Wednesday, October 8, 2025
Նորություններ

Ինչպե՞ս կատարել կրծքագեղձի ինքնազննում

Կրծքագեղձի քաղցկեղը շարունակում է մնալ կանանց շրջանում ամենատարածված չարորակ ուռուցքներից մեկը։ Վաղ հայտնաբերման դեպքում բուժման արդյունքները զգալիորեն բարելավվում են, իսկ վիրահատական միջամտությունները՝ ավելի փոքրածավալ և արդյունավետ լինում։ Այդ պատճառով կարևոր է յուրաքանչյուր կնոջ համար սովորել և կանոնավոր իրականացնել կրծքագեղձի ինքնազննում։

Ինքնազննման շնորհիվ հնարավոր է ժամանակին նկատել կրծքագեղձի նորմայից տարբերվող փոփոխություններն ու խորհրդակցել բժշկի հետ։

Ե՞րբ իրականացնել ինքնազննումը

  • Դաշտանային ցիկլ ունեցող կանայք պետք է ինքնազննում կատարեն ամեն ամիս՝ դաշտանի ավարտից 2–3 օր անց։
  • Դաշտանադադար ունեցող կանայք կարող են ընտրել ամսվա որևէ կոնկրետ օր (օրինակ՝ յուրաքանչյուր ամսվա առաջինը, երրորդը կամ հինգերորդը) և պահպանել պարբերականությունը։

Ինքնազննման տեխնիկան

Կրծքագեղձի ինքնազննումը բաղկացած է մի քանի հաջորդական գործողություններից․

1․ Տեսողական զննում

Կանգնեք հայելու առջև և ուշադիր զննեք կուրծքը՝

  • ձեռքերն իջեցրած վիճակում,
  • ապա ձեռքերն բարձրացնելով վեր,
  • այնուհետև դնելով գոտկատեղին։

2․ Շոշափում կանգնած դիրքում

  • Ձեռքի ափի կողմով՝ մատները միասին ու ուղիղ պահած, թեթևակիորեն սեղմեք կուրծքը։
  • Շրջանաձև շարժումներով դանդաղ շարժեք մատները՝ սկսելով կրծքագեղձի արտաքին մասերից դեպի կենտրոն։
  • Պատկերացրեք կուրծքը որպես ժամատախտակ․ զննեք հերթականությամբ՝ 12-ից սկսած մինչև ամբողջ հյուսվածքը, ներառյալ պտուկի շրջանը։
  • Սեղմեք պտուկը և ստուգեք՝ կա արդյոք արտադրություն։

3․ Շոշափում պառկած վիճակում

  • Պառկեք հարթ մակերևույթի վրա։
  • Զննելու համար աջ կուրծքը՝ ծալված սրբիչ դրեք աջ ուսի տակ, ձախ ձեռքը դրեք գլխի տակ և աջ ձեռքով զննեք կուրծքը և անութափոսը։
  • Նույնը կատարեք ձախ կողմի համար։

4․ Զննում լոգանքի ժամանակ

Լոգանքի ընթացքում, երբ մաշկը թաց է և սահուն, հեշտ է իրականացնել մանրակրկիտ շոշափում․

  • Օճառաջրով սահուն մատների շրջանաձև շարժումներով զննեք կուրծքը և թևատակի հատվածը։
  • Սա թույլ է տալիս ավելի արագ նկատել գոյացություններ կամ պնդացումներ։

5․ Անութափոսի զննում

  • Շոշափեք թևատակերը՝ ստուգելով ավշային հանգույցների վիճակը։
  • Ուշադրություն դարձրեք այտուցների կամ պնդացումների առկայությանը։

💡 Հիշե՛ք․ աջ կուրծքը և անութափոսը պետք է զննվի ձախ ձեռքով, իսկ ձախը՝ աջ ձեռքով։

Կրծքագեղձի նորմալ փոփոխությունները

Որոշ փոփոխություններ կարող են բնական լինել և պայմանավորված են օրգանիզմի վիճակով․

  • Ամենամսյա հորմոնալ փոփոխությունների պատճառով կուրծքը կարող է լցվել, գնդված թվալ կամ դառնալ զգայուն։
  • Հղիության ընթացքում այն մեծանում և պնդանում է։
  • Տարիքի հետ կրծքում գերակշռում է ճարպային հյուսվածքը։
  • Մարմնի քաշի ավելացումը կամ նվազումը կարող է փոխել կրծքերի չափերը։

Կրծքագեղձի արտասովոր փոփոխությունները և քաղցկեղի ազդանշանները

Եթե ինքնազննման ընթացքում նկատեք հետևյալ նշանները, անհրաժեշտ է դիմել բժշկի․

  • Կրծքի չափի կամ ձևի փոփոխություն
  • Պտուկի շրջանում կարմրություն և/կամ ցան
  • Պտուկից արտադրություն
  • Փքվածություն անրակների և թևատակերի շրջանում
  • Կրծքում շոշափելի գունդ/գոյացություն 
  • Կրծքի մաշկային փոփոխություններ (կնճռոտում՝ մաշկը կարող է նմանվել նարնջի կեղևի)
  • Պտուկի ներքաշված լինելը, ինչպես նաև ձևի կամ տեղակայվածության փոփոխությունը 
  • Ցավի զգացողություն կրծքում և/կամ թևատակերում

Կրծքագեղձի ինքնազննումը յուրաքանչյուր կնոջ առողջության պահպանման կարևոր քայլերից մեկն է։ Այն սովորելու համար հարկավոր է ընդամենը մի քանի րոպե ամսական, սակայն դրա շնորհիվ հնարավոր է ժամանակին նկատել փոփոխությունները և դիմել մասնագետի։

Հիշե՛ք՝ վաղ հայտնաբերումը փրկում է կյանքեր։ Ժամանակին հետազոտվե՛ք և եղե՛ք առողջ։

x Close

Like Us On Facebook