Saturday, May 4, 2024
Նորություններ

Թաիլանդցի բժշկին հաջողվել է բուժել կորոնավիրուսի նոր տեսակով վարակված տարեց կնոջն ընդամենը երկու օրում

Թաիլանդում կորոնավիրուսի նոր տեսակով վարակված տարեց կնոջը հաջողվել է բուժել ընդամենը երկու օրում ՄԻԱՎ-ի և գրիպի դեմ դեղամիջոցների համադրության միջոցով: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ հղում անելով Թաիլանդի առողջապահության նախարարությանը:

Նշվում է, որ Բանգկոկի Ռաջավիթի հիվանդանոցի բժիշկներից մեկին հաջողվել է բուժել 71-ամյա չինաստանցի կնոջը՝ կիրառելով ՄԻԱՎ-ի դեմ նախատեսված Լոպինավիր/Ռիտոնավիր դեղամիջոցի և գրիպի դեմ պայքարի համար նախատեսված Օզելտամիվիր դեղամիջոցի մեծ չափաբաժնի համադրությունը:

Բուժման շնորհիվ թեստի արդյունքները դրականից դարձել են բացասական ընդամենը 48 ժամվա ընթացքում: Բժիշկն ընդգծել է, որ վերջին լաբորատոր թեստը ցույց է տվել, որ կնոջ շնչառական համակարգում վիրուսի հետքեր չեն մնացել:

Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am-ը, Չինաստանում նոր մահացու 2019-nCoV կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 17 205-ի, մահացածների թիվը` 361-ի:

Ըստ Չինաստանի առողջապահության նախարարության հայտնած տեղեկության` միայն փետրվարի 2-ին Չինաստանում գրանցվել է հիվանդության 2829 նոր դեպք և 57 մահվան դեպք: «Ընդհանուր առմամբ, 189 583 մարդ շփման մեջ են եղել վարակվածների հետ, նրանցից 152 700-ը գտնվում են բժշկական հսկողության ներքո»,-ասված է հանձնաժողովի հայտարարության մեջ:

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:

Վերջին օրերին ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի:

Նյութը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook