Առողջապահական ծառայության դիմաց տերմինալով վճարման դեպքում քաղաքացուն պարտադիր կտրվի էլեկտրոնային ՀԴՄ կտրոն
Վճարահաշվարկային տերմինալների միջոցով բժշկական ծառայությունների համար կատարված վճարումների դիմաց քաղաքացիներին պարտադիր կտրվի էլեկտրոնային ՀԴՄ կտրոն:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի հեղինակած՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը հավանություն ստացավ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
Պատգամավորը հիշեցրեց՝ բժշկական ծառայություններից օգտվելիս պարտադիր է վճարումներն անկանխիկ կատարելը:
«Այդ վճարումները հնարավոր է իրականացնել կամ POS տերմինալներով, կամ բժշկական հաստատություններում դրված տերմինալների միջոցով: Ըստ նախագծի՝ այսուհետ բոլոր բժշկական ծառայություններից օգտվելիս անձանց տրվելու է էլեկտրոնային ՀԴՄ կտրոն: POS տերմինալով վճարում կատարելիս այս օրենքն, այսպես թե այնպես, գործում էր, իսկ վճարային տերմինալների դեպքում նման հնարավորություն չկար: Հիմա այդ հնարավորությունն ենք ընձեռում»,-ասաց պատգամավորը:
Այդ ամբողջ տվյալները՝ ծառայությունները, որոնցից մարդիկ օգտվել են, հավաքվելու են Armed-ում: Ըստ պատգամավորի՝ հնարավոր կլինի դա վերլուծելով՝ նաև հետագայում վերհանել ապահովագրության հետ կապված խնդիրները, թե մարդիկ որ ծառայություններից են շատ օգտվել:
ՊԵԿ նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը հայտնեց նախագծի առնչությամբ կառավարության կողմ եզրակացությունն ու տեխնիկական առաջարկները:

