Աղիքային վարակների սեռական ճանապարհով փոխանցման դեպքերը
Վերջին տարիներին աճել է աղիքային վարակների սեռական ճանապարհով փոխանցման դեպքերի թիվը, ինչը համարվում է փոխանցման նոր և առավել ուշադրության արժանի ուղի: Սեռական ակտիվության որոշ ձևեր կարող են նպաստել աղիքային վարակների փոխանցման նոր ուղու ձևավորմանը: Այս ուղով առավել հաճախ փոխանցվող վարակներից են` շիգելոզը, սալմոնելոզը, կամպիլոբակտերը, E. coli-ն, ներառյալ O157:H7 շտամը, վիրուսային հեպատիտ Ա-ն, Giardia lamblia (լյամբլիոզ), Entamoeba histolytica (ամեաբիազ), Norovirus, Rotavirus:
Տվյալներ են հաղորդվում նաև զոոնոզ վարակների, մասնավորապես` բրուցելոզի սեռական փոխանցման վերաբերյալ: Այս հիվանդությունների բռնկումներ գրանցվել են հատկապես տղամարդկանց հետ սեռական հարաբերություն ունեցող տղամարդկանց (ՏՀՍՀՏ) խմբերում։
- Ախտանիշները կարող են ներառել՝ լուծ, երբեմն` արյունային, փորկապություն, ջերմություն, սրտխառնոց, որովայնի շրջանի ցավ։
- Վարակները կարող են տարածվել անախտանիշ, «համր» վարակակիրների միջոցով։
- Հակամանրէային կայունության հիմնախնդիր՝ որոշ բակտերիաներ (օրինակ՝ Շիգելա) ձեռք են բերում հակաբիոտիկների նկատմամբ կայունություն։
- Սեռական ճանապարհով փոխանցումն ազդում է կանխարգելման ստանդարտ մոտեցումների վրա, փոխելով ընդունված գործելակարգերը, ստեղծելով նորերի մշակման անհրաժեշտություն։
Սեռական ճանապարհով աղիքային վարակներից պաշտպանվելու համար կարևորվում են հետևյալ միջոցառումները՝
- Անձնական հիգիենա
- Ձեռքերի լվացում սեռական ակտից առաջ և հետո։
- Ճիշտ հիգիենա՝ զուգարանի օգտագործումից հետո։
- Պաշտպանական մեթոդներ
- Պաշտպանված սեռական հարաբերություն։
- Խուսափել սեռական հարաբերությունից լուծի դեպքում և դրանից հետո առնվազն 10-14 օրվա ընթացքում:
- Սկրինինգ և բուժում
- Բազմաթիվ զուգընկերներ ունեցող անձանց խորհուրդ է տրվում պարբերաբար ստուգվել ոչ միայն սեռավարակների, այլև աղիքային ախտածինների նկատմամբ։
- Վարակվածների շուտափույթ հայտնաբերում և բուժում։
- 4. Կրթություն և իրազեկում
- Սեռական առողջության կրթության մեջ ներառել աղիքային վարակների սեռական փոխանցման մասին տեղեկություններ։
Այսօր Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնների (CDC) և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (WHO) առաջարկները ընդգծում են աղիքային վարակների սեռական ճանապարհով փոխանցումը սեռավարակների համատեքստում և առաջարկում կանխարգելման վերը նշված միջոցները: