Wednesday, May 8, 2024
ՀիվանդություններՆորություններ

Ինչու են դողում ձեռքերը

Ձեռքերի դողի պատճառները շատ տարբեր կարող են լինել՝ սթրեսից ու թերսնուցումից մինչև նյարդաբանական լուրջ հիվանդություններ։ Ահա դրանցից մի քանիսը։

Էսենցիալ տրեմոր (դող)

Էսենցիալ տրեմորը նյարդային համակարգի խանգարում է, որը ձեռքերի դողի առավել տարածված պատճառներից մեկն է։ Էսենցիալ տրեմորի առաջացման հստակ պատճառները հայտնի չեն, սակայն երբեմն այն կապվում է ժառանգականության հետ։ Թեթև ախտանշանների դեպքում այս խանգարումը բուժման կարիք չի էլ զգում, սակայն ավելի բարդ դեպքերում, երբ խաթարվում է մարդու առօրյա նորմալ կենսագործունեությունը, կարող է նշանակվել դեղորայքային բուժում կամ վիրահատական միջամտություն։

Պարկինսոնի հիվանդություն

Այս հիվանդությանը բնորոշ ախտանշաններից մեկն էլ ձեռքերի դողն է, որն առաջանում է գլխուղեղի՝ շարժունակության համար պատասխանատու բջիջների մահացության կամ վնասվածքների արդյունքում։ Դողը սովորաբար մի ձեռքից է սկսվում՝ ժամանակի ընթացքում տարածվելով նաև մյուս ձեռքի վրա։ Հիվանդությունն առաջացնում է նաև դանդաղկոտություն, մարմնի հավասարակշռության հետ կապված խնդիրներ, մկանների պրկվածություն։ Պարկինսոնի հիվանդության դեպքում դողի հիմնական բուժումը դեղորայքային է, երբեմն էլ՝ վիրահատական՝ մկանային վերահսկողությունը բարելավելու համար։
Ցրված սկլերոզ

Այս հիվանդությունը վնասում է նյարդերի սպիտակ նյութը՝ միելինը, և երբ դա տեղի է ունենում, դրսևորվում են բնորոշ ախտանշանները, այդ թվում ձեռքերի և մարմնի այլ հատվածների դողը։ Այս հիվանդությունը կարելի է վերահսկել դեղորայքային բուժման, ֆիզիոթերապիայի միջոցով։
Թիրեոտոքսիկոզի համախտանիշ (հիպերթիրեոզ)

Ձեռքերի դողը կարող է հիպերթիրեոզի ախտանշաններից մեկը լինել։ Դա տեղի է ունենում, երբ վահանաձև գեղձը չափից ավելի լարված է աշխատում՝ առաջացնելով վահանագեղձի հորմոնների գերքանակ արյան մեջ։ Ձեռքերի դողից զատ հիպերթիրեոզը կարող է արտահայտվել սրտի ռիթմի խանգարմամբ, ավելի հաճախ՝ հաճախասրտությամբ, սիստոլիկ զարկերակային հիպերտենզիայով, քաշի նվազմամբ, ջերմության բարձրացմամբ, գերքրտնարտադրությամբ, դյուրագրգիռ վիճակով՝ ընդհուպ մինչև փսիխոզով, լացկանությամբ, աշխատունակության անկմամբ, փորլուծությամբ, ախորժակի բարձրացմամբ, կանանց մոտ դաշտանային ցիկլի խանգարումներով։ Արյան պարզ անալիզի միջոցով է ախտորոշվում այս հիվանդությունը, որից հետո նշանակվում է համապատասխան բուժում։

Կոֆեինի չարաշահում

Կոֆեինը բնական խթանիչ նյութ է, որն օգնում է արթնանալ առավոտյան, բայց և կարող է ձեռքերի դողի առաջացման պատճառ դառնալ, եթե օգտագործվի չափից ավելի։ Ընդ որում, կոֆեինի չարաշահումը միայն սուրճի չարաշահումով պայմանավորված չէ, կոֆեինն առկա է նաև գլխացավի դեմ պայքարող դեղամիջոցների, շոկոլադի, գազավորված որոշ ըմպելիքների կազմում։
Ալկոհոլից հրաժարում

Եթե մարդն ալկոհոլային կախվածություն ունի, ապա դրանից հրաժարվելու ճանապարհին կարող է ձեռքերի դող ունենալ, որը սովորաբար սկսվում է ալկոհոլի վերջին չափաբաժնի ընդունումից 10 ժամ հետո և կարող է տևել մի քանի շաբաթ։ Դետոքսիկացիոն որոշ ծրագրեր կօգնեն ազատվել ալկոհոլից հրաժարվելու ընթացքին բնորոշ ախտանշաններից։

Քնի անբավարարություն

Քնի անբավարարությունը նույնպես կարող է ձեռքերի դող առաջացնել, սակայն, բարեբախտաբար, խնդիրը հարթելուն պես այդ տհաճ վիճակն անհետանում է։

Արյան մեջ շաքարի ցածր մակարդակ

Մարդու մկաններն ու նյարդերը սնուցվում են արյան մեջ պարունակվող շաքարով և երբ բավականաչափ չեն ստանում, ազդանշաններ են հղում, որոնք արտահայտվում են նաև ձեռքերի դողով։ Արյան մեջ շաքարի ցածր մակարդակի պատճառը կարող է լինել դիաբետը, որոշ դեղամիջոցների օգտագործումը, ալկոհոլի չարաշահումն ու թերսնուցումը։

Սթրես

Հուզական ապրումները, անհանգստությունը, նյարդերի լարումը ձեռքերի դողի պատճառ կարող են դառնալ, և այս դեպքում օգնում են սթրեսից ազատվելու, ռելաքսացիայի մեթոդները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2023/07/13/1354707/?fbclid=IwAR3P6RTC4QgfIz8tu9UjIpXISu4ViUAAXjk3W8aVl4wtlX9GLqo9B0xfQq8

Leave a Reply

x Close

Like Us On Facebook