
Առաջին ախտանշաննեն ի հայտ են գալիս աշխատանքային օրվա վերջում ոտքերում՝ հոգնածության, ծանրության զգացման, այտուցի տեսքով։ Ավելի բարդ իրավիճակներում՝ մաշկային փոփոխություններ, ցավոտ խոցեր, արյունահոսություններ, թրոմբոզներ։

Պետք է խուսափել կամ նվազագույնի հասցնել ռիսկի գործոնները (հավելյալ քաշ, ֆիզիկական ծանրաբեռնվածություն, դիսհորմոնալ վիճակ, երկարատև անշարժ նստած կամ կանգնած վիճակ, աշխատանք տաք միջավայրում և այլն):

Վարիկոզ հիվանդությունը հանդիպում է միջին և բարձր տարիքում թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց շրջանում: Կանանց դեպքում ռիսկի գործոն են նաև բարձրակրունկ կոշիկները, եթե դրանցից հնարավոր չէ հրաժարվել, ապա գոնե նախընտրելի են 3-4սմ բարձրությամբ կոշիկները։

Թրջոցները, զանազան քսուքները, որոնք սառեցնող հատկություն ունեն, բուժման մեթոդ չեն համարվում, ընդամենը կարող են ժամանակավորապես ցավը հանգստացնել։

Հիվանդությունն ունի զարգացման 6 փուլ, այն ախտորոշվում է կլինիկական զննման, դուպլեքս հետազոտության միջոցով:

Բուժումը կախված է հիվանդության արտահայտման կլինիկական փուլից: Առաջարկվում է կոնսերվատիվ բուժում, դեղորայքային, կոմպրեսիոն թերապիա, սկլերոթերապիա, վիրահատական բուժում, կլասիկ վենէկտոմիա, Էնդովենոզ լազերային կոագուլյացիա, էնդովենոզ ռադիոալիքային աբլացիա, մեխանոքիմիական աբլացիա, բիոսոսնձում։

Վարիկոզ հիվանդությունն ունի ժառանգական նախատրամադրվածություն, սակայն ապրելակերպը կարող է նպաստել հիվանդության զարգացման: Ժամանակին բուժումը կարող է կանխել վիրահատական ելքը կամ առնվազն թեթևացնել հետիրահատական ընթացքը։

Հիվանդության կանխարգելման, վաղ ախտորոշման, բարդություններից խուսափելու նպատակով խորհուրդ է տրվում առաջին իսկ կլինիկական ախտանշանների ի հայտ գալուց դիմել անոթային վիրաբույժին:

Ինչպես ասել է Ռ. Լինտոնը՝ ստորին վերջույթների երակային պաթոլոգիան մարդկության հատուցումն է ուղղահայաց կեցվածքի համար: Բայց այս հատուցումը կարելի է մեղմել՝ խուսափելով, կանխարգելելով հիվանդության զարգացումը։