Վրաստան մեկնելու համար զբոսաշրջիկները պետք է պարտադիր կորոնավիրուսի ՓՇՌ-թեստ հանձնեն
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է, որ Վրաստանը մտադիր է աջակցել «կորոնավիուսից մաքուր» զբոսաշրջության առաջխաղացմանը երկրում: Այդ իսկ պատճառով միայն այն զբոսաշրջիկներին թույլ կտան մտնել երկիր, որոնք տեղեկանք կներկայացնեն կորոնավիրուսի ՓՇՌ-թեսթի բացասական պատասխանով:
Ինչպես փոխանցում է Новости-Грузия-ն, այս մասին Գախարիան հայտարարել է խորհրդարանում ելույթ ունենալիս՝ պարզաբանելով, որ հուլիսի 1-ից երկրում զբոսաշրջային սեզոնի բացմանն ընդառաջ նախատեսվում է այսպես կոչված՝ «մաքուր միջանցք» ապահովել և ոչ թե արտասահմանցիների մուտքն՝ առանց վերահսկողության:
«Վրաստան մտնող զբոսաշրջիկի մոտ պետք է 72-ժամյա արդիական ՓՇՌ-թեսթի պատասխան լինի, այլապես նրան ուղղակի ներս չեն թողնի: Մենք, իհարկե, հնարավորություն կստեղծենք արագ-թեսթեր անցնելու համար նաև երկրի ներսում, եթե զբոսաշրջիկը չունենա տեղեկանք: Սակայն կազմակերպված զբոսաշրջային խմբերը կկարողանան մուտք գործել միայն այս կանոնի պահպանմամբ»,- ասել է վրաց վարչապետը:
Բացի այդ, նա նշել է, որ կազմակերպված զբոսաշրջային խմբերը կբնակեցվեն «կանաչ գոտիներում», այսինքն՝ այնպիսի հյուրանոցային համալիրներում, որոնք նման թույլտվություն կստանան առողջապահության նախարարությունից: