Wednesday, October 8, 2025
ՀիվանդություններՆորություններ

Ի՞նչ անել օձի խայթոցի դեպքում

Հայստանում տարածված 22 տեսակից թունավոր են միայն 4 տեսակի իժերը՝ գյուրզան, հայկական իժը, Դարևսկու իժը և Երևանյան տափաստանային իժը: Օձերը նախահարձակ չեն և խայթում են միայն ինքնապաշտպանության նպատակով:

👩‍⚕️ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայի ղեկավար Մարինե Գրիգորյանի փոխանցմամբ՝ իժերի թույնը ունենում է տեղային և համակարգային ազդեցություն՝ զարգացնելով արյան, մակարդելիության, սիրտ անոթային համակարգի, նաև կծած տեղում մաշկի և մկանների ծանր ախտահարում:

🔴Տեղային ազդեցություն (15 րոպեից – մի քանի ժամերի ընթացքում)

☑️ճառագայթող բնույթի ցավ (վերջույթից դեպի թևատակ/աճուկ)

☑️ կծած տեղում հարաճուն այտուցի զարգացում և տարածում դեպի հարակից հատվածներ (կծած վերջույթից դեպի իրան, գոտկատեղ)

առավել վտանգավոր է պարանոցի և գլխի շրջանում կծածը, երբ այտուցը սպառնում է շնչուղիների անցանելիության խանգարմանը

☑️ կծած տեղի ավշահանգույցների և ավշային անոթների զգայունություն(թույնը տարածվում է ավշային ուղիներով և ավշահանգույցների մեծացումը կանխորոշում է ծանր սիստեմոտոքսիկ ազդեցություն)

☑️կծածի հետքեր․ թունավոր ժանիքների երկու կամ մեկ կետային ատամնա հետքեր, իսկ կրկնակի կծածի դեպքում` բազմակի կետային կամ քերծված վերքերի տեսքով,երբեմն նաև ատիպիկ, առանց բնորոշ ատամնահետքերի,

☑️թունավորումը վկայող տեղային բնորոշ նշաններից են հարաճուն այտուցը, կարմրությունը, կապտուկները, արյունազեղումները, էկխիմոզները, բուլաները, մեռուկային օջախները:

🔴Համակարգային ազդեցություն (5 րոպեից – մի քանի ժամերի ընթացքում)

☑️ տագնապ, ընդհանուր թուլություն, գլխապտույտ,ծանր դեպքերում՝ գիտակցության ընկճում

☑️ սրտխառնոց, փսխումներ, մետաղական համ բերանում, փորացավ, գլխացավ, դող, գերքրտնություն

☑️ հաճախաշնչություն,հաճախասրտություն, արյան ճնշման անկում

☑️ծանր դեպքերում՝ արյան մակարդելիության խանգարման, հեմոլիզի նշաններ

☑️ կոագուլոպաթիայի, երկրորդային արյունազեղումների, դեպի կծած վերջույթ հեղուկի արտանետման հետևանքով զարգացող հիպովոլեմիան և/կամ թույնի ուղղակի ազդեցությամբ պայմանավորված վազոդիլատացիան/սրտամկանի ընկճումը կարող են հանգեցնել ծանր շոկի:

❓Ի՞նչ անել եթե խայթել է օձը

☑️ պառկեցնել տուժածին,

☑️ հորդորել, հանգստացնել, բացատրել, որ չշարժի կծած վերջույթը,

☑️անշարժեցնել կծած վերջույթը ֆունկցիոնալ դիրքով, կծած վերքը պահելով սրտի մակարդակին հավասար դիրքում (վերջույթի ցածր դիրքը կնպաստի այտուցի ավելացմանը, իսկ բարձր դիրքը՝ թույնի արագ ներթափանցմանը),

☑️կծած հատվածից հեռացնել սեղմող/ճնշող հագուստը,կապերը, կոշիկը, մատանիները և այլ․ պետք չէ հանել չճնշող հագուստը, մաքսիմալ պակասեցնելով ավելորդ շարժումները և թույնի արագ տարածումը,

☑️ չափել և նշել այտուցի մաքսիմալ տարածման սահմանը՝ հետագա համեմատության համար:

❌Օձի խայթոցի դեպքում արգելված են հետևյալ միջամտությունները

🔸բերանով կամ մեխանիկական սարքով թույնի արտածծում,

🔸կտրվածքներ վերքի շրջանում,

🔸վերքի այրում,

🔸սառցեպարկեր դնելը,

🔸ճնշող վիրակապ,

🔸լարան,

🔸 վերքի մշակում կամ լվացում (եթե հիվանդանոց տեղափոխելը տևում է < 1 ժամ),

🔸 ալկոհոլի ընդունում:

Հավաքագրել անամնեզ

🔸ճշտել դեպքի վայրը և ժամը,

🔸ճշտել դեպքի հանգամանքները՝ արդյոք առկա է նաև վնասվածք,

🔸 հնարավորինս ճշտել օձի տեսակը, օգնում են դիգիտալ նկարները,

🔸ճշտել մինչև բժշկական փուլում ցուցաբերած բուժօգնությունը,

🔸ճշտել արդյոք առկա են ուղեկցող հիվանդություններ և ռեգուլյար ընդունվող դեղորայք(ասպիրին, բետա պաշարիչ, ոչ ստերոիդ հակաբորբոքային, հակամակարդիչ դեղամիջոցներ), որոնք կարող են խանգարել կլինիկական գնահատմանը կամ բուժմանը,

🔸ճշտել, ստացել է արդյոք հակափայտացման պատվաստումը, եթե ոչ, ապա ձեռնարկել անատոքսինի ներարկումը:

Կենսական ցուցանիշների մոնիտորինգ

🔸գիտակցություն, շնչառություն, պուլս, սրտի ռիթմ, զարկերակային ճնշում, մարմնի ջերմություն, դիուրեզ,

🔸ապահովել վերջույթի շարունակական անշարժեցումը, չափել և նշել ավելացող այտուցի սահմանները,

բոլոր տուժածները ենթակա են հոսպիտալիզացիայի և նվազագույնը 12 ժամ վերահսկողության և պետք է տեղափոխվեն մոտակա բուժհաստատույթուն, որտեղ հասանելի է հակաթույնը:

Հակաթույնի ներարկման բացարձակ ցուցումներ են՝

🔸 արտահայտված տեղային և համակարգային ախտանիշների առկայությունը

🔸տեղային այտուցների արագ հարաճը առաջին 2-4 ժամերի ընթացքում վերջույթի կեսից ավելին(վերին վերջույթի դեպքում դաստակից վեր, ստորինի դեպքում՝ կոճից վեր),

🔸 շոկը,

🔸աղեստամոքսային ախտանիշներ,

🔸նյարդաբանական ախտանիշներ:

Հավելենք, որ այս տարի նախորդ տարիների համեմատ՝ օձի խայթոցի դեպքերը զգալիորեն նվազել են:

x Close

Like Us On Facebook