Friday, April 3, 2026
Հոգեբանի անկյունՆորություններ

Ինչո՞ւ է Հայաստանը զիջում երջանկության վարկանիշում. հոգեբանը՝ սոցիալական անվտանգության և վաղվա օրվա անորոշության մասին

Ինչո՞ւ է հայ հասարակությունը հեռանում երջանկության զգացումից և ի՞նչ դեր ունի այստեղ պետությունը։ Այս թեմաների շուրջ «Նովոստի-Արմենիա»-ն զրուցել է հոգեբան Իրինա Ծատուրյանի հետ

/Նովոստի-Արմենիա/․ Երջանկությունը հոգեբանական բարդ հասկացություն է, որն առաջին հերթին կապված է սեփական կյանքի հանդեպ ունեցած ինքնաբավության և ներքին գոհունակության հետ։ Սակայն Հայաստանի ներկայիս սոցիալ-հոգեբանական պատկերը և միջազգային վարկանիշներում զբաղեցրած 89-րդ հորիզոնականը մտահոգիչ հարցեր են առաջացնում։

Ինչո՞ւ է հայ հասարակությունը հեռանում երջանկության զգացումից և ի՞նչ դեր ունի այստեղ պետությունը։ Այս թեմաների շուրջ «Նովոստի-Արմենիա»-ն զրուցել է հոգեբան Իրինա Ծատուրյանի հետ։

Երջանկության ներքին բանաձևը. գոհունակություն և ինքնաբավություն

«Երջանիկ իրեն կարող է համարել այն մարդը, որը բավարարված է նրանով, թե ինչպես է ապրում և ինչ ունի։ Իհարկե, խոսքը միայն նյութական արժեքների մասին չէ , այլ նաև բարոյական առումով»,- ասաց Ծատուրյանը՝ ընդգծելով, որ երջանկությունը բարդ հասկացություն է։

Ըստ հոգեբանի՝ երջանկության հոգեբանական կողմը հենց այդ գոհունակության զգացումը զարգացնելն ու աճեցնելն է։

Անորոշության գործոնը. ինչո՞ւ է պակասել վստահությունը վաղվա օրվա նկատմամբ

Նրա խոսքով՝ ամենակարևոր վիճակը, որն այսօր մեզ հեռացնում է երջանկությունից, վաղվա օրվա նկատմամբ վստահության և հանգստության բացակայությունն է։

«Դրա մեջ մտնում են ցածր աշխատավարձերը, աղքատության շեմը, որն արդեն անցել է 40%-ը։ Մարդը պետք է նյութական խնդիրներից ապահովված լինի, որ իրեն բարոյապես երջանիկ զգա։ Եթե նա չի կարող երեխային կրթություն տալ կամ բժշկվելու գումար չունի, նա իրեն երջանկությունից հեռացնում է», – նշեց Ծատուրյանը։

Հետպատերազմյան իրականություն և բարոյական պատասխանատվություն

Հոգեբանն ընդգծեց նաև պատերազմից հետո ստեղծված իրավիճակը, հատկապես այն փաստը, որ հաշմանդամություն ունեցող տղաները հիմնականում մնում են անտեսված հանրության կողմից՝ նշելով, որ նման իրավիճակում երջանկություն զգալն արդեն առաջին հերթին բարոյականության հարց է։

Սկանդինավյան փորձը և հայկական «եղունգ ունես՝ գլուխդ քորիր» սկզբունքը

Համեմատելով Սկանդինավյան երկրների, մասնավորապես՝ Ֆինլանդիայի հետ, որը տարիներ շարունակ առաջատար է երջանկության վարկանիշում, Ծատուրյանը նշեց, որ Ֆինլանդիան համարվում է նաև ինքնասպանությունների թվով առաջատար երկրներից մեկը։

«Դա խոսում է իրենց էգոիզմի մասին․ ով ինքնասպան չի եղել, նա արդեն իրեն երջանիկ է համարում», -նշեց հոգեբանը։

Նա պարզաբանեց, որ այդ երկրներում նույնպես երջանկության բարձր ցուցանիշը պայմանավորված է հենց սոցիալական բարձր ապահովվածությամբ և վաղվա օրվա հանդեպ մտահոգության բացակայությամբ։ Ի հակադրություն սրա՝ հոգեբանը նկատում է, որ Հայաստանում դեռևս գործում է «եղունգ ունես՝ գլուխդ քորիր» սկզբունքը։

«Եթե ես ապրում եմ «եղունգ ունես՝ գլուխդ քորիր» կարգավիճակով, ես չեմ կարող հանգիստ լինել»,- նշեց Ծատուրյանը։

Պետական մոտեցման անհրաժեշտություն. որտեղի՞ց սկսել փոփոխությունները

Անդրադառնալով լուծումներին՝ հոգեբանը շեշտեց, որ երջանկության մակարդակի բարձրացման համար անհրաժեշտ է պետական համակարգված մոտեցում, որը կապահովի քաղաքացու վաղվա օրվա հանդեպ վստահությունը։

Ըստ նրա՝ փոփոխությունները պետք է սկսել արմատներից՝ երաշխավորելով տարեցների սոցիալական անկախությունն ու արժանապատիվ կենսաթոշակը, որպեսզի վերջիններս ստիպված չլինեն ֆինանսապես ապավինել հարազատներին։

Նշենք, որ «Համաշխարհային երջանկության վարկանիշ 2026»-ում (World Happiness Report 2026) Հայաստանը զբաղեցրել է 89-րդ տեղը ուսումնասիրված 147 երկրների շարքում՝ հայտնվելով Տաջիկստանի և Հոնկոնգի միջև:

x Close

Like Us On Facebook