Tuesday, May 21, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Հիպերտոնիկ կրիզ

Հիպերտոնիկ կրիզը զարկերակային ճնշման կտրուկ բարձրացումն է, սովորական ցուցանիշներից բարձր: Օրինակ, եթե բուժառուի (պացիենտի) սովորական աշխատանքային զարկերակային ճնշումը 140/90 մ.մ. ս.ս. է, ապա հիպերտոնիկ կրիզի ժամանակ այն կարող է բարձրանալ 180 /100 մ.մ. ս.ս. և բարձր:
👩‍⚕️Ընդունարանի և անհետաձգելի բուժօգնության բաժնի բժիշկ Ռուզաննա Ալավերդյանը նշում է, որ հիպերտոնիկ կրիզի զարգացման հնարավոր պատճառներ կարող են լինել.
🔵Հակագերճնշումային թերապիայի կտրուկ դադարեցումը
🔵Քրոնիկ հիվանդությունների սրացումը
🔵Այլ պատճառներով դեղերի անվերահսկելի օգտագործումը
🔵Մթնոլորտային ճնշման տատանումները
🔵Հոգեհուզական լարվածությունը
🔵Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը
🔵Կերակրի աղի չարաշահումը
🟦 Հիպերտոնիկ կրիզն ուղեկցվում է տարբեր կլինիկական ախտանիշներով, որոնք պահանջում են անհետաձգելի բուժօգնության ցուցաբերում՝ կանխելու կամ սահմանափակելու կենսական օրգանների ախտահարումը կամ վնասումը:
🧬 Հիպերտոնիկ կրիզի ժամանակ վնասման ենթակա թիրախ օրգաններն են՝ սիրտը, գլխուղեղը, երիկամները, անոթները, տեսաղոկան օրգանը:
🔹Հիպերտոնիկ կրիզի ժամանակ թիրախ օրգանների ախտահարումը կարող է դրսևորվել տարբեր կլինիկական պատկերներով. սուր կորոնար համախտանիշով, գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարմամբ, հիպերտոնիկ էնցեֆալոպաթիայով, սուր ձախ փորոքային անբավարարությամբ, աորտայի անևրիզմայի շերտազատմամբ և այլն:
🔖Հիպերտոնիկ կրիզը կլինիկորեն դրսևորվում է կարճ ժամանակում զարկերակային ճնշման կտրուկ բարձրացմամբ, եթե բուժառուի ճնշումը բարձանում է իր համար նորմալ ցուցանիշից բարձր, օրինակ, երբ բուժառուի զարկերակային ճնշումը 140/90 մ.մ. ս.ս. է, ապա կրիզի ժամանակ ճնշումը կարող է բարձրանալ 180 /100 մ.մ. ս.ս. և բարձր:
Հիպերտոնիկ կրիզը բնութագրվում է ուղեղային, սրտային ախտանիշներով՝ գլխապտույտներ, սրտխառնոց, փսխումներ, «աչքերի առջև մթնեցում», երկտեսություն, հևոց, նաև սրտի շրջանում ցավ:
📎 Հիպերտոնիկ կրիզի ժամանակ բուժման ընթացքում չպետք է կտրուկ իջեցնել զարկերակային ճնշումը, այլ աստիճանաբար փուլային:
Պետք է իջեցնել ելքային ճնշումը 25 տոկոսով, և այնուհետև՝ աստիճանաբար:
🏥Բուժառուները հաճախ հարցնում են՝ ինչու՞:
Զարկերակային ճնշման կտրուկ իջեցումը կարող է հանգեցնել գլխուղեղի սնուցման խանգարման, թերսնուցման և հնարավոր ինսուլտի զարգացման:
Բժիշկը հորդորում է բուժառուներին կանոնավոր հետևել նշանակած հակագերճնշումային բուժման սխեմային, ինքնուրույն չդադարեցնել բուժման ընթացքը, չփոփոխել դեղամիջոցները, դեղաչափը և նշված ախտանշանների առկայության դեպքում չզբաղվել ինքնաբուժությամբ և դիմել մասնագետի:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook