Monday, May 6, 2024
ՆորություններՏուրիստական նորություններ

Սյունիքի մարզը Հայաստանի լավագույն զբոսաշրջային վայրերից է. ՀՀ Զբոսաշրջության կոմիտե

Սյունիքի մարզը Հայաստանի լավագույն զբոսաշրջային վայրերից է, քանի որ հարուստ է անտառներով, լեռներով, պատմամշակութային արժեքներով, բնության հուշարձաններով և իհարկե բուժիչ ջրաղբյուրներով։ Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների զգալի մասը գտնվում է հենց այս մարզում։

Սյունիքի մարզի գլխավոր զբոսաշրջային գրավչություններից են Տաթևի վանական համալիրը, Քարահունջի աստղադիտարանը և Հայաստանի ամենաերկար ճոպանուղին։ Տաթևի վանքը միջնադարյան ճարտարապետության ակնառու հուշարձան է, որն ընդգրկում է Գրիգոր Լուսավորչի, Պողոս-Պետրոս եկեղեցիները, Սուրբ Աստվածածին եկեղեցին (գմբեթային սրահի տեսքով, 11-րդ դ.), ամենաուշագրավ հուշարձանը՝ ճոճվող սյունը (904թ.)։

🏔️Մարզում են գտնվում ՀՀ երկրորդ լեռնագագաթը` Կապուտջուղը (3904մ), Խուստուփ լեռը (3214մ), Բարգուշատի լեռնաշղթայի գեղատեսիլ բարձունքները` Աճանան (Տափասար) լեռը (2393մ), Կատարը (3012մ) և այլն։

🌁 Խնձորեսկի ճոճվող կամուրջը մարզի ամենագեղեցիկ վայրերից է:

Կամուրջը միմյանց հետ կապում է հին Խնձորեսկի երկու «ափերը»` Հին և Նոր Խնձորեսկները, որտեղից երևում են Խնձորեսկի չորս եկեղեցիները և «Ինը մանուկի» աղբյուրը։

Կամրջից բացվում է տեսարան դեպի ձորը, որտեղ գտնվում է Անապատ եկեղեցին: Կամրջի մյուս ծայրում քարանձավային քաղաքն է՝ իր բազմաթիվ տուն-քարանձավներով ու «առանձնատներով»:

Սյունիքն առատ է նաև ստորերկրյա քաղցրահամ, հանքային թերմալ ջրերով, որոնցից են Սիսիան-Ուռուտյան, Լիճք-Տաշտունյան, Քարաշեն-Խոզնավարյան հանքային աղբյուրները, “Քաջարան” թերմալ ջուրը։ Սյունիքի առանձնահատկություներից է շնորհալի վարպետների պատրաստած հուշանվերների շուկայի առկայությունը, սյունեցու կերպարը. խառնվածքը, հյուրասիրությունը։

🖇️Սիսիանի պանիրը, Քարահունջի թթի օղին, Կապանի “ժինգյալով հացը”, Մեղրու նուռն ու թուզը մարզի համեղ այցեքարտերն են։

Նկարները` Հայկ Բարսեղյանի

Leave a Reply

x Close

Like Us On Facebook