Ահա կարճ ու գործնական խորհուրդներ, որոնք կօգնեն կանխարգելել վարակների տարածումը
Սիրելի աշակերտներ, ուսուցիչներ և ծնողներ, շնորհավորում եմ նոր ուսումնական տարվա մեկնարկի առիթով։ Մաղթում եմ առողջ, ստեղծագործ և անվտանգ տարի, միաժամանակ հիշեցում՝ աշնանային սեզոնին և դպրոցների մեկնարկին ինֆեկցիաների կանխարգելումը կարևոր է բոլորիս համար։
Ահա կարճ ու գործնական խորհուրդներ, որոնք կօգնեն կանխարգելել վարակների տարածումը․
Ձեռքերի հիգիենա՝ ամենաարդյունավետ սովորությունը
Լվացեք ձեռքերը օճառով ու ջրով առնվազն 20 վայրկյան՝ հատկապես դպրոց մտնելիս, դպրոցից դուրս գալիս, ուտելուց առաջ, զուգարանից օգտվելուց հետո, հազալուց, փռշտալուց կամ տրանսպորտից օգտվելուց հետո։
Ջուր, օճառ չլինելու դեպքում օգտագործեք ալկոհոլային հիմքով ախտահանիչներ՝ ≥60% ալկոհոլով։ Միևնույն ժամանակ մի՛ չարաշահեք ախտահանիչները, որպեսզի չառաջանա մաշկի չորություն, երբ հնարավոր է, նախընտրեք ձեռքերի լվացում։
Մաքուր օդ փակ միջավայրերում
Դասասենյակներում և գրասենյակներում ապահովեք օդափոխություն՝ բաց պատուհաններ, դռներ։
Հիվանդ լինելու, գանագտներ ունենալու, այդ թվում՝ մրսածության դեպքում
մնացեք տանը, թույլ տվեք երեխային վերականգնվել և մի՛ տարեք դպրոց կիսահիվանդ վիճակում. սա պաշտպանում է մյուսներին և արագացնում է հիվանդի առողջացումը։
Սննդից թունավորումներից պաշտպանվելու արագ կանոններ (դրսում, դպրոցական ճաշարանում)
Ընտրեք վստահելի վաճառողներ՝ տեսանելի մաքրությամբ, հոսող ջրով, սանիտարական պայմաններով։
Նախընտրեք թարմ և լավ եփված տաք ուտեստներ, խուսափեք կիսախաշ/կիսահում սննդից։
Սառը ու տաք սնունդը պահեք ճիշտ ջերմաստիճաններով և սնվելուց առաջ ձեռքերը լվացեք։
Պատվաստումները ևս կարևոր են
Թարմացրեք սեզոնային և տարիքային պատվաստումները (օր.՝ գրիպի պատվաստում սեզոնին ընդառաջ, ազգային օրացույցով նախատեսված պատվաստումներ)՝ երեխաներին պաշտպանելու ծանր ընթացքից և բացակայություններից։ Խորհրդատվության համար դիմեք ձեր ընտանեկան բժշկին։
Դպրոցների համար կազմակերպչական պարզ քայլեր
Հիգիենիկ ռեժիմներ՝ դասաժամերի միջև ձեռքերի լվացման «պատուհաններ», հազի, փռշտոցի էթիկետի հիշեցումներ, հաճախ շփվող մակերեսների մաքրում, փակ տարածքների օդափոխման գրաֆիկ:
Մենք՝ ԻՀԱԿ-ում, ձեր կողքին ենք՝ խորհրդատվությամբ և աջակցությամբ։ Թող այս տարին լինի առողջ ու հաջողված բոլորիս համար։
Արմեն Օհանյան
ԻՀԱԿ տնօրեն