Monday, May 6, 2024
ՀիվանդություններՆորություններ

Նյարդաբորբ

Նյարդաբորբ կամ նևրիտ, ծայրամասային նյարդային համակարգի բորբոքային հիվանդություն։

Պատճառներն են վնասվածքները, թունավորումները, վարակիչ հիվանդությունները, նյութափոխանակության խանգարումները, նյարդի արյունամատակարարման անբավարարությունը և այլն։

Neural_signaling-human_brain (1)Նյարդաբորբը ընթանում է ցավերով, ընդհանուր թուլությամբ, ախտահարված նյարդով նյարդավորվող մկանի ծավալի փոքրացմամբ (ապաճում), զգացողության և շարժողության խանգարմամբ։ Կարող են ախտահարվել գանգուղեղային (տեսողական, լսողական, ակնաշարժ, դիմային և այլն) և ողնուղեղային (արմնկային, միջնական, ճաճանչային, ազդրային, նստանյարդի) նյարդերը։ Դիմային նյարդի բորբոքումը սովորաբար կապված է մրսածության, միջին ականջի բորբոքման հետ։ Այդպիսի դեպքերում, որպես կանոն, առաջանում է դեմքի կեսի մկանների լուծանք, դեմքի համապատասխան կողմում ճակատի մաշկը ծալքերի չի հավաքվում, աչքը չի փակվում, բերանի անկյունն իջած է, հիվանդը չի կարողանում ատամները ցույց տալ, հոնքերը կիտել, այտերն ուռեցնել։ Հեղուկ սնունդը հոսում է բերանի անկյունից (ախտահարված կողմում)։ Հաճախ առաջանում են հարականջային շրջանի ցավեր։ Լսող, նյարդի բորբոքումը նկատվում է նյութափոխանակության խանգարումնրի, նյարդի արյունամատակարարման անբավարարության ժամանակ։

Ախտանիշներ

Բնորոշ ախտանշաններն են՝ ականջներում աղմուկի զգացումը, գլխապտույտը և լսողության հարաճուն թուլացումը։

Արմնկային, ճաճանչային և միջնական նյարդերի բորբոքումներն առաջանում են ուսահոդի և արմնկահոդի վնասվածքների, նախաբազկի կոտրվածքների ու վնասվածքների, օրգանիզմի թունավորումների (հատկապես՝ ալկոհոլային) ժամանակ։ Նման դեպքերում առավել բնորոշ են մատների, դաստակի շարժողության խանգարումները, բազկի, նախաբազկի, դաստակի շրջանում զգացողության իջեցումը և ցավերը, ձեռքի մկանների ապաճումը։ Իրանի նյարդերի բորբոքումները լինում են հազվադեպ։

Ազդրային նյարդի և նստանյարդի բորբոքումները հաճախ առաջանում են ողնաշարի հիվանդությունների, ինչպես նան մրսածության ժամանակ, ուղեկցվում են ոտքի ցավերով, մաշկի զգացողության նվազմամբ, ազդրի և սրունքի մկանների ապաճումով և մկանային ուժի թուլացմամբ։

Բուժում

Բուժումն իրականացվում է բժշկի նշանակմամբ և հսկողությամբ։ Օգտագործվում են ցավերը հանգստացնող և ախտահարված նյարդի ֆունկցիան վերականգնող միջոցներ։

Բուժումը հարկավոր է սկսել որքան հնարավոր է վաղ։ Լայնորեն կիրառվում են բուժում, մարմնամարզությունը, ֆիզիոթերապևտիկ բուժարարողությունները։ Կանխարգելումը պայմանավորված է վնասվածքների, մրսածության բացառումով, վարակիչ հիվանդությունների բուժմամբ։

 

Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից

Leave a Reply

x Close

Like Us On Facebook