Դեռահասների շրջանում տեղի ունեցող ֆիզիոլոգիական փոփոխությունները
Ֆիզիկական աճից զատ, դեռահասի մարմնում տեղի է ունենում մի շարք փոփոխություններ:
Ոսկրեր և մկաններ
Ոսկրերի և մկանների աճը տվյալ տարիքում անհամաչափ է: Սկզբից ավելի բարձր է սոմատոտրոպ հորմոնի ազդեցությունը, որը պայմանավորում է ոսկրերի առանցքային աճը,իսկ ստերոիդների ազդեցությունը արտահայտվում է ավելի ուշ, ինչի հետևանքով ավելի ուշ է սկսում աճել մկանային զանգվածը: Այս ամենի հետևանքով մկանները ավելի թույլ են, որը ևս նպաստում է ոսկրերի աճի խանգարումների զարգացմանը, մասնավորապես կեցվածքի խանգարումներին: Նման անհամաչափությունը անհետանում է 14-15 տաեկանում աղջիկների մոտ, իսկ տղաների մոտ 16-18 տարեկանում:
Սիրտ-անոթային համակարգ
Սիրտ-անոթային համակարգում ևս տեղի է ունենում փոփոխություններ. աճում է սրտի մկանային զանգվածը, փոփովում է պուլսը, զարկերակային ճնշումը: Հաճախանում են պատանեկան հիպերտենզիայի դեպքերը:
Սեռական հասունացում
Նորմալ սեռական հասունացումը սկսվում է՝
- աղջիկների մոտ 8-12 տարեկանում
- տղաների մոտ 9-14 տարեկանում
Աղջիկների սեռական հասունացման սկիզբը կրծքագեղձերի զարգացումն է ՝թելարխեն: Բնութագրվում է արեոլայի շրջանում պինդ հանգույցի գոյացմամբ, որն ավելի շատ շոշափելի է քան տեսանելի: Ադրենարխե- սեռական հասունացման անդրոգեն կախյալ նշաններն են.
-ցայլքի մազակալումը,
-ակնեն,
-մարմնի հոտի փոփոխությունը:
Տղաների սեռական հասունացման սկիզբը բնորոշվում է ամորձիների մեծացումով, ինչը տեղի է ունենում 6 ամիս ավելի ուշ, քան աղջիկների կրծքագեղձի մեծացումը:
Բազմաթիվ հետազոտություններ փաստում են , որ սեռական հասունացման սկիզբը վերջին տասնամյակում միջինը 6-12 ամսով ավելի վաղ է տեղի ունենում և ունի ռասսայական, գենետիկական կախվածություն:
Մենարխեն՝ դաշտանային ցիկլի սկիզբը, միջինում տեղի է ունենում 11-13 տարեկանում, իսկ սահմաններն ավելի լայն են՝ 10-15 տարեկան: Մենարխեն տեղի է ունենում սեռահասունության սկզբից 1-3 տարվա ընթացում և կանոնավորվում ՝2-2,5 տարի հետո: Նախասեռահասունությունից մինչ վերարտադրողական հնարավորությունների լիարժեք ձևավորումը կարող է տևել 18 ամսից մինչև 5 տարի:
Շարակցական հյուսվածք
Շարակցական հյուսվածքը դեռահասների մոտ փուխր է, զգայուն: Դրա հետևանքով այս տարիքում են սկսվում առավել վառ արտահայտվել կապանային համակագի թուլությունը, կեցվածքի շեղումները, կարճատեսությունը: Շարակցական հյուսվածքը առավել զգայուն է տարբեր վարակների նկատմամբ, ինչը պայմանավորում է այս տարիքում հոդացավերի և ռեակտիվ արթրիտների հարաբերական բարձր հաճախականությունը:
Շնչառական համակարգ
Շնչառական համակարգում արտահայտվում են սեռային տարբերությունները: Տղաների մոտ կտրուկ աճում է թոքերի կենսական տարողությունը, մինչդեռ աղջիկների մոտ նման բան տեղի չի ունենում: Վերջնականապես ձևավորվում են շնչառության ձևերը՝ տղաների մոտ դիաֆրագմալ, իսկ աղջիկների մոտ կրծքային:
Աղեստամոքսային ուղի
Աղեստամոքսային ուղու օրգանների գործունեության վրա անդրադառնում է վեգետատիվ համակարգի անկայունությունը, ինչը արտահայտվում է դիսկինեզիաներով, ռեֆլյուքսներով: Այս տարիքում երեխաները փոխում են իրենց սննդակարգը դեպի ավելի վատթարը, որը նպաստում է դեռահասների մոտ որոշ բորբոքային հիվանդությունների տարածվածությանը: Հաճախակի են նկատվում լարվածության հետևանքով որովայնային ցավերը:
Երիկամներ
Երիկամների մորֆոլոգիական զարգացումը ավարտվում է դեռահասային տարիքից հետո: Ջրաղային փոխանակման մակարդակը ավելի բարձր է, համապատասխանաբար նրանց մոտ առկա է հեղուկների ավելի բարձր պահանջ:
Իմուն համակարգ
Իմուն համակարգը վերապրում է էական փոփոխություններ: Դեռահասները ավելի զգայուն են դառնում տուբերկուլյոզի նկատմամբ: Աճում է աուտոիմուն և լիմֆոպրոլիֆերատիվ հիվանդությունների զարգացման վտանգը:
Նյութը պատկանում է aroxjblog.am կայքին