Thursday, May 2, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Հայաստանում մոտ 3000 երեխա պալիատիվ օգնության կարիք ունի. մասնագետ

Հայաստանում մոտ 3000 երեխա մանկական պալիատիվ օգնության կարիք ունի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության Երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում 0-17 տարեկան բնակչության մոտ 27 տոկոսը՝ 11 միլիոն երեխա, ունի հատուկ կարիքների պահանջ, իսկ նրանց 15 տոկոսը պալիատիվ օգնության կարիք ունի: Զարգացող երկրներում այդ պահանջն ունեցող երեխաների թիվն ավելի մեծ է. տարեկան մոտ 2 մլն երեխա հատուկ կարիքների պահանջ ունի:

Մասնագետի խոսքով՝ ԱՄՆ-ում պալիատիվ օգնություն կարող է ցուցաբերվել ինչպես բժշկական հաստատություններում, այնպես էլ տնային պայմաններում: Հիվանդանոցներից շատերը ունեն պալիատիվ խնամք ապահովելու հնարավորություն:

Հայաստանում 2021-ի հոկտեմբերին Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բացվեց առաջին մանկական պալիատիվ հիվանդանոցային բաժանմունքը, որտեղ կա 5 մահճակալ: Եւս 3 մահճակալ կա Արաբկիր բժշկական համալիրում՝ այնտեղ բուժվող ծանր հիվանդություններ ունեցող երեխաների համար:

Ինչպես նշեց Ավետիսյանը, երեխաները անդադար զարգացման փուլերում են գտնվում, եւ իրենց խնամքի յուրաքանչյուր փուլ որոշակի առանձնահատկություններ ունի: Պալիատիվ խնամքի կարիք ունեցող երեխան կտրվում է դպրոցից, առօրյա միջավայրից, ընտանիքից: Եւ եթե կա երեխայակենտրոն մոտեցում, անհրաժեշտ է պալիատիվ օգնության հնարավորություն ստեղծել արտահիվանդանոցային պայմաններում, երեխային հարմար միջավայրում, ընտանիքի շրջապատում, որպեսզի երեխան իրեն ավելի լավ եւ հարմարավետ զգա:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook