Sunday, April 28, 2024
ՀիվանդություններՆորություններ

Գիտնականները ստեղծել են կայծքարե նանոչիպեր քաղցկեղի բջիջների դեմ պայքարելու համար

Իսպանիայի ազգային հետազոտական խորհրդի գիտնականները ստեղծել են քաղցկեղի բջիջների դեմ պայքարի նոր միջոց՝ կայծքարե նանոչիպեր։ Դրանք ունեն 22 միկրոմետր տրամագծով աստղի կամ ձյան փաթիլի ձեւ, իսկ հաստությունը 50-500 նանոմետր է։ Իր չափերի շնորհիվ նանոչիպը թափանցում է կենդանի բջջի մեջ եւ սկսում մեխանիկորեն ազդել նրա վրա՝ քայքայելով այն ներսից, գրել է «Տեխկուլտ»-ը։
Քաղցկեղի դեմ պայքարի նոր մեթոդի գաղափարը հայտնվել է բջջի մեխանիկական գործառույթների հետազոտման եւ դրանց վրա տարբեր գործոնների ներգործության շնորհիվ։ Բանն այն է, որ բջջի ցիտոկմախքը դինամիկ կառույց է, որը միավորվում է մեմբրանի հետ եւ կատարում թաղանթի, զրահի եւ զտիչի գործառույթ։ Այդ կառույցը մշտապես փոխվում է, հարմարվում տարբեր իրավիճակներին, եւ իսպանացի գիտնականները որոշել են սովորել ազդել այդ գործընթացի վրա։
Կայծքարե նանոչիպերը բջիջները որպես սպառնալիք չեն ընկալում, ավելին, արագ որսում են դրանք։ Բայց երբ բանը հասնում է բազմացմանը, կոշտ նանոչիպը դառնում է լուրջ խոչընդոտ։ Բջիջը չի կարողանում ավարտել տրոհումը եւ արդյունքում՝ մահանում է։ Իսպանացի հետազոտողները ապացուցել են սա փորձերով. նանոչիպը գործում է որպես փուշ բջջի մարմնում, որը կրիտիկական պահին գործում է եւ խախտում բջջային ցիկլը։
Ձվարանների քաղցկեղի կենսանյութի վրա փորձերի ընթացքում կայծքարե նանոչիպերը կարողացել են ոչնչացնել բջիջների 90 տոկոսը։ Բայց աստղը նանոչիպերի լավագույն ձեւը չէ, գիտնականները շարունակում են փորձերը՝ ավելի արդյունավետ տարբերակներ գտնելու նպատակով։ Բայց արդեն պարզ է, որ կարելի է պատրաստել  միլիոնավոր նանոչիպեր եւ ստեղծել քաղցկեղի դեմ պայքարի նորարարական միջոց։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook