Monday, April 6, 2026
ՀիվանդություններՆորություններ

Պոլիկլինիկաներում դիմելիությունն աճել է մինչև 40 տոկոս. ինչ է փոխել համընդհանուր ապահովագրությունը

Առողջապահական առաջնային օղակը և ընտանեկան բժիշկները շարունակում են մնալ առողջապահական համակարգի հիմնասյուներից մեկը, հատկապես, երբ համակարգում ներդրվում են նոր գործիքներ և ընդլայնվում են ծառայությունների հասանելիության հնարավորությունները։ Այս համատեքստում առավել ակնառու է դառնում առաջնային օղակի դերը՝ թե՛ հիվանդությունների կանխարգելման, թե՛ վաղ ախտորոշման և բուժման գործընթացում։

«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» փոդքաստի շրջանակում «Հերացի» պոլիկլինիկայի բաժնի վարիչ, ընտանեկան բժիշկ Անահիտ Խոցանյանի հետ զրուցել ենք, թե ինչպե՞ս է փոխվել համակարգը, ի՞նչ ծանրաբեռնվածությամբ են աշխատում ընտանեկան բժիշկները և ի՞նչ պետք է իմանան քաղաքացիները իրենց առողջության պահպանման համար։

Խոսելով առողջության առաջնային պահպանման օղակի մասին՝ նա շեշտեց, որ առողջության առաջնային պահպանման օղակը առողջապահական համակարգի կարևորագույն բաղադրիչներից է։ Նրա խոսքով՝ այս օղակը իրականացնում է մի շարք հիմնարար գործառույթներ, որոնցից ամենակարևորը կանխարգելումն է։ «Կանխարգելումը ներառում է առողջ ապրելակերպի, ֆիզիկական ակտիվության, առողջ սննդի և հիգիենայի վերաբերյալ իրազեկման աշխատանքներ բնակչության շրջանում»,-նշեց նա։

Վարակիչ հիվանդությունների կանխարգելման համատեքստում բժիշկը հավելեց, որ  պատվաստումները իրականացվում են ըստ ազգային օրացույցի, և դա կարևոր գործիք է հիվանդությունների տարածումը կանխելու համար։ Նա անդրադարձավ նաև սքրինինգային ծրագրերին՝ նշելով, որ դրանք հնարավորություն են տալիս մեծաթիվ մարդկանց շրջանում վաղ փուլում հայտնաբերել հիվանդությունները կամ ռիսկային խմբերին:

«Կարևոր է նաև քրոնիկական հիվանդությունների կառավարումը: Դա ներառում է ինչպես հետազոտությունների լայն շրջանակ, այնպես էլ դեղորայքային բուժում և դեղերի տրամադրում»,-ասաց նա։

Անդրադառնալով ընտանեկան բժիշկների աշխատանքի ծանրաբեռնվածությանը՝ Անահիտ Խոցանյանը նշեց, որ այն զգալիորեն աճել է վերջին շրջանում․ «Համընդհանուր ապահովագրության ներդրումից հետո դիմելիությունը պոլիկլինիկաներ աճել է մոտ 30-40 տոկոսով»,- ասաց մասնագետը:

Համընդհանուր ապահովագրության ազդեցության մասին խոսելիս՝ բժշկուհին  ընդգծեց, որ հանրության մի մեծ զանգված այժմ հնարավորություն ունի անվճար հետազոտվելու և դեղորայք ստանալու։

«Հատկապես ակտիվացել են այն մարդիկ, որոնք նախկինում չեն կարողացել օգտվել որոշ ծառայություններից՝ դժվարամատչելի հետազոտություններից, օրինակ՝ համակարգչային շերտագրումից կամ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայից»,- մանրամասնեց մասնագետը։

Դժվարությունների վերաբերյալ բժիշկը նշում է, որ դրանք համակարգային փոփոխությունների բնական մասն են․ «Ես դա որպես դժվարություն չէի գնահատի, սա մեր աշխատանքի մի մասն է: Իսկ ապահովագրության շրջանակում բուժառուն նախ դիմում է իր ընտանեկան բժշկին, ով զննում է նրան և անհրաժեշտության դեպքում ուղեգրում նեղ մասնագետի մոտ։ Այնուհետև, ըստ անհրաժեշտության, նշանակվում են հետազոտություններ և կազմակերպվում է հետագա բուժումը»:  

Սեզոնային շնչառական վարակների վերաբերյալ բժիշկը նշեց, որ վերջին շաբաթներին նկատվում է սուր շնչառական հիվանդությունների դեպքերի աճ թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների շրջանում: Նա խորհուրդ  տվեց ուշադիր լինել ախտանշաններին:

«Բարձր ջերմության, թուլության և հազի դեպքում պետք է դիմել բժշկի՝ բարդություններից խուսափելու համար: Միաժամանակ  շատ կարևոր է նաև  պատվաստումը: Խորհուրդ եմ տալիս աշնան սկզբին պատվաստվել սեզոնային գրիպի դեմ»,- ասաց նա: 

Ընտանեկան բժիշկը ևս մեկ անգամ շեշտեց պարբերական ստուգումների կարևորությունը՝ նշելով, որ յուրաքանչյուր մարդ պետք է տարեկան առնվազն մեկ անգամ այցելի պոլիկլինիկա։ Նրա խոսքով՝ դա հնարավորություն է տալիս ժամանակին հայտնաբերել հիվանդությունները և կանխել բարդությունները։

x Close

Like Us On Facebook