Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայանը 50 տարեկան է
Գորիսի «Միրհավ» հյուրանոցում տեղի ունեցավ «Փոխներարկումային բուժօգնության արդի խնդիրները» խորագրով միջազգային ուսուցողական գիտաժողովը` նվիրված Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայանի 50-ամյակին: Գիտաժողովի նպատակն էր բարելավել և ամրապնդել Սյունիքի մարզի բոլոր բուժհաստատությունների մասնագետների գիտելիքներն անվտանգ փոխներարկումային բուժօգնության բնագավառում։
Միջոցառմանը մասնակցել են ԱՆ «Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը, Սյունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Նունե Գևորգյանը, ոլորտի մասնագետներ, մարզի առողջապահական կազմակերպությունների բժիշկներ:
Հյուրերին ներկայացվել է կայանի ստեղծման պատմությունը, անցած ուղին և զարգացման հեռանկարները:
Հայաստանի, Ռուսաստանի և Վրաստանի փորձառու արյունաբանները և փոխներարկաբանները գիտաժողովի շրջանակներում անդրադարձել են մեր երկրում արյան ծառայության արդի վիճակին և զարգացման ուղիներին, դոնորական արյան որակին և անվտանգությանը, փոխներակաբանության իմունաարյունաբանական խնդիրներին, ինչպես նաև սակավարյունությունների վաղ ախտորոշման ու բուժման հիմնախնդիրներին և հեմոսթազի համակարգի դերին փոխներարկաբանության մեջ:
Միջոցառման ընթացքում Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայանի 50-ամյա հոբելյանի կապակցությամբ կայանի 12 աշխատակից անձնվեր և ամբասիր, բազմամյա աշխատանքի համար պարգևատրվել է շնորհակալագրերով, իսկ կայանի տնօրեն Արթուր Առաքելյանը երկարամյա վաստակի համար արժանացել է Պրոֆեսոր Ռ.Յոլյանի անվան հուշամեդալի։