Friday, May 3, 2024
Նորություններ

Ճարպակալումը բարձրացնում է քաղցկեղի, սրտամկանի և գլխուղեղի կաթվածի առաջացման ռիսկը

Տղամարդիկ, ովքեր իսկապես կարիք ունեն սննդի ու ապրելակերպի կարգավորման, ցավոք սրտի, այդ մասին տեղյակ չեն, որովհետև առաջին հայացքից, նրանք բացարձակ առողջ են և ունեն նորմալ քաշ: Այս մասին, NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց էնդոկրինոլոգ-սննդաբան Հասմիկ Աբովյանը:

Ճարպակալման հնարավոր հետեւանքները

Սննդաբանի խոսքով, հասարակության համար գիրությունը միայն արտաքին թերություն է, և շատ դեպքերում անգամ բժիշկները գիրություն ունեցող մարդկանց չեն ուղղորդում սննդաբանների մոտ՝ ապրելակերպի և սննդակարգի կարգավորման միջոցով ավելորդ քաշից ազատվելու համար: Հասմիկ Աբովյանի խոսքով, սակայն, ճարպակալումը լուրջ խնդիր է, որը կարող է հանգեցնել շաքարային դիաբետի, բարձր ճնշման, հաճախասրտության առաջացման, մի քանի անգամ բարձրացնել քաղցկեղի, ինֆարկտի, ինսուլտի առաջացման ռիսկը:

Սլացիկ կազմվածք ունեցող մարդն անգամ կարող է ճարպակալում ունենալ

Էնդոկրինոլոգ-սննդաբանի խոսքով, լինում են նաև դեպքեր, երբ առաջին հայացքից քաշի պակաս ունեցող մարդը ունենում է ճարպակալում:

«Կիլոգրամները արտահայտում են մեր օրգանիզմի նյութական զանգվածը, բայց կարևոր է, թե որ հյուսվածքներից են ձևավորվում այս կիլոգրամները: Դրանք կարող են կազմվել  մկաններից ու ոսկորներից, և կարող են ձևավորվել ճարպից: Մարդկանց մոտ զարմանք է առաջացնում այն փաստը, որ սլացիկ կազմվածք ունեցող մարդը կարող է ճարպակալում ունենալ, ինչը լուրջ ազդեցություն կարող է ունենալ նրա առողջության վրա, եթե չկարգավորվի սննդակարգի, ապրելակերպի, ֆիզիկական ակտիվության փոփոխության շնորհիվ»,-ասում է բժիշկը:

Ճարպակալումը՝ քրոնիկ, սակայն բալանսավորվող հիվանդություն

Հասմիկ Աբովյանի խոսքով, ճարպակալումից վերջնականապես ազատվել հնարավոր չէ, հնարավոր է միայն սննդակարգի և ֆիզիկական ակտիվության շնորհիվ բալանսավորել մարդու պարամետրերը: Սակայն նման ապրելակերպից շեղումը կարող է կրկին վերադարձնել խնդիրը, այդ պատճառով էլ հարկավոր է անընդհատ հետևել սննդակարգին, և ֆիզիկական ակտիվ կյանք վարել: Իսկ դիետաները, որոնք սահմանվում են քաշի արագ նվազման համար, սովորաբար հակառակ արդյունքն են տալիս, հենց որ մարդը դադարում է հետևել դրանց:

Էնդոկրինոլոգ-սննդաբանն ասում է, որ ճարպակալումը քրոնիկ, անբուժելի հիվանդություն է, սակայն դա չի նշանակում, որ մարդը դատապարտված է ճարպակալում ունենալու:

«Եթե անգամ նա ճիշտ, գրագետ, և առանց օրգանիզմին վնասելու կորցնի իր կիլոգրամները, հասնի նորմալ քաշի և գեղեցիկ արտաքինի, պետք է, ամեն դեպքում, հիշի, որ ունի քրոնիկ հիվանդություն: Եթե նա մոռանա այդ մասին, հիվանդությունը կրկին կվերադառնա: Կիլոգրամները կորցնելը շատ ջանք ու նպատակասլացություն է պահանջում, սակայն դրանք վերադարձնելը ոչինչ չի պահանջում, միայն թուլանալ և հաճույք ստանալ կյանքից»,-պարզաբանում է բժիշկը:

Հասմիկ Աբովյանի խոսքով, դիետա բառը փոխել է իր նախնական իմաստը, այդ պատճառով էլ ավելի նախընտրելի է օգտագործել առողջ ապրելակերպ արտահայտությունը: Նա ասում է, որ առողջ սննդակարգի սահմանման դեպքում էլ անչափ կարևոր է  այն, թե ինչ տրամադրվածություն ունի մարդը: Եթե իրեն զրկանքների ենթարկելով է հրաժարվում որոշ ուտեստներից, ապա դրական արդյունք չի կարող լինել:

Դիմե՞լ բժշկի, թե՞ ոչ

Սննդաբանը ճարպակալման դեպքում բժշկին դիմելու կամ չդիմելու որոշումը թողնում է մարդկանց ընտրությանը, և շեշտում, որ եթե մարդը կարող է ինքնուրույն պայքարել հիվանդության դեմ, մշտապես հետևել սննդակարգին, ակտիվ կյանք վարել, ապա կարող է անգամ միայնակ զբաղվել խնդրի լուծմամբ: Նրա խոսքով, սակայն, երբ հարցը վերաբերում է երեխաներին, ապա միանշանակ հարկավոր է դիմել բժշկի, որովհետև նման պարագայում երեխային հատուկ վերաբերմունք է հարկավոր, առողջ սննդակարգ, և ծնողների կողմից ցուցաբերված  հոգեբանական աջակցություն:

x Close

Like Us On Facebook