Ավելորդ քաշն ու գիրությունը մեծացնում են հետևյալ հիվանդությունների զարգացման ռիսկը
Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, ճարպակալման տարածվածությունը շարունակում է կայուն աճ գրանցել թե՛ մեծահասակների, թե՛ երեխաների շրջանում:
Մեր երկրում մեծահասակների մոտ ճարպակալման տարածվածությունը կազմում է շուրջ 27–28%, բնակչության ավելի քան կեսն ունի ավելցուկային քաշ կամ գիրություն (ՄԶԻ ≥25 կգ/մ²)։ Պատճառները տարբեր են` բարձր կալորիականությամբ և վերամշակված սննդամթերքի լայն օգտագործում, շաքար պարունակող ըմպելիքների սպառման աճ, ֆիզիկական ակտիվության ցածր մակարդակ, ընտանիքներում ձևավորված սննդային վարքագիծ, քնի խանգարումներ, առողջ սննդի վերաբերյալ իրազեկվածության պակաս:
Ավելորդ քաշն ու գիրությունը մեծացնում են հետևյալ հիվանդությունների զարգացման ռիսկը.
2-րդ տիպի շաքարային դիաբետ
սրտանոթային հիվանդություններ, այդ թվում` զարկերակային հիպերտենզիա
լյարդի ճարպային հիվանդություն
հոդացավեր և շարժունակության սահմանափակում
օստեոարթրոզ
վերարտադրողական ֆունկցիայի խանգարումներ:
Նույնիսկ 5–10%-ով քաշը նվազեցնելը, ակնհայտորեն իջեցնում է հիվանդությունների բարդությունների ռիսկը:
Քաշը նվազեցնելու հիմնական քայլը կենսակերպի փոփոխությունն է:
Սնվել կանոնավոր և հավասարակշռված
Նվազեցնել շաքարն ու քաղցր ըմպելիքները
Սահմանափակել վերամշակված և արագ սնունդը
Ապահովել ֆիզիկական ակտիվություն
Ապահովել բավարար և որակյալ քուն (միջինը՝ 8 ժամ)

