Sunday, April 28, 2024
Նորություններ

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ կարմիր բողկ ենք ուտում

Բողկն արմատապտղավոր բանջարաբույս է, որն առանձնահատուկ համ ունի։ Sputnik Արմենիայի այս հոդվածում կպատմենք, թե ինչ օգուտ է տալիս բողկը օրգանիզմին, և ինչու այն չարժե չարաշահել։

Կարմիր բողկն առանձին բուսատեսակ չէ, այլ բողկի տեսակներից մեկը։ Այն ստացել են համեմատաբար ոչ շատ վաղուց, բայց դա չի խանգարել, որ դառնա ամենապահանջված բանջարեղեններից մեկը։

Ի տարբերություն իր «եղբայր» սպիտակ բողկի` կարմիրն այնքան էլ կծու ու դառնավուն համ չունի, բայց պահանջված է դարձել ոչ միայն այդ պատճառով։ Բանն այն է, որ այս արմատապտուղն իսկական «սուպերֆուդ» է, ընդ որում` շատ հասանելի։

Կարմիր բողկը հարուստ է PP, C վիտամիններով և B խմբի վիտամիններով։ Պարունակում է մեծ քանակությամբ նատրիում, երկաթ, մագնիում, ֆոսֆոր, կալիում և կալցիում, ինչպես նաև բջջանյութ, սպիտակուցներ և եթերայուղեր, որոնք օգնում են նիհարել։ Այս բանջարեղենի ընդամենը 250 գրամը բավարարում է ասկորբինաթթվի (վիտամին C) օրական պահանջը։

Ընդ որում` մթերքի էներգետիկ արժեքը 100 գրամի համար ընդամենը 15-20 կկալ է։ Այնպես որ կարմիր բողկը հանգիստ կարելի է ներառել նիհարեցնող սննդակարգի ճաշատեսակներում։

Բողկն ունի միզամուղ, լեղամուղ, խորխաբեր, ցավամոքիչ, հանգստացնող հատկություններ։ Բարձրացնում է դիմադրողականությունը, կանխում ջղակծկումները, կանխարգելում ուռուցքների առաջացումը և օրգանիզմից դուրս բերում ռադիոակտիվ նյութերը։

Սննդի մեջ սովորաբար օգտագործվում են բողկի արմատապտուղները, բայց տերևները պակաս սննդարար ու օգտակար չեն (ուտելուց առաջ ցանկալի է մի քանի րոպեով թողնել եռման ջրի մեջ, քանի որ պատված են մանր, կոշտ մազմզուկներով):

Մաքրում է

Արմատապտուղը լեղամուղ հատկություն ունի և վերացնում է այտուցները։ Շատ օգտակար է լեղապարկի և լյարդի համար։ Պարբերաբար ուտելու դեպքում աղիները մաքրվում են թունանյութերից։

Հակացուցումներ

Բողկի բաղադրության մեջ եղած որոշ յուղերը գրգռում են լորձաթաղանթը, ընդ որում` ոչ միայն քթի ու բերանի, այլ նաև աղիների։ Ուստի աղիքային հիվանդությունների, ինչպես նաև խոցային հիվանդությունների, գաստրիտի, կոլիտի դեպքում այս արմատապտուղը խորհուրդ չի տրվում ուտել։

Բացի այդ, բույսի հյուսվածքում եղած յուղերը վերածվում են «ցիանոգեն գլիկոզիդներ» կոչվող նյութերի։

Դրանք կարող են լուրջ վնաս հասցնել վահանաձև գեղձին և առհասարակ էնդոկրին համակարգին, իսկ ծանր դեպքերում կարող են անգամ դառնալ խպիպի (զոբ) առաջացման պատճառ։ Այդ պատճառով վահանաձև գեղձի հիվանդություններ ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում սահմանափակել կարմիր բողկի օգտագործումը։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook