Երեխաների արևապաշտպանության ուղեցույց
Մանկական մաշկը զգայուն է և պակաս զարգացած՝ մեծահասակների մաշկի համեմատ։ Արևի ուլտրամանուշակագույն (ՈւՄ) ճառագայթների ազդեցությունը երեխաների մոտ կարող է առաջացնել ոչ միայն ակնթարթային վնասներ (այրվածքներ, այտուց, կարմրություն), այլև երկարաժամկետ ռիսկեր, ներառյալ` մաշկի վաղ ծերացումը և մաշկի ուռուցքային հիվանդությունների հավանականության բարձրացումը։
Ինչ անել արևից երեխային պաշտպանելու համար
1․ Խուսափել արևի ուղիղ ճառագայթներից (10:00–16:00)
Այս ժամերին ՈւՄ ճառագայթման ինտենսիվությունն առավելագույն է։ Երեխաներին հնարավորինս պահել ստվերում կամ փակ տարածքում։
Անհրաժեշտության դեպքում ընտրել ստվերով ապահով վայրեր զբոսնելիս կամ խաղալիս։
2․ Հագուստ և գլխաշոր
Ցանկալի է, որ երեխան կրի բարակ, բաց գույնի, երկարաթև շապիկ և երկար տաբատ՝ բնական կտորից (բամբակ, վուշ)։
Գլխին՝ լայնեզր գլխարկ, որը պաշտպանում է ինչպես դեմքը, այնպես էլ` ականջներն ու վիզը։
3․ Արևապաշտպան քսուք
Օգտագործել SPF 30 և ավելի, լայն սպեկտրով (UVA և UVB պաշտպանություն), ջրակայուն արևապաշտպան քսուք։
Քսել 15–30 րոպե առաջ նախքան դուրս գալը։
Կրկնել յուրաքանչյուր 2 ժամը մեկ, ինչպես նաև` լողալուց կամ քրտնելուց հետո։
Մինչև 6 ամսական երեխաներին արևապաշտպան քսուք խորհուրդ չի տրվում։ Նրանց մաշկը պետք է ամբողջությամբ պաշտպանված լինի հագուստով և ստվերով։
4․ Արևից պաշտպանված տրանսպորտ
Ավտոմեքենայի պատուհաններից ներթափանցող ՈւՄ ճառագայթները նույնպես վնասակար են։ Կարելի է օգտագործել ՈւՄ ֆիլտրով պաշտպանիչ թաղանթ կամ ստվերացնող վարագույրներ։
5․ Արևային ակնոց
Հատկապես լեռնային շրջաններում և ջրային միջավայրերում խորհուրդ է տրվում արևապաշտպան ակնոց՝ UV 400 պաշտպանությամբ։
Հիշեցում
Արևային այրվածքը երեխաների մաշկի համար ոչ միայն ցավոտ է, այլև կարող է ազդել նրանց ամբողջ կյանքի վրա։ Մի քանի անգամ ստացած լուրջ այրվածքը մանկության տարիներին շատ է բարձրացնում մելանոմայի առաջացման ռիսկը։
ՀՀ ԱՆ խորհրդատու մաշկաբանության գծով
Հովհաննես Հովհաննիսյան