Արսեն Թորոսյանն աշխատանքային այցով Ստամբուլում է

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը
գտնվում է Թուրքիայի Հանրապետությունում:

Նախարարը մասնակցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության
եվրոպական տարածաշրջանում հանրային առողջապահության համակարգերի պատրաստվածության և
արձագանքման մակարդակի բարձրացման համար գործողությունների ծրագրի իրականացմանը նվիրված
բարձր մակարդակի տեխնիկական և նախարարական խորհրդակցություններին:

Միջոցառումը նպատակ ունի ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի անդամ-պետությունների
առողջապահության բնագավառի հիմնական պատասխանատուների մակարդակով ներկայացնել և քննարկել
տարածաշրջանային ծրագրի լիարժեք իրականացման և արդյունքների մշտադիտարկման մեխանիզմները,
հասկանալ առողջապահության բնագավառում արտակարգ իրավիճակներին պատրաստվածության և արձագանքման
նշանակությունը, որոշել այն առաջնահերթ ուղղությունները, որոնց իրականացման համար անհրաժեշտ
է ԱՀԿ և այլ գործընկերների աջակցությունը, ինչպես նաև ընդգծել ԱՀԿ առաջնորդի դերը շահագրգիռ
կողմերի և գործընկերների համատեղ ջանքերի համակարգման գործում:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդես է եկել
ելույթով և շեշտել, որ բնակչության առողջության
պահպանումը և հիվանդությունների կանխարգելումն 
ամբողջ աշխարհում  առաջնահերթություն է:

Անդրադառնալով ներկայիս կյանքում  ընթացող բնական և սոցիալական պայմանների արմատական փոփոխություններին, որոնք հաճախ բնակչության առողջության համար ունենում են անկանխատեսելի
հետևանքներ, նախարարը նշել է.

«Նման իրավիճակում անշուշտ կարևորվում են
ռեգիոնալ գործողությունները, քանի որ վարակիչ հիվանդությունների հարուցիչները,
դրանց փոխանցողները և պահոցները սահմաններ չեն ճանաչում, նրանց համար չկա երկիր ու
ազգություն, էկոլոգիական, բնական  աղետները կարող են տարածվել և սպառնալ ամբողջ աշխարհամասերի, ողջ երկրագնդին: Նման իրադարձությունների միջազգային տարածման կանխարգելմանն էին ուղղված 2005թ. ընդունված Միջազգային առողջապահական կանոնները: ՀՀ-ը, սույն կանոնները ներդնելու նպատակով,
շարունակականորեն քաղաքական կամք է ցուցաբերում և անհրաժեշտ ռեսուրսներ է
ապահովում: Կանոնների պահանջների տեսակետից հատկանշական է  հանրային առողջության պահպանումը բոլոր վտանգներից, արտակարգ իրավիճակներին պատրաստվածությունը և արձագանքումը, ինչպես նաև համագործակցված
գործողությունները: Վերջինս վերաբերում է ինչպես երկրի ներսում այնպես էլ
տարածաշրջանում և ամբողջ աշխարհում»:

Այցի շրջանակներում Արսեն Թորոսյանը
հանդիպումներ է ունեցել Թուրքմենստանի, Ուզբեկստանի առողջապահության նախարարների, Վրաստանի
առողջապահության նախարարի տեղակալի հետ:

Թուրքմենստանի նախարար Նուրմուհամմեդ Ամանեպեսովը Թորոսյանին
հրավիրել է ապրիլին այցելել Աշգաբադ, իսկ Ուզբեկստանի նախարար Ալիշեր Շադմանովը՝ հունիսին:

 Վրաստանի հետ քննարկվել
են կլինիկական հետազոտությունների կազմակերպման հետ կապված հարցեր: Նախատեսվում են
այլ  հանդիպումներ, այդ թվում հայ համայնքի
հետ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

x Close

Like Us On Facebook