Thursday, May 2, 2024
ՀիվանդություններՄանկան ԱնկյունՆորություններSEO

Ինչպես ճիշտ բուժել երեխայի աչքին առաջացած ակնագարիկը.tert.am

Այս մասին հաղորդում  է tert.am :Ակնագարիկը (ячмень) շատ տարածված խնդիր է երեխաների շրջանում, որը դրսևորվում է տհաճ քորով ու ցավոտ զգացողություններով: Ընդհանուր առմամբ՝ այն բավական անվնաս հիվանդություն է և անգամ չբուժելու դեպքում կանցնի մեկ շաբաթվա ընթացքում, սակայն, այնուամենայնիվ, այն պետք չէ անտեսել:

Ակնագարիկը կոպի ճարպագեղձի բորբոքումն է, որի հարուցիչը, որպես կանոն, լինում է ոսկեգույն ստաֆիլակոկը: Այս հիվանդությունը կարող է ախտահարել կոպի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին հատվածը: Բացի այդ, այն կարող է ունենալ բորբոքման ինչպես մեկ, այնպես էլ մի քանի օջախ, և զարգանալ մեկ կամ երկու կոպի վրա:

Հիվանդության առաջին ախտանշաններն են ցավն ու կոպի եզրի այտուցվածությունը, որից հետո ախտահարված կոպը կարմրում է և էլ ավելի է այտուցվում: 2-3 օր անց առաջանում է թարախային գլխիկ, իսկ 3-4-րդ օրն արդեն սկսում է նկատվել նաև թարախային արտադրություն: Սակայն ժամանակին բուժումը սկսելու դեպքում կարելի է խուսափել նման բարդություններից:

Սովորաբար ակնագարուկն ի հայտ է գալիս անձնական հիգիենային պատշաճ կերպով չհետևելու պատճառով: Պարբերաբար օճառ չօգտագործելու հետևանքով ճարպագեղձերի ծորանները կարող են խցանվել այդ գեղձերի արտազատուկով, որն էլ հիանալի միջավայր է միկրոօրգանիզմների բազմացման համար:

Որոշ դեպքերում ակնագարուկը միայն ուղեկցող հիվանդություն է առողջական մեկ այլ խնդրին, որոնց շարքին են դասվում.

·         մակաբուծային հիվանդությունները,

·         աղեստամոքսային տրակտի հիվանդությունները,

·         նյութափոխանակության խանգարումները (օրինակ՝ շաքարային դիաբետ),

·         աչքի հիվանդությունները,

·         քթի, կոկորդի և ականջի քրոնիկական բորբորքային հիվանդությունները,

·         հիպովիտամինոզները՝ հատկապես, եթե խոսքը B խմբի վիտամինների մասին է:

Հարկ է հիշել, որ ակնագարիկն առաջին հերթին վկայում է իմունիտետի թուլացման մասին, ուստի պարբերաբար նման խնդիրների ի հայտ գալու դեպքում հարկավոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ, պարզել դրա առաջացման պատճառը և բուժել այն:

Առաջին բուժօգնություն ակնագարիկի դեպքում

Եթե երեխան բավականին մեծ է և խնդրելու դեպքում կփակի աչքերը, ապա կարելի է «այրել» ախտահարված հատվածը սպիրտի կամ յոդի լուծույթի միջոցով:

Հիվանդության վաղ փուլերում (մինչ թարախի առաջանալը) շատ արդյունավետ կարող է լինել տաք չոր կոմպրեսը: Այս դեպքում կարելի է ախտահարված կոպին դնել խաշած տաք ձու (առանց կեղևազրկելու), կարտոֆիլի խյուս (կարտոֆիլն առանց կեղևազրկելու խաշել և տրորել) կամ տաքացրած և որևէ կտորի մեջ փաթաթած աղ:

Ակնագարիկի զարգացումն արգելակելու համար հիանալի միջոց են նաև թունդ սև թեյի թրջոցները, դեղատնային երիցուկի թուրմը, կեչու բողբոջների եփուկը, սամիթի սերմերի եփուկը և ֆուրացիլինի լուծույթը: Նշված միջոցները շատ արդյունավետ են բորբոքումից ազատվելու համար: Դրանք կօգնեն շատ արագ բարելավել երեխայի վիճակը, իսկ որոշ դեպքերում անգամ բավական կլինեն լիարժեք բուժման համար:

Հարկ է հիշել, որ անհրաժեշտ է շտապ դիմել բժշկին, եթե.

