կտրուկ անկում փոփոխություններ
  • թախիծ

Հղիության զարգացմանը զուգահեռ՝ պայմանավորված արգանդի մեծացմամբ եւ հորմոնների ազդեցությամբ, կարող է առաջանալ նաեւ՝

  • հաճախամիզություն
  • փորկապություն
  • սրտխփոց
  •  ոտքերի մկանների ցավ եւ այլն:

Հարց 2. Հնարավո՞ր է հղի լինել եւ ամիսներ շարունակ չիմանալ այդ մասին

Պատասխան. Շատ հազվադեպ կարող է պատահել, որ կինը հղի լինի եւ դաշտան տեսնի: Միայն այդ դեպքում նրա մտքով կարող է չանցնել, որ գուցե հղի է: Սակայն նա պետք է չունենա նաեւ հղիության որոշ նշաններ՝ սրտխառնոց, փսխումներ, ինքնազգացողության փոփոխություն, քաշի ավելացում: Բայց այդպես շատ հազվադեպ է պատահում:

Հարց 3. Որքա՞ն է կարելի քաշ հավաքել հղիության ընթացքում 

Պատասխան. Հղիության ընթացքում կինը քաշ է հավաքում պտղաջրերի, պտղի հաշվին, բացի այդ, մեծանում է շրջանառվող արյան ծավալը: Թույլատրելի է համարվում միջինում 10-12 կիլոգրամը, որը նորմալ է:

Հարց 4. Արդյո՞ք կնոջ տարիքը մեծացնում է վիժման ռիսկը:

Պատասխան. Կնոջ տարիքը կարեւոր դերակատարում ունի եւ համարվում է ինքնաբեր վիժման ռիսկի գործոն. որքան կինը մեծ է, այնքան մեծ է այս բարդության հավանականությունը (օրինակ՝ 45 տարեկանում բարդության հավանականությունը շուրջ 80% է)։

Հարց 5. Քանի՞ անգամ է ՈւՁ հետազոտություն ցուցվում հղիության ընթացքում:

Պատասխան.  Հղիության ընթացքում պարտադիր է կատարել երեք սքրինինգային հետազոտություն:

  • առաջին ՈՒՁՀ-ն կատարվում է 11-14 շաբաթականում (հայտնաբերվում են քրոմոսոմային անոմալիաները)
  • երկրորդ ՈւՁՀ-ն կատարվում է 20-22 շաբաթականում (պարզվում է պտղի օրգանոգենեզը)
  • երրորդ ՈՒՁՀ-ն կատարվում է 30-31 շաբաթականում (գնահատվում է պտղի դիրքը, ընկերքի վիճակը և այլն)

Հարց 6. Ո՞ր դեպքերում է սեքսը հակացուցված հղիության ժամանակ

Պատասխան. Բժշկագիտական տեսակետից՝ հղիության ժամանակ սեռական կյանքը հակացուցված չէ։ Սակայն որոշ դեպքերում հարկ է խուսափել սեռական հարաբերությունից:
Դրանք են՝

  • կրկնվող վիժումներ նախկինում
  • տվյալ հղիության ընդհատման վտանգ
  • սեռական օրգաններից արյունային արտազատումներ
  • ընկերքի ցածր դիրք
  • ցերվիկալ անբավարարություն
  • բազմապտղային հղիություն (20-րդ շաբաթից սկսած)։

Հարց 7. Ե՞րբ է պետք պլանավորել երկրորդ հղիությունը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս երկու հղիությունների միջեւ ամենաքիչը երկու տարվա միջակայք պահել:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 18 ամսից շուտ երկրորդ անգամ հղիանալը ռիսկեր է պարունակում երեխայի համար՝ վաղաժամ ծննդաբերություն, ցածր քաշ, կարճ հասակ եւ այլն: Մյուս կողմից, երկու հղիությունների միջեւ շատ մեծ դադարը, օրինակ՝ 59 ամիս եւ ավելի, նույնպես ռիսկեր է պարունակում մայրերի համար, ինչպես օրինակ, պրեկլամպսիայի զարգացումն է:

Այսպիսով, եթե կինը ֆիզիկապես եւ էմոցիոնալ առումով առողջ է, ապա երկրորդ հղիությունը խորհուրդ է տրվում պլանավորել առաջին երեխայի ծնվելուց 18 ամիս անց:

Հարց 8. Ի՞նչ բարդություններ կարող են առաջանալ էպիդուրալ անզգայացման արդյունքում

Պատասխան. Անզգայացման այս տեսակն ունի բարդությունների մինիմալ տոկոս ինչպես մոր կողմից, այնպես էլ՝ պտղի: Գրականության մեջ նշված է, որ 25-30 հազար դեպքում մեկ բարդություն կարող է լինել: Սակայն բարդությունները հիմնականում ցավային սինդրոմներ են՝ գլխացավեր, ողնաշարի ցավ, էպիդուրալ տարածության հեմատոմա, սեպտիկ բնույթի բարդություններ (եթե խախտվում են ասեպտիկայի եւ անտիսեպտիկայի կանոնները): Կարող է առաջանալ նաեւ ճնշման անկում՝ հիպոտոնիա, սրտխառնոց, փսխումներ ընթացքում, մաշկային քոր: Բարդություններից է նաեւ դեղի տոկսիկ ազդեցությունը եւ ալերգիկ ռեակցիաները: Իսկ պտղի կողմից կարող են դրսեւորվել հիպոքսիայի նշաններ:

Հարց 9. Ի՞նչ բարդություններ կարող են հաջորդել կեսարյան հատմանը

Պատասխան. Կեսարյան հատման ժամանակ բարդություններ կարող են լինել թե՛ մոր (արյունահոսություն, էմբոլիա պտղաջրերով, վարակաբորբոքային հետվիրահատական բարդություններ), թե՛ մանկան մոտ (շնչական դիսթրես համախտանիշ)։

Հարց 10. Ինչպե՞ս հասկանալ՝ արդյոք երեխան կշտացել է կրծքով կերակրման արդյունքում

Պատասխան. Մինչեւ մեկ ամսականը այդ ցուցիչը երեխայի ամենօրյա կեղտի առկայությունն է (կամ ամեն ուտելուց հետո) եւ մեզով լի տակդիրները: Մայրիկը կարող է ուղղակի հաշվել՝ օրվա մեջ 5-6 մեզով լի տակդիրի առկայությունը հստակ ցուցանիշ է, որ երեխան բավարար կաթ է ստանում:

Եթե երեխան մեկ ամսականից մեծ է, եւ ֆիզիոլոգիայով պայմանավորված ավելի քիչ հաճախականությամբ է կեղտոտում, ինչը համարվում է նորմա եւ բնավ չի խոսում փորկապության մասին, ինչպես շատ մայրիկներ կարող են կարծել, այս դեպքում միայն մեզի քանակով ենք կողմնորշվում, որովհետեւ կուրծք ուտող երեխան կարող է մինչեւ յոթ օր չկեղտոտել:

Աղբյուրը՝ Doctors.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

x Close

Like Us On Facebook