Wednesday, May 22, 2024
Նորություններ

Կորոնավիրուսը գնում է դեպի գրիպ. համաճարակաբանը կարծում է, որ առաջիկայում անհրաժեշտ կլինի ամեն տարի պատվաստվել կորոնավիրուսի դեմ

Կորոնավիրուսով վարակվածության տեմպի առումով մենք դեռ վերելք կունենանք, դեռ շատ ավելի մեծ թվեր կունենանք: Այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների դոկտոր Մերի Տեր-Ստեփանյանը:

«Սա պայմանավորված է նրանով, որ ամբողջ աշխարհում այսօր դոմինանտ է «Օմիկրոն» շտամը, որը բավականին ինտենսիվ տարածման միտում ունի: Այսօր արդեն խոսվում է այն մասին, որ շատ մեծ տոկոս է կազմում կրկնավարակումները, և դրա հաշվին նույնպես դեպքերի թիվն ամբողջ աշխարհում մեծանում է, եթե նախկինում արդեն հիվանդացածի մոտ որոշակի պաշտպանություն կար, ապա «Օմիկրոնի» ժամանակ առկա հակամարմիններն այդպիսի պաշտպանություն չեն տալիս»,- ասաց նա: Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք հավանական է, որ նոր կարանտին սահմանվի, Տեր-Ստեփանյանը նշեց. «Չեմ կարծում, որ նոր լոքդաունի հավանականություն կա, որովհետև այս շտամն ունի մի առանձնահատկություն, որ առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը, այնպիսին ինչպիսին «Դելտա» շտամի ժամանակ էինք տեսնում, չի առաջացնում, որովհետև թոքերի բորբոքում այդքան հաճախ չի առաջացնում, որքան նախորդ շտամները: Դրա համար առողջապահական համակարգի խիստ ծանրաբեռնվածություն այս պահին չենք տեսնում, իսկ լոքդաունի անհրաժեշտությունը բխում է նրանից, որ համակարգը չի հասցնում սպասարկել»:

Համաճարակաբանը շեշտեց՝ սա կարելի է արդեն համարել կորոնավիրուսի 5-րդ ալիքը Հայաստանում, սական հավաստիացրեց, որ մեր առողջապահական համակարգն ի վիճակի է դիմակայել կորոնավիրուսի նոր ալիքի դեմ:

«Դրան նպաստում է նաև այն, որ պատվաստվածներն այսօր հոսպիտալացման խիստ անհրաժեշտություն չունենք, այսինքն պատվաստվածների մոտ վարակն ընթանում է ավելի թեթև, սա նույնպես թեթևացնում է բեռը ու կարծում եմ, որ մեծ ծանրաբեռնվածություն չենք ունենա»,- ասաց նա:

Անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում նոր սահմանափակմանը, որի համաձայն հունվարի 22-ից հանրային վայրեր մուտքն ազատ է միայն պատվաստված կամ կորոնավիրուսի բացասական թեստ ներկայացնող քաղաքացիների համար, Տեր-Ստեփանյանն ասաց. «Դա լրացուցիչ շարժառիթ է մտածել պատվաստման մասին և մարդկանց ուղորդել դեպի պատվաստում կամ թեստավորում: Սա հայտնաբերելու է ասիմպտոմ վարակակիրներին և այն մարդիկ, որոնք մտածում էին, որ կարող են խուսափել պատվաստումից այսօր ևս մեկ անգամ մտածում են պատվաստվելու մասին: Խոսքը հատկապես երիտասարդների մասին է, որովհետև նրանց ընդգրկվածությունը պատվաստումներում բավականին ցածր է»,- ասաց Տեր-Ստեփանյանը՝ հավելելով, որ որոշ երկրներ արդեն ներդրել են պարտադիր պատվաստումը, որովհետև վարակը հաղթահարելու միակ եղանակը պատվաստումն է: Խոսելով «Օմիկրոն» շտամի դեմ պատվաստանյութերի արդյունավետության մասին, համաճարակաբանն ասաց. ««Օմիկրոն» շտամը պատվաստվածների մոտ ավելի թեթև է ընթանում, քան չպատվաստվածի դեպքում, իհարկե որոշ չափով վիրուսին հաջողվում է շրջանցել առկա հակամարմինները: Սա մեզ ստիպում է մտածել, որ կորոնավիրուսը գնում է դեպի գրիպ, այսինքն ամեն տարի անհրաժեշտ կլինի պատվաստվել, կարծում եմ՝ հետագան այդպես է լինելու, ինչպես գրիպի դեպքում՝ նախասեզոնային պատվաստում ու սեզոնին հիվանդության կառավարում»:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook