6 ախտանշան, որոնք վկայում են արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակի մասին
Արյան մեջ խոլեստերինի մակարդակը վերահսկողության տակ պահելը շատ կարևոր է, քանի որ դա թույլ կտա որոշել սրտանոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը: Մարդը կարող է ինքնազգացողության հետ կապված որևէ խնդիր չունենալ, սակայն անգամ չիմանալ, որ արդեն տարիներ շարունակ իր օրգանիզմում բարձր է խոլեստերինի մակարդակը, ինչը զգալիորեն բարձրացնում է նաև սրտի հիվանդությունների առաջացման հավանականությունը:
Այնուամենայնիվ՝ կան որոշակի ախտանշաններ, որոնք վկայում են արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակի մասին: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ ախտանշաններից մի քանիսը: Սակայն հարկ է հիշել, որ այդ ախտանշաններից որոշները կարող են պայմանավորված լինել նաև առողջական այլ խնդիրներով, ուստի ոչ մի դեպքում չի կարելի զբաղվել ինքնաբուժությամբ:
Դեղին նորագոյացություններ կոպերի վրա
Այս նորագոյացությունները չեն առաջացնում տհաճ կամ ցավոտ զգացողություններ և չեն ազդում տեսողության վրա, սակայն դրանք վկայում են արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակի մասին: Դրանցից կարելի է ազատվել թթուների և լազերային ճառագայթի միջոցով, սակայն մեկընդմիշտ ազատվելու համար հարկավոր է կարգավորել օրգանիզմում խոլեստերինի մակարդակը:
Մոխրագույն շրջանակ եղջերաթաղանթի շուրջը
Սա շատ տարածված երևույթ է տարեցների շրջանում, իսկ 45 տարեկանից ցածր մարդկանց մոտ այն կարող է վկայել խոլեստերինի բարձր մակարդակի մասին: Փաստացի՝ այդ շրջանակը բաղկացած է աչքի եղջերաթաղանթի խորը շերտերում կուտակված խոլեստերինից:
Ձեռքերի ու ոտքերի ծակծկոց
Խոլեստերինի բարձր մակարդակի հետևանքով կարող են աղտոտվել արյունատար անոթները, ինչը խիստ վտանգավոր է առողջության համար: Եթե խոլեստերինը խցանում է անոթը, ապա վերջույթներում եղած նյարդերը չեն ստանում բավարար քանակությամբ թթվածին, ինչի հետևանքով էլ նկատվում է ծակծկոց ձեռքերում ու ոտքերում:
Պարանոցի ու ծոծրակի ցավ
Քանի որ խոլեստերինը կարող է խցանել արյունատար անոթներ, մեծ է հավանականությունը, որ կխանգարվի նաև գլխի արյան շրջանառությունը: Սա կարող է դառնալ գլխացավերի, ուսերի ցավի, ինչպես նաև գլխապտույտների առաջացման պատճառ:
Կտրուկ կամ արագ սրտի զարկեր
Սրտի զարկերի արագացումը կարող է պայմանավորված լինել ֆիզիկական ակտիվությամբ, սթրեսով, անհանգստությամբ կամ որոշ դեղամիջոցների ընդունմամբ, սակայն սա կարող է վկայել նաև սրտանոթային համակարգի հետ կապված խնդիրների մասին, որոնց շարքին է դասվում նաև խոլեստերինի բարձր մակարդակը:
Անառողջ սննդակարգ ու սխալ կենսակերպ
Եթե մարդն օգտագործում է մեծ քանակությամբ ճարպոտ սննդամթերք, խուսափում է մանրաթելերով հարուստ մրգերից ու բանջարեղենից, չարաշահում է ծխախոտն ու ալկոհոլը, չի մարզվում և տառապում է ավելորդ քաշից, ապա մեծ է հավանականությունը, որ նրա արյան մեջ բարձր է խոլեստերինի մակարդակը: Նման խնդրից խուսափելու համար հարկավոր է կարգավորել սննդակարգն ու վարել ճիշտ կենսակերպ: