Wednesday, October 8, 2025
ՀիվանդություններՆորություններ

Էնտերովիրուսային վարակներից պաշտպանվելու համար անհրաժեշտ է

Աշխարհում, այդ թվում` Հայաստանում, ժամանակ առ ժամանակ դիտվում է էնտերովիրուսային վարակներով պայմանավորված հիվանդությունների աստիճանաբար ակտիվացում:

Էնտերովիրուսային վարակները փոխանցվում են ջրային, սննդային, կենցաղ-կոնտակտային եղանակով, օդակաթիլային և փոշու միջոցով:

Վարակը կարող է փոխանցվել հիվանդ մարդու կամ նրա կողմից օգտագործված իրերի, առարկաների կամ մակերեսների հետ սերտ շփման հետևանքով:

Այս վիրուսները կայուն են արտաքին միջավայրում, մինչև 2 ամիս պահպանվում են մակերեսային ջրամբարների ջրերում և խոնավ հողում: Այս վիրուսներով պայմանավորված հիվանդությունները տարիքային և սեզոնային որևէ օրինաչափություն չունեն. հիվանդանում են բոլորը տարվա բոլոր եղանակներին:

Էնտերովիրուսների ընտանիքին են պատկանում կոքսակի վիրուսները: Կոքսակի վիրուսները բաժանվում են երկու մեծ խմբի՝ Ա (24 շճատիպ) և Բ (6 շճատիպ): Կոքսակի վիրուսներն առաջացնում են մի խումբ հիվանդություններ, որոնք բնութագրվում են տենդով և բազմաձև կլինիկական ախտանշաններով` պայմանավորված տարբեր օրգան-համակարգերի ախատահարումով:

Հիվանդության գաղտնի շրջանը 1-10 օր է, բնորոշ ախտանշաններն են՝ թուլությունը, ուժեղ գլխացավը, լորձաթաղանթների բորբոքումը, ջերմության ալիքաձև բարձրացումը, որովայնում ցավերը, սրտխառնոցը, փսխումը:

Էնտերովիրուսային վարակները կարող են արտահայտվել նաև մրսածության ախտանշաններով:

Ա խմբի կոքսակի վիրուսներն ախտահարում են մաշկը և լորձաթաղանթները՝ հարուցելով «ձեռք-ոտք-բերան» հիվանդություն, կարող են առաջացնել նաև ասեպտիկ կամ շճային մենինգիտ:

Բ խմբի կոքսակի վիրուսները ախտահարում են սիրտը, թոքամիզը, լյարդը և ենթաստամոքսային գեղձը:

Էնտերովիրուսային վարակներից պաշտպանվելու համար անհրաժեշտ է`

🔹 պահպանել անձնական հիգիենայի կանոնները (հաճախակի օճառով լվանալ ձեռքերն ուտելուց առաջ, սանհանգույցից, տրանսպորտից օգտվելուց հետո, հազի և փռշտալու հիգիենան), հատկապես` նորածինների խնամքի պարագայում,

🔹 խուսափել էնտերովիրուսային վարակներով հիվանդների հետ սերտ շփումից,

🔹 բնակարանը հաճախակի օդափոխել և խոնավ մաքրել,

🔹 չխմել կասկածելի ջուր կամ խմել միայն եռացրած-սառեցրած ջուր, խուսափել երեխաներին ծորակի ջուր տալուց,

🔹 մրգերը և բանջարեղենը մանրակրկիտ լվանալ հոսող ջրով, կասկածելի ջրի դեպքում՝ եռացրած-սառեցրած ջրով,

🔹 լողալ միայն թույլատրված լողավազաններում, որտեղ իրականացվում են ախտահանման և ջրի որակի հսկողության աշխատանքներ,

🔹 պաշտպանել սնունդը ճանճերից և այլ միջատներից։

x Close

Like Us On Facebook