Ինչ հիվանդություն է կարմիր քամին և ինչպես տարբերել այն մաշկի այլ խնդիրներից
Կարմիր քամին մաշկի և ենթամաշկային ճարպաբջջանքի վարակային ծագման սուր հիվանդություն է։ Չնայած այն հանգամանքին, որ ժամանակակից բժշկությունը զգալի առաջընթաց է գրանցել՝ կարմիր քամին շարունակում է մնալ տարածված և երբեմն նաև վտանգավոր։
«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» փոդքաստի հերթական թողարկման շրջանակում թեմայի շուրջ զրուցել ենք բժիշկ-վարակաբան, վարակաբանության գծով ԱՆ խորհրդատու Արմեն Օհանյանի հետ:
Մասնագետի խոսքով՝ կարմիր քամին ինֆեկցիոն հիվանդություններից է, որն ունի «գեղեցիկ անուն», սակայն իրականում բակտերիալ վարակ է՝ հիմնականում ստրեպտակոկային, երբեմն նաև ստաֆիլակոկային ծագմամբ։ Օհանյանը նշում է, որ հիվանդության անվանումը պայմանավորված է մաշկի կարմրությամբ։
«Հիվանդությունը հիմնականում ախտահարում է մաշկը՝ առավել հաճախ վերջույթների շրջանում, սակայն կարող է ի հայտ գալ մարմնի ցանկացած հատվածում։ Այն առանձնանում է նրանով, որ ուղեկցվում է ոչ միայն տեղային, այլև ընդհանուր ախտանշաններով՝ բարձր ջերմությամբ, ինքնազգացողության կտրուկ վատացմամբ, սրտխառնոցով և թուլությամբ»,- ասաց մասնագետը:
Մասնագետը նշեց, որ փոխանցման առումով հիվանդությունը մեծ վտանգ չի ներկայացնում շրջապատի համար։ Այն ավելի հաճախ կապված է օրգանիզմում արդեն առկա բակտերիաների ակտիվացման հետ, երբ խաթարվում է մաշկի պաշտպանական շերտը.
«Ստրեպտակոկը կարող է լինել մաշկի վրա, և երբ այն վնասվում է, կարող է ներթափանցել օրգանիզմ: Հիվանդության սկիզբը սովորաբար սուր է․ սկզբում ի հայտ է գալիս ընդհանուր թուլություն և բարձր ջերմություն, ապա՝ ցավ ախտահարված հատվածում, որին հաջորդում է կարմրությունը։ Ժամերի կամ օրերի ընթացքում այն կարող է զարգանալ՝ առաջացնելով ջրով լցված բշտեր և նույնիսկ արյունազեղումներ»,- պարզաբանեց մասնագետը:
Նրա խոսքով՝ կարմիր քամին կարող է հանդիպել ցանկացած տարիքում, սակայն առավել հաճախ հանդիպում է մեծահասակների շրջանում՝ հատկապես խրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց մոտ։ Օհանյանը նշում է, որ այն ավելի շատ պայմանավորված է ուղեկցող հիվանդություններով, օրինակ՝ անոթային խնդիրներով կամ վիրահատություններից հետո առաջացած վիճակներով։ Միևնույն ժամանակ, հիվանդությունը կարող է ի հայտ գալ նաև լիովին առողջ երիտասարդների մոտ։
«Հիվանդությունն ունի նաև սեզոնայնություն։ Գարնան սկզբին նկատվում է դեպքերի աճ, և այժմ մենք գտնվում ենք սեզոնի պիկում։ Այս շրջանում ակտիվանում են նաև այլ ստրեպտակոկային վարակները։ Վիճակագրական հստակ տվյալներ ընդհանուր առմամբ չեն հավաքագրվում, սակայն մենք մեր պրակտիկայում հստակ աճ ենք նկատում»- նշեց Օհանյանը։
Վարակաբանն ընդգծեց, որ ժամանակին չբուժվելու դեպքում կարմիր քամին կարող է առաջացնել լուրջ բարդություններ։ Դրանց թվում են վարակի տարածումը արյան մեջ (սեպսիս), ինչպես նաև ենթամաշկային բջջանքի ախտահարումներ՝ ցելյուլիտ կամ թարախակույտեր. «Այս բարդությունները արդեն կյանքի համար վտանգավոր են: Իսկ բժշկին դիմելիս էլ կարևոր է ճիշտ կողմնորոշվել, քանի որ ոչ բոլոր դեպքերում է կարմրությունը կարմիր քամի։ Եթե կա բարձր ջերմություն և ընդհանուր ինքնազգացողության վատացում՝ մաշկի կարմրության հետ միասին, պետք է հնարավորինս շուտ դիմել վարակաբանի»,-ասաց մասնագետը՝ հավելելով, որ միայն կարմրության դեպքում, առանց ընդհանուր ախտանշանների, դա, որպես կանոն, կարմիր քամի չէ։
Կանխարգելման համար մասնագետը խորհուրդ տվեց պահպանել հիգիենայի կանոնները, խուսափել մաշկի վնասումից և վնասվածքների դեպքում անմիջապես ախտահանել դրանք։