·         ակնագարիկն ի հայտ է եկել նորածին երեխայի մոտ,

·         ակնագարիկն առաջացել կոպի ներքին մակերևույթին,

·         երեխայի մարմնի ջերմաստիճանը 38°c-ից բարձր է,

·         աչքի շուրջը նկատվում է լուրջ այտուցվածություն,

·         այտուցը չի անցնում 5 օրից ավել:

Որպես կանոն՝ ակնագարիկն առաջանում է վարակման հետևանքով, ուստի դրա բուժման համար կիրառվում են տեղային հակամանրէային դեղամիջոցներ (կաթիլներ, քսուքներ): Եթե այս խնդիրը պայմանավորված է որևէ հիվանդությամբ, ապա հաճախ դրա բուժման համար կիրառվում են հակաբիոտիկներ: Սակայն հարկ է հիշել, որ նման դեղորայք կարելի է օգտագործել միայն բժշկի նշանակմամբ:

6 կանոն, որոնց հարկավոր է անպայման հետևել

Ակնագարիկի բուժման մեթոդները շատ արդյունավետ են, սակայն, որպեսզի դրանք օգնեն, բուժման ժամանակ հարկավոր է անպայման հետևել նշված կանոններին.

·         Երեխան չպետք է ձեռքերով դիպչի աչքերին, քանի որ այդ դեպքում հիվանդությունը կարող է տարածվել: Եթե երեխային որևէ բան է խանգարում կամ կա թարախային արտադրություն, ապա հարկավոր է օգտագործել մաքուր թաշկինակ կամ անձեռոցիկ:

·         Ոչ մի դեպքում չի կարելի սեղմել ակնագարուկը կամ փորձել կտրելով մաշկը բացել այն թարախը մաքրելու համար, քանի որ դա կարող է հանգեցնել լուրջ բարդությունների: Նման պրոցեդուրա կարող է անցկացնել միայն բժիշկը:

·         Հիվանդության տարածումից խուսափելու համար հարկավոր է յուրաքանչյուր աչքի համար առանձին բամբակյա սկավառակ կամ մառլյա օգտագործել: Ընդ որում՝ սկզբում հարկավոր է մշակել քիչ ախտահարված հատվածները՝ աստիճանաբար անցնելով լուրջ ախտահարված հատվածներին: Եթե հարկավոր է լվանալ աչքերը, ապա յուրաքանչյուրի համար հարկավոր է առանձին լուծույթ օգտագործել:

·         Երեխայի աչքի լորձաթաղանթի վնասումից խուսափելու համար պետք չէ օգտագործել սուր ծայրով կաթոցիկ:

·         Բացի այդ, պետք չէ մոռանալ նաև տարրական հիգիենայի մասին: Ամեն պրոցեդուրայի ավարտին հարկավոր է լավ լվանալ ու չորացնել կաթոցիկը, ինչպես նաև սպիրտով ախտազերծել աչքերի համար նախատեսված կաթիլների սրվակի ծայրը, ինչը թույլ կտա խուսափել վարակումից:

·         Նաև հարկ է հիշել, որ բուժման համար ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել ժամկետանց դեղորայք կամ զբաղվել ինքնաբուժությամբ՝ առանց բժշկի հետ խորհրդակցելու:

Չնայած, որ ակնագարիկի առաջացման պատճառը վարակն է, այն վարակիչ հիվանդություն չէ և չի կարող մի երեխայից մյուսին փոխանցվել, ուստի հիվանդության սուր շրջանում պետք չէ արգելել երեխային զբոսնել ու շփվել այլ երեխաների հետ: Սակայն միևնույն ժամանակ հարկավոր է խուսափել երեխայի գերտաքացումից ու գերսառեցումից:

Ակնագարիկի կանխարգելման համար մասնագետները խորհուրդ են տալիս առաջին հերթին հետևել անձնական հիգիենային: Երեխան պետք է պարբերաբար օճառով լվանա ձեռքերն ու դեմքը և օգտագործի առանձին սրբիչ:

Նաև անհրաժեշտ է հոգալ իմունիտետի ամրապնդման մասին: Շատ արդյունավետ կլինի ֆիզիկական ակտիվությունը՝ ինչպես տանը, այնպես էլ մաքուր օդին: Երեխայի սննդակարգը պետք է հարուստ լինի թարմ բանջարեղենով ու մրգերով, իսկ էլ ավելի լավ արդյունքի համար կարելի է տալ երեխային նաև մուլտիվիտամինային հավելումներ և կոփել նրա առողջությունը հանգստավայրերում ու առողջարաններում:

Նյութի աղբյուրը՝ mamapedia.com.ua

Leave a Reply

x Close

Like Us On Facebook