Friday, April 26, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Որոնք են որդանման ելունի բորբոքման հիմնական պատճառներն ու ախտանշանները

Կույր աղիքի որդանման ելունի բորբոքումը շատ վտանգավոր, սակայն բավական տարածված խնդիր է: Սա այն հիվանդություններից է, որը կարող է դառնալ լուրջ բարդությունների պատճառ, սակայն խնդիրն այն է, որ մարդիկ հաճախ են շփոթում որդանման ելունի բորբոքումը որովայնախոռոչի այլ հիվանդությունների հետ: Նման բարդություններից խուսափելու համար մասնագետները ներկայացրել են այն հիմնական ախտանշանները, որոնցով կարող է դրսևորվել որդանման ելունի բորբոքումը:

Մասնագետների խոսքով՝ կույր աղիքի որդանման ելունի բորբոքումը որովայնի խոռոչի ամենատարածված հիվանդությունն է, որի դեպքում հարկավոր է անհապաղ վիրահատական միջամտություն իրականացնել: Հիվանդության զարգացման պատճառները կարող են տարբեր լինել, այդ թվում՝ որդանման ելունի խցանումը, որի դեպքում աղիների բակտերիաները կուտակվում են և զարգանում է բորբոքային գործընթաց: Բացի այդ, որդանման ելունի բորբոքման պատճառ կարող են դառնալ նաև անոթային համակարգի հետ կապված խնդիրները, աղեստամոքսային տրակտի հիվանդությունները, վնասվածքներն ու վարակները:

Որդանման ելունի բորբոքմանը բնորոշ ամենաակնհայտ ախտանշանը որովայնի աջ հատվածի սուր ու մշտական ցավն է, սակայն մասնագետները նախազգուշացնում են, որ այս հիվանդությունը կարող է դրսևորվել նաև որովանի կամ պորտի հատվածի ոչ շատ սուր ցավով:

Բացի այդ, հիվանդության մասին կարող է հուշել նաև մարմնի ջերմաստիճանի բարձրացումը մինչև 38˚C, փսխումն ու ախորժակի բացակայությունը: Վերոնշյալ ախտանշանների դեպքում հարկավոր է անհապաղ շտապօգնություն կանչել, քանի որ ինքնաբուժությունը կամ խնդիրն անուշադրության մատնելը կարող է շատ վտանգավոր լինել և կդժվարացնի հետագա ախտորոշման գործընթացը:

Մասնագետների խոսքով՝ այս հիվանդության դեպքում ժամանակին միջոցներ չձեռնարկելը և մասնագետին չդիմելը կարող է հանգեցնել որդանման ելունի պատի վնասման, ինչի հետևանքով դրա պարունակությունը կհայտնվի որովայնի խոռոչում: Սա կարող է շատ լուրջ խնդիր դառնալ և հանգեցնել պերիտոնիտի (որովայնամզի բորբոքում) զարգացման, ինչը կյանքի համար վտանգավոր խնդիր է:

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook