Wednesday, May 1, 2024
Նորություններ

Հանելուկային հիվանդության պատճառով «մարդ ծառը» տասնյակ տարիներով մեկուսացման մեջ է ապրում

Չինաստանի Հենան նահանգից 58-ամյա Լի Կսիտիանը տառապում է հանելուկային հիվանդությամբ, որի հետեւանքով նրա մաշկը նման է ծառի կեղեւի։ Քանի որ շրջապատի մարդիկ նրանից վախենում են, նա արդեն տասնամյակներ շարունակ մեկուսացման մեջ է ապրում եւ ցերեկվա ժամերին փողոց դուրս չի գալիս։ Տեղացիները Լիին մարդ ծառ են անվանում։

Այս հիվանդության առաջացման ճշգրիտ պատճառը հայտնի չէ, սակայն ինքը Լին կարծում է, որ հիվանդությունը վարակիչ է, եւ որ ինքը դրանով վարակվել է 1950 թվականին, երբ վարսավիրը պատահաբար կտրել է նրա գլխի մաշկը։ Լիի կարծիքով՝ վերքի մեջ անհայտ բակտերիա կամ վիրուս է ընկել։ Այդ պահից ի վեր նրա մաշկը սկսել է պատվել թեփով եւ պալարներով, որոնք ծածկել են նրա ամբողջ մարմինը՝ գլխից մինչեւ ոտք։

Տեղացի բժիշկները կասկածում են, որ Լին տառապում է փսորիազի շատ ծանր ձեւով։ Փսորիազը մեծ մասամբ արտահայտվում է մաշկի վրա ոչ մեծ կարմիր բծերով, սակայն միանգամայն հնարավոր է, որ չինացու մոտ առկա է դրա ամենածանր տարատեսակը։

Եթե նրա մոտ իսկապես փսորիազ է, ապա Լիին անհնար է բուժել, չնայած գոյություն ունեն թերապիայի մեթոդներ, որոնք կարող են օգնել հիվանդի վիճակի թեթեւացմանը եւ նույնիսկ երկարատեւ ռեմիսիայի հասնել։

Լին նշել է, որ ինքը տարբեր բժիշկների է դիմել՝ բուժվելու նպատակով, սակայն առայժմ իրեն հաջողվել է հասնել հիվանդության ախտանիշների որոշ վերահսկողության։ Դրանից բացի, ոչ մի բժիշկ չի հաստատել վարսավիրանոցի միջադեպի եւ Լիի մոտ հիվանդությունը սկսվելու միջեւ կապը։

Չինացին իր գյուղում հատուկ տուն է կառուցել, որտեղ կարող է հարեւաններից թաքնվել։ Չնայած փսորիազը վարակիչ չէ, տեղացիները շատ են վախենում Լիից վարակվելուց։ Նահանգի իշխանությունները մասամբ սուբսիդավորել են Լիի ծախսերը եւ հույս ունեն, որ երբ նրա պատմությունը աշխարհին հայտնի դառնա, մասնագետներ կհայտնվեն, որոնք կկարողանան նրան օգնել։

NEWS.am Medicine

Leave a Reply

x Close

Like Us On Facebook