«Իզմիրլյան» ԲԿ ուրոլոգիական բաժանմունքը համալրվեց նոր, քարափշրման սարքով
«Իզմիրլյան» ԲԿ-ում տեղի է ունեցել աշխարհում լազերների և օպտիկաների հետազոտման և արտադրման մեծագույն կենտրոն Quanta System կորպորացիայի կողմից վերջին սերնդի Quanta Litho լազերի պաշտոնական նվիրատվությունը ուրոլոգիական բաժանմունքին:
Տեղեկացնենք, որ գերժամանակակից սարքի նվիրաբերությունը հայտնի ամերիկահայ ուրոլոգ Կարո Դերձակյանի կողմից նախկինում սկսած նախաձեռնության շարունակությունն է, որը սկիզբ է առել 2016 թ. սեպտեմբերին, ԱՄՆ-ից Quanta Cyber TM շագանակագեղձի վիրահատությունների համար նախատեսված ամերիկյան HealthTronics կորպորացիայի կողմից լազերի նվիրատվությամբ: Quanta System կորպորացիայի գլխավոր տնօրեն Պաուլո Սալվադեոն Կարո Դերձակյանի հրավերով «Իզմիրլյան» ԲԿ այցից հետո ցանկություն է հայտնել ուրոլոգիական բաժանմունքին նվիրել վերջին սերնդի լազերային քարափշրման համար նախատեսված Quanta Litho լազերը:
Միջոցառումը կարեւորելով «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանն ասաց.
«Նման միջոցառումները կարեւորում եմ: Պատճառն այն է, որ առողջապահությունը, ինչպես եւ ցանկացած ոլորտ, պարբերաբար պետք է զարգանա ու սա ոչ թե մեկ քայլ առաջ է, այլ թռիչք է: Այս սարքը թերեւս լավագույնն է աշխահում: Quanta System կորպորացիայի լազերներով, որոնք բազմապրոֆիլ են, անգամ Վատիկանի մի քանի հարյուրամյա պատերն ու նկարներն են մաքրել»,-ասաց ԲԿ տնօրենը հավելելով, որ թեեւ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը հագեցած է վերջին սարքավորումներով, այս սարքի ձեռքբերումը եւս մեկ հնարավորություն կընձեռնի է՛լ ավելի որակյալ բուժօգնություն ցուցաբերելու համար:
«Իզմիրլյան» ԲԿ ուրոլոգիական բաժանմունքի վարիչ, ուրոլոգ Արթուր Գրաբսկին, խոսելով լազերային սարքի արդյունավետության մասին, ասաց.
«Բժշկական ոլորտում քարերի փշրման համար նախատեսված աշխարհում նորագույն սարքը գործարանում պատրաստվել է հատուկ «Իզմիլրյան» բժշկական կենտրոնի համար: Այն կիրառվում է էնդոսկոպիկ վիրահատությունների ժամանակ` ներթափանցելով թե՛միզապարկից, թե՛ պունկցիոն մեթոդով: Սարքն ունի տարբեր ռեժիմներ, որոնց օգնությամբ քարը ոչ թե տարբեր չափի կտորների է վերածվում, այլ փոշիացվում է, այսինքն, քարը հնարավոր է փոշի դարձնել: Այն ունի նաեւ հնարավորություն հեռացնելու, օրինակ, միզապարկի փոքր ուռուցքներ, հնարավոր է հատել նաեւ միզապարկի նեղացումները»:
Ինչպես իր խոսքում նշեց Արթուր Գրաբսկին, վիրահատությունից 24 ժամ անց պացիենտը կարող է տուն վերադառնալ:
ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վիլեն Հակոբյանը շեշտադրեց այն հանգամանքը, թե ինչու որոշվեց համագործակցել հենց «Իզմիլրյան» ԲԿ-ի հետ.
«Վերջին տարիներին բժշկությունը ահռելի քայլերով է առաջ գնում: Այս համագործակցությունն ունի բացառիկ նշանակություն, քանի որ այս սարքը ներկայում գիտության բնագավառում համարվում է վերջին խոսքը, որի շնորհիվ հնարավորություն է տրվում մասնագետներին բարձրորակ բժշկական միջամտություններ իրականացնել: Այն հնարավոր է կիրառել նաեւ նյարդավիրաբուժության մեջ, որն, իմ կարծիքով, նույնպես շատ կարեւոր է: Մեր կենտրոնը տարիներ շարունակ համագործակցել է ամերիկյան Ուրոլոգիական կենտրոնի հետ` հանձինս մեր հայրենակից պարոն Դերձակյանի, ում շնորհիվ կայացավ նաեւ այս համագործակցությունը: Վստահ եմ, որ այս սարքն ու մեր կենտրոնի մասնագետները մեր հանրապետությունում համար առաջինն են: Պատահական չէ, որ հենց մեր կենտրոնի հետ կայացավ համագործակցությունը, ինչը խոսում է նաեւ կենտրոնի բարձր մակարդակով բուժօգնություն ցուցաբերելու եւ, իհարկե, Արթուր Գրաբսկու կատարած աշխատանքի մասին: Արթուր Գրաբսկին վերապատրաստվել է աշխարհի լավագույն ուրոլոգիական կլինիկաներում: Այս պարագայում բուժման գործընթացում ներդաշնակվում է բարձրակարգ մասնագետն ու բարձրորակ սարքավորումը»:
http://izmirlianmedicalcenter.com