Sunday, April 28, 2024
ՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Բացառիկ վիրահատություն «Աստղիկ» ԲԿ-ում. Ուիպլի վիրահատության հետ միաժամանակ՝ լայնական հաստաղու մասնահատում (ֆոտո)

Ենթաստամոքսային գեղձի ուռուցքով հիվանդ մարդկանց 1-ամյա ապրելիությունը կազմում է մոտ 30%, իսկ 5-ամյա ապրելիությունը՝ 7-9%: Նման ցածր ապրելիության տվյալների պատճառն այն է, որ հաճախ ենթաստամոքսային գեղձի ուռուցքները հայտնաբերվում են ուշ փուլերում, երբ ուռուցքը, աստիճանաբար աճելով, ճնշում է հարևան օրգանները, ներաճում լեղածորանի, խոշոր անոթների մեջ, մետաստազներ է տալիս հետորովայնային տարածություն, պարաաորտալ ավշային հանգույցներ՝ դրանով իսկ բարդացնելով իրավիճակը, մեծամասամբ դառնում է կա´մ վիրահատության ոչ ենթակա, կա´մ կատարվում են ամոքիչ վիրահատություններ:  Այս մասին գրում է NEWS.am Medicine :

2018թ հունիսի 8–ին «Աստղիկ» բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունք է ընդունվել Ս.Գ.-ն (49 տ. տղամարդ)՝ աջ թուլակողի և էպիգաստրալ շրջանների ցավերով, բերանում դառնության զգացումով, մաշկի և տեսանելի լորձաթաղանթների դեղնությամբ (գանգատները սկսվել էին 10 օր առաջ): Նախնական ախտորոշվել է ենթաստամոքսային գեղձի նորագոյացություն, մեխանիկական դեղնուկ: Կատարվել են մի շարք կլինիկա-լաբորատոր, գործիքային հետազոտություններ, որոնց արդյունքում, ենթաստամոքսային գեղձի ուռուցքից բացի, հայտնաբերվել է ևս մեկ նորագոյացություն լայնական հաստ աղիքում:

Հիվանդին իրականացվել է փուլային բուժում: Առաջին փուլում հունիսի 13–ին ներերակային անզգայացման տակ կատարվել է միջմաշկային ներլյարդային դրենավորում (Մ. Ավետյանի կողմից), որից հետո հիվանդի մոտ նկատվել է կլինիկա-լաբորատոր տվյալների բարելավում, անցկացվել է կոնսերվատիվ թերապիա, նախապատրաստվել է վիրահատական բուժման: Հուլիսի 3–ին ընդհանուր անզգայացման տակ կատարվել է լայնածավալ վիրահատություն՝ պանկրեատոդուոդենալ ռեզեկցիա (Ուիպլի վիրահատություն), ինչպես նաև լայնական հաստ աղու մասնահատում, ծայրը ծայրին անաստամոզի ձևավորում, որովայնի խոռոչի սանացիա և դրենավորում:

Պանկրեատոդուոդենալ ռեզեկցիան ինքնին բարդ վիրահատություն է (հեռացվում են լեղապարկը, լեղածորանի մի մասը, 12-մատնյա աղին, բարակ աղու մի մասը, ենթաստամոքսային գեղձի գլխիկը), որը Հայաստանում կատարվում է եզակի հիվանդանոցներում՝ պայմանավորված վիրահատական տեխնիկայի և կատարման դժվարություններով, հետվիրահատական բարդությունների զարգացման բարձր ռիսկերով և բավականին բարձր մահացությամբ:

Վիրահատությունն իրականացվել է բ.գ.դ., պրոֆեսոր Հայրապետ Բարսեղյանի գլխավորությամբ: Վիրաբուժական թիմ. վիրահատող բժիշկ՝ Վիրաբուժական բաժանմունքի վարիչ, բ.գ.թ., դոց. Արայիկ Ոսկանյան, ասիստենտներ՝ բ.գ.թ. Հ.Վ. Հարությունյան, Ե.Մ. Մանուկյան, Լ.Մ. Միքայելյան, անեսթեզիոլոգ՝ Ա. Ղամբարյան, օպերքույր՝ Հերմինե Հայրապետյան: Վիրահատությունը տևել է 7 ժամ:

Հիվանդը ԻԹԲ-ում (Ինտենսիվ թերապիայի և անզգայացման ծառայության ղեկավար՝ Հ. Ռ. Անտոնյան, ԻԹԲ վարիչ՝ Ա. Զ. Հախեյան) անցկացրել է 2 մահճակալային օր, որտեղ ռեանիմատոլոգների թիմըշուրջօրյա դինամիկ հսկողություն և հետվիրահատական խնամք է իրականացրել, այնուհետև հիվանդը տեղափոխվել է Վիրաբուժական բաժանմունք:

Հետվիրահատական շրջանն ընթացել է հարթ, և հիվանդը դուրս է գրվել առողջացումով, քանի որ, ըստ պաթոհիստոլոգիական հետազոտության տվյալների,ավշային հանգույցներում ուռուցքային բջիջներ չեն հայտնաբերվել:

Նման ծանր ախտորոշում ունեցող հիվանդի բուժման արդյունավետությունը պայմանավորված է մի շարք գործոններով.

  • «Աստղիկ» բժշկական կենտրոնը բազմապրոֆիլային հիվանդանոց է,
  • «Աստղիկ» բժշկական կենտրոնը հագեցած է գերժամանակակից սարքավորումներով,
  • «Աստղիկ» բժշկական կենտրոնի բժիշկները մշտապես վերապատրաստվում են Ամերիկայում, Եվրոպայում, Ասիայում, Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում,
  • «Աստղիկ բժշկական կենտրոնն ունի հզոր վիրաբուժական և ռեանիմատոլոգիական ծառայություններ, որտեղ հաճախ այլ բուժհիմնարկներից տեղափոխվում են ծայրահեղ ծանր հիվանդներ,
  • «Աստղիկ» բժշկական կենտրոնում յուրաքանչյուր հիվանդի ցուցաբերվում է անհատական, հոգատար և սրտացավ մոտեցում:

Նյութի աղբյուրը՝ med.news.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook