Thursday, May 2, 2024
Նորություններ

Ուռուցքաբանության ազգային կենտրոնն ընդլայնում է իր գործընկերային հարաբերությունները

ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանի գլխավորած պատվիրակությունը ս.թ. նոյեմբերի 24-ից 28-ը գտնվում էր Փարիզում:
Այցի շրջանակում ս.թ. նոյեմբերի 26-ին տեղի է ունեցել փոխըմբռման հուշագրի ստորագրում Գյուստավ Ռուսի ուռուցքաբանական կենտրոնի (Gustave Roussy) (ի դեմս տնօրեն, պրոֆեսոր Ֆաբրիս Բարլեզիի) և ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի (ի դեմս տնօրեն Նարեկ Մանուկյանի) միջև, որն ամուր հիմք է ապահովում երկու ուռուցքաբանական հաստատությունների սերտ համագործակցության համար` որպես քույր կառույցների:
Գյուստավ Ռուսի ուռուցքաբանական կենտրոնը, որը միաժամանակ համալսարանական հիվանդանոց է, քաղցկեղի հետազոտման և այդ հիվանդության դեմ պայքարի առաջատար կենտրոնն է Եվրոպայում: 2020թ. Վարկանիշային տվյալների համաձայն այն ընդգրկվել է աշխարհում ուռուցքաբանական կենտրոնների առաջատար հնգյակում։
Հուշագիրը նախատեսում է հայ բժիշկների կարճաժամկետ և միջնաժամկետ վերապատրաստում և փորձի փոխանակում Ֆրանսիայում, բարձր որակավորում ունեցող ֆրանսիացի մասնագետների պարբերական այցելություններ ՈւԱԿ, հազվադեպ հանդիպող ուռուցքների և բարդ դեքպերի համատեղ բուժում և վարում՝ պայմանավորված Հայաստանում համապատասխան ենթակառուցվածքների բացակայությամբ, ինչպես նաև փոխշահավետ գործընկերություն այլ ուղղություններով և ձևաչափերով: Արժևորելով ֆրանսիական գերազանցությունը քաղցկեղի դեմ պայքարի ոլորտում՝ ՈւԱԿ-ի որոշ ծառայություններ կվերագործարկվեն ֆրանսիական մոդելով։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook